Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փաստաբանների պալատի խորհուրդը հայտարարություն է տարածել Ազգային ժողովի կողմից Սահմանադրության փոփոխության նախագծի վերաբերյալ, որում ասվում է.
«Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի (այսուհետ` Պալատ) խորհուրդը, ի դեմս Պալատի խորհրդի նախագահ Արա Զոհրաբյանի, խորհրդի անդամներ՝ Կարապետ Աղաջանյանի, Հրանտ Անանյանի, Մելանյա Առուստամյանի, Սեդրակ Ասատրյանի, Սիմոն Բաբայանի, Հարություն Հարությունյանի, Նելլի Հարությունյանի, Արայիկ Ղազարյանի, Կարեն Մեժլումյանի և Կարեն Սարդարյանի,
2020 թվականի փետրվարի 6-ին ուսումնասիրելով մի խումբ պատգամավորների կողմից ներկայացրած «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» վերնագրով նախագիծը (այսուհետ՝ Սահմանադրության փոփոխություն), ինչպես նաև ԱԺ արտահերթ նիստի օրակարգ մտած «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ նախագծերի փաթեթ), պարզել է`
Սահմանադրության փոփոխությամբ նախատեսվում է սահմանել, որ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է:
Այդ կապակցությամբ ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը հայտնում է հետևյալը՝
Իրավական պետության կայացման գործում իր առանցքային նշանակությունն ունի իրավունքի գերակայության ու իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքը, որոնք իրենց ամրագրումն են ստացել Սահմանադրության 1-ին և 4-րդ հոդվածներում: Իշխանության ճյուղերի հավասարակշռումը բացառապես իրականացվում է Սահմանադրությամբ ուղղակիորեն նախատեսված դեպքերում, ընթացակարգերով և կառուցակարգերով, և որևէ այլ եղանակով այլ ճյուղի գործունեությանը միջամտելը հակասահմանադրական է և ապօրինի:
ԱԺ մի շարք պատգամավորների կողմից Սահմանադրության փոփոխությունների նախաձեռնումը, որով նախատեսվում է օրենսդիր իշխանության կողմից դատական (սահմանադրական արդարադատություն իրականացնող) իշխանության ներկայացուցիչների լիազորությունների դադարեցումը ոչ այլ ինչ է, քան Սահմանադրության 4-րդ հոդվածի խախտման փորձ:
Բացի այդ, Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունների այսկերպ դադարեցումը կարող է կաթվածահար անել սահմանադրական արդարադատության իրականացմանը:
Ավելին, Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունների դադարեցումն ուղղակիորեն հակասում է նաև Սահմանադրության 164-րդ հոդվածի 8-րդ և 9-րդ մասերին, որոնք սպառիչ թվարկում են դատավորների լիազորությունների դադարման և դադարեցման հիմքերը, որոնց շարքում չի նախատեսվում ԱԺ-ի կողմից օրենք ընդունելով լիազորությունների դադարեցման հնարավորությունը:
Նման փոփոխության կյանքի կոչումն ինքնին կարող է խաթարել Հայաստանի Հանրապետության իրավական անվտանգությունը և կարող է ոչ միայն հանգեցնել իրավական փակուղու, այլ նաև խրթին իրավական վեճ առաջացնել սահմանադրական մարմինների միջև, մի պարզ պատճառով, որ Սահմանադրության 213-րդ հոդվածը փոփոխելով, միևնույն է Սահմանադրական դատարանի դատավորների (նախկին անդամների) լիազորությունը չի դադարում նախ, քանի որ 213-րդ հոդվածն արդեն իրեն սպառել է կատարմամբ (անդամները շարունակում են պաշտոնավարել իրենց նախկին պաշտոնավարման ողջ ժամկետում), ինչպես նաև քանի որ Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունների՝ ԱԺ կողմից դադարեցման լիազորություն Սահմանադրությամբ նախատեսված չէ, և չի էլ կարող նախատեսվել, քանի որ այն ուղղակիորեն կհակասի Սահմանադրության 4-րդ հոդվածով նախատեսված իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքին:
Նման իրավական վեճի միակ լուծողը համաձայն Սահմանադրության, հանդիսանում է Սահմանադրական դատարանը, և կրկին առաջանալու է վեճ, թե արդյո՞ք որ կազմով պետք է Սահմանադրական դատարանը որոշում ընդունի նշված հարցի առնչությամբ:
Այս նախաձեռնության հաջողումը (նախագծերի ընդունումը) կասկածի տակ կարող է դնել Հայաստանի Հանրապետությունում դատական իշխանության անկախությունը, քանի որ Սահմանադրության մեկ այլ անցումային դրույթ նախատեսող 215-րդ հոդվածով նախատեսված է մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված ընդհանուր իրավասության դատարանների բոլոր դատավորների պաշտոնավարման շարունակականությունը, որը ոչ մի կերպ ապահովագրված չէ ԱԺ կողմից հետագայում փոփոխության ենթարկելուց:
Սահմանադրության այս փոփոխությունն ինքնին խնդրահարույց է նաև այն պատճառով, որ փոփոխություն է նախատեսված Սահմանադրության անցումային դրույթ հանդիսացող հոդվածում, որն իր առաքելությունն արդեն իսկ կատարել է և իրեն ամբողջությամբ սպառել է, և դրա փոփոխությունն ինքնին որևէ հետևանք չի կարող առաջացնել: Ի հավելումն նշվածի, զուտ տեխնիկական առումով Սահմանադրության 213-րդ հոդվածի փոփոխությունը բովանդակային առումով Սահմանադրության 7-րդ գլխի փոփոխություն է հանդիսանում, ինչը Սահմանադրության 202-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, կարող է կատարվել միայն հանրաքվեի միջոցով:
Ինչ վերաբերում է նախագծերի փաթեթին, որով նախատեսվում է սահմանադրական փոփոխություններ իրականացնել՝ շրջանցելով Սահմանադրական դատարանին, ապա նախագծերի այս փաթեթը հակասում է Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետին և 169-րդ հոդվածի 2-րդ մասին: Այս նորմերով նախատեսվում է, որ Սահմանադրական դատարանը Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով՝ մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաև հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը որոշում է դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը: Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում Սահմանադրական դատարան դիմում է Ազգային ժողովը` Սահմանադրության փոփոխությանը, վերպետական միջազգային կազմակերպություններին անդամակցությանը կամ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերով:
Նշված դրույթների իրավական վերլուծությունը ցույց է տալիս, որ ԱԺ-ն ոչ մի կերպ չի կարող ունենալ հայեցողական լիազորություն Սահմանադրական դատարան դիմելու հարցում, իսկ Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքով չի կարող վերացվել Սահմանադրությամբ ՍԴ-ին տրված լիազորությունը:
Սահմանադրության 123-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը:
Վերոգրյալը հաշվի առնելով, ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը կոչ է անում՝
1. Ազգային ժողովի պատգամավորներին՝ հետ կանգնել այն նախաձեռնությունից, որը կարող է ոտնահարել դատական իշխանության անկախությունը, իշխանությունների բաժանման և հավասարակշռման, իրավունքի գերակայության սկզբունքները:
2. Հանրապետության նախագահին՝ իրականացնել Սահմանադրության 123-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված Սահմանադրության պահպանմանը հետևելու պարտականությունը:
Միևնույն ժամանակ Փաստաբանների պալատի խորհուրդը կոչ է անում Ազգային ժողովի պատգամավորներին, կառավարությանը և քաղաքական ուժերին, կենտրոնանալ դատաիրավական բարեփոխումների հետագա ընթացքն ապահովելու վրա, ներառյալ՝ վերացնել փաստաբանների մասնագիտական գործունեության խոչընդոտները, ապահովել ողջամիտ ժամկետում դատական քննության իրավունքը, դատարանների նկատմամբ վստահության հետագա բարձրացումը, դատավորների և դատական գործընթացների մասնակիցների մասնագիտական շարունակական զարգացումը, իրավապահ համակարգի խորքային բարեփոխումները, բավականին երկար ժամանակ արդեն իսկ քննարկվող նախագծերի վերջնականացումը և ընդունումը, կիրարկել Սահմանադրական դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Վճռաբեկ դատարանի որոշումների կատարման մոնիտորինգի արդյունավետ համակարգը և այլն:
Փաստաբանների պալատն իր պատրաստակամությունն է հայտնում նշված իրական բարեփոխումների իրականացման հարցում սերտ համագործակցել պետական մարմինների հետ տարբեր ձևաչափերով, դուրս հանել առօրյա գործունեության շրջանակներում առաջ եկող խնդիրները և ձգտել դրանց լուծմանը՝ դրանով իսկ ապահովելով Հայաստանի Հանրապետության բարձրագույն արժեք հանդիսացող Մարդու՝ իրավունքների և ազատությունների լիարժեք իրականացումը: