Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի արձագանքը՝ Եվրոպական Խորհրդարանում անցկացվող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ ադրբեջանական պատվիրակությանը․
«Երբ լսում եմ Ադրբեջանի հայտարարությունները, մտքումս հայտնվում է մեծագույն ստրատեգ Կարլ ֆոն Կլաուզեւիցի խոսքերը. «Նվաճողը միշտ խաղաղասեր է. նա կգերադասեր տիրանալ մեր երկրին առանց հակադրվելու»: Ադրբեջանի համար խաղաղության այլ տարբերակ ընդունելի չէ, քան Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ամբողջական կապիտուլյացիան։ Դուք ինքներդ դատեք։ Ադրբեջանը խոսում է խաղաղության մասին, բայց ձեռնարկել է չհրահրված ագրեսիա Լեռնային Ղարաբաղի դեմ, այնտեղ էթնիկ զտումներ ու ցեղասպանություն է իրականացրել։ Այսօր՝ Ղարաբաղում ոչ մի հայ չկա. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարության անդամները, այդ թվում՝ երեք նախկին նախագահները, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի նախագահը առեւանգվել են ու գտնվում են Ադրբեջանի բանտում։
Հենց այս պահին, երբ ես պատիվ ունեմ դիմելու այս հարգարժան լսարանին, ադրբեջանական զորքերը գտնվում են միջազգայնորեն ճանաչված Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում։ Հայաստանի տարածքի մոտ 250 քկմ-ը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո։ Ադրբեջանական կրակից խաղաղ բնակիչներ ու զինծառայողներ են զոհվում։ Սահմանամերձ գոտում մարդկանց կյանքը վերածվել է մղձավանջի։ Ադրբեջանը հայտարարում է, որ տարածքային պահանջներ չունի Հայաստանից, բայց դուրս չի բերում իր ուժերը իմ երկրից։ Ճիշտ հակառակը՝ նրանք ավելի շատ պահանջներ ունեն Հայաստանից։ Հայաստանին նույնիսկ «Արեւմտյան Ադրբեջան» են անվանում։ Ադրբեջանը վկայակոչում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որը պահանջում է միջանցք Հայաստանով, սակայն նրանք մոռանում են, որ Ադրբեջանն ու Թուրքիան ավելի քան 30 տարի լիակատար շրջափակման մեջ են պահում Հայաստանը։ Նոր ճանապարհներ խնդրելուց առաջ պետք է բացեն ճանապարհները։ Ադրբեջանի նոր տարածքների ծարավը չի հագենում 250 քկմ-ով։ Նրանք նոր տարածքային պահանջներ ունեն Հայաստանի նկատմամբ՝ Ալմաթիի հռչակագրի շատ ընտրովի մեկնաբանության պատճառով։
Հայաստանը հայտնվել է Ադրբեջանի նոր ագրեսիայի սպառնալիքի տակ։ Հայաստանի հետ սահմանին կուտակված զորքը, թուրքական զինված ուժերի հետ հաճախակի զորավարժությունները եւ թշնամական հռետորաբանությունն իմ խոսքերի ապացույցն են։
Ադրբեջանի ախորժակը մեղմելու եւ Հայաստանի դեմ նոր ագրեսիան կասեցնելու համար Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը պետք է հստակ ընդգծի, որ չի հանդուրժի Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը։ Ադրբեջանը պետքո է դուրս բերի իր ուժերը Հայաստանից, վերացնի Հայաստանի շրջափակումը, ազատ արձակի բոլոր գերիներին ու պատանդներին եւ վերադառնա Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակի շուրջ քաղաքական բանակցություններին։ Եվրանեսթը պետք է շատ հստակ լինի այս հարցում եւ անհրաժեշտության դեպքում նույնիսկ քննարկի Եվրանեսթից Ադրբեջանի անդամակցությունը կասեցնելու հարցը»։