կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-05 13:09
Քաղաքական

Արցախում երկու կողմերն էլ խնդիրների լուծմանը հնարավորինս անցնցում են փորձում հասնել. Արթուր Եղիազարյան

Արցախում երկու կողմերն էլ խնդիրների լուծմանը հնարավորինս անցնցում են փորձում հասնել. Արթուր Եղիազարյան

Եթե խորքային պատճառներ չլինեին, չէր կարող մեկ դեպքը նման ցնցում առաջացնել ու ժողովուրդ ոտքի հանել. լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց ՀՅԴ ԳՄ անդամ, ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը՝ խոսելով Ստեփանակերտում վերջին օրերին տեղի ունեցող բողոքի ակցիայի և դրա պատճառների մասին:

Եղիազարյանը նշեց, որ հունիսի 1-ին Արցախում, կարելի է ասել, կենցաղային հողի վրա ընդհարում տեղի ունեցավ քաղաքացիական անձանց և ԱԱԾ աշխատակցի միջև, որը, ճիշտ է, լոկալ խնդիր էր, բայց կարճ ժամանակում վերածվեց բողոքի շարժման: Նրա խոսքով՝ հիմնականում շարժառիթն այն էր, որ փորձել են օգտագործել պաշտոնական դիրքը, ինչն էլ բողոքի ալիք բարձրացրեց Արցախում: «Դրան հետևեց միտինգավորների պահանջը, որպեսզի հեռացվեն ԱԱԾ պետի տեղակալը և ոստիկանապետը, բայց բողոքի մեջ ժողովուրդը սկսեց արտահայտել ընդհանուր` Արցախում արդարության հաստատման խնդիրներ: Սա բնական է, քանի որ բացառվում էր, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններն իրենց ազդեցությունը չունենային Արցախում: Մարդիկ տեսնում են՝ ինչպես այստեղ հաջողվեց որոշակի իշխանափոխություն, և նույն խնդիրները բարձրացվեցին այնտեղ»,- ասաց Եղիազարյանը:

Ըստ նրա՝ չի կարելի ասել, որ Արցախում տեղի ունեցող բողոքի ակցիաներն ուղղորդված էին այստեղից, քանի որ, ամբողջ գործընթացին հետևելով, երևում էր, որ տեղային բնույթի շարժում էր, որն ուղղակի կրում էր այստեղի փոփոխությունների շունչը: Եղիազարյանի գնահատմամբ՝ Արցախում իրավիճակը մի փոքր տարբեր էր հայաստանյան իրականությունից, այստեղ տեղի ունեցած գործընթացներից, քանի որ այնտեղ խնդիր չէր դրվել ամբողջական իշխանափոխության: «Մարդիկ կոնկրետ` արդարության վերականգնման հետ կապված էին բողոք բարձրացրել, որին էլ շատ արագ՝ մեկ-երկու օրվա մեջ արձագանքեցին Արցախի իշխանությունները: Հանդիպումներ տեղի ունեցան Արցախի պետական նախարար Արայիկ Հարությունյանի հետ, ով միտինգավորների մոտ ելույթ ունեցավ ԱՀ նախագահի անունից և ասաց, որ լուրջ փոփոխություններ տեղի կունենան Արցախում բարձրացված խնդիրների շուրջ, ինչպես նաև այս միջադեպի հետ կապված, և եթե արդյունքը ժողովրդին չգոհացնի, անգամ պատրաստ է հրաժարական տալ: Այսինքն՝ նման աստիճանի պատրաստակամություն դրսևորեցին Արցախի իշխանությունները: Բացի այդ՝ քննարկումներ եղան Արցախի ԱԺ-ում, որտեղ հիմնականում այն մթնոլորտն էր, որ ժամանակին մշտապես կոսմետիկ փոփոխությունները պատճառ են եղել, որ հանգեցրել են այս դժգոհության ալիքին, և պետք է համակարգված մոտեցում ցուցաբերել փոփոխությունների նկատմամբ»,- ասաց Եղիազարյանը:

Նրա խոսքով՝ ուշագրավ էր այն հանգամանքը, որ Արցախում ցույցերի ժամանակ բանակի հետ կապված խնդիր չկար, ինչը շատ կարևոր է: Այսինքն, ըստ Եղիազարյանի, այս դժգոհությունը ոչ մի առիթ չունի բանակի հետ, և Արցախի ԶՈՒ-ն ոչ մի քայլ չի արել` միջամտելու, այլ իր իրավասությունների շրջանակում ծառայություններ է իրականացրել պաշտպանական դիրքերում:

Եղիազարյանը հիշեցրեց նաև, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ կոչով դիմեց ցուցարարներին՝ Արցախի իշխանություններին ժամանակ տալ` խոստացած փոփոխություններով զբաղվելու, խնդիրները լուծելու համար: «Փաշինյանը խնդրեց առժամանակ դադարեցնել բողոքի ցույցերը, որը միտինգավորների կողմից հարգվեց: Կարևոր էր նաև այն հանգամանքը, որ միտինգավորները հատուկ շեշտեցին, որ իրենք հասկանում են Արցախում ցնցումների հետևանքները և ոչ մի քայլ չեն անի իրենց գործողություններով Արցախի անվտանգությունը վտանգելու ուղղությամբ: Սա կարևոր քայլ էր և՛ իշխանությունների, և՛ միտինգավորների կողմից. երկու կողմն էլ հասկանում են տարածքում խնդրի լրջությունը, հնարավորինս անցնցում փորձում հասնել խնդիրների լուծմանը»,- ասաց նա:

Եղիազարյանի խոսքով՝ Արցախում մինչ այժմ ժողովրդավարական գործընթացը հիմնականում պայմանավորված էր վերևից՝ իշխանության կողմից, նաև միջազգային հարթակում տեսանելի լինելու համար, սակայն Արայիկ Հարությունյանի ելույթից տեսնում ենք, որ իշխանությունները նույնպես ողջունում են այս քայլը և ընդունում ժողովրդի բարձրացրած խնդիրները: Սա, ՀՅԴ ԳՄ անդամի համոզմամբ, նոր իրավիճակ է, երբ ժողովրդավարությունը նաև ներքևից է պարտադրվում իշխանություններին: «Շատ կարևոր է, որ հատկապես ռազմագոտու մոտ, սահմանամերձ համայնքներում ապրող մարդիկ շատ ավելի արժանապատիվ կյանքով ապրեն, ու դրանով տեղի չունենա նաև սահմանամերձ հատվածների բնակչության նոսրացում»,- ասաց նա:

Հարցին, թե խնդիրների լուծման այս ձևն Արցախի համար ընդունելի՞ է, Եղիազարյանը պատասխանեց, որ նախընտրելի է դրան չհասնել, քանի որ ցանկացած խնդիր կարող է ցնցումների բերել: «Եթե հանկարծ կողմերից մեկի մոտ էլ ողջախոհությունն այդ իրադարձությունների ժամանակ պակասի, դա կարող է ծանր հետևանքների հանգեցնել: Կարևոր է, որ ցանկացած խնդրի ողջախոհությամբ մոտենան: Հայաստանում էլ, անգամ` բուռն փոփոխությունների շրջանում, պետական ապարատը, համակարգը լուրջ ցնցումների չենթարկվեցին, ինչը նշանակում է, որ լուրջ ու կայացած պետական համակարգ գոյություն ունի, որը նման խնդիրների ժամանակ կարողանում է իրեն պահել: Նույնը պետք է և Արցախում լինի, պետք է հասնել նման ստրուկտուրաների ստեղծմանը, որպեսզի անձերի փոփոխություններից համակարգերը ցնցումների չենթարկվեն»,- ասաց նա:

Եղիազարյանը նշեց նաև, որ Արցախում ցույցերի օրերին արցախա-ադրբեջանական սահմանին լուրջ տեղաշարժեր չեղան և հակառակորդը առիթից չօգտվեց: Պատճառը, ըստ նրա, այն է, որ հակառակորդն էլ տեսնում էր՝ իրավիճակն այնպիսին չէ, որ կարող են օգտագործել, բացի այդ՝ տեսան նաև, որ բանակը չի մասնակցում այդ ամենին և իր գործն անում է: