կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-06 19:19
Մշակույթ

Հայ թագուհու մասին վրացական ստեղծագործությունը թարգմանվել է թուրքերեն

Հայ թագուհու մասին վրացական ստեղծագործությունը թարգմանվել է թուրքերեն

Վրացական գրականության ամենահին ստեղծագործություններից մեկը՝ « Սուրբ Շուշանիկ թագուհու նահատակությունը» ստեղծագործությունը թարգմանվել է թուրքերեն և հրատարակվել թուրքական Otello հրատարակչությունում. ըստ yerkir.am-ի՝ տեղեկացնում է Sputnik-Georgia-ն:

Ստեղծագործությունը, որը, այսպես կոչված, վարքագրական վեպի նմուշ է, գրվել է 476 և 483 թվականների միջակայքում, իսկ պահպանված ամենավաղ ձեռագիրը թվագրվում է 10-րդ դարով: Հեղինակը Յակով Ծուրթավելին է՝ նկարագրվող իրադարձությունների ժամանակակիցն ու մասնակիցը: Ի դեպ, մոտավորապես այդ ժամանակ է ստեղծվել նաև Շուշանիկի վարքի հայկական կրճատ տարբերակը։

Ստեղծագործության մեջ նկարագրվում են քրիստոնեությունից չհրաժարված՝ Վարդան Մամիկոնյանի դստեր՝ Շուշանիկի տառապանքներն ու սպանությունը ամուսնու՝ Վարսկենի (Վազգեն) ձեռքով, որը Հարավային Քարթլիի թագավորն էր։ Պարսիկների հետ համագործակցելու նպատակով ընդունելով զրադաշտականություն՝ նա նույնը պահանջում է նաև իր կնոջից ու երեխաներից։ Շուշանիկը, մերժելով նրա պահանջը, վեց տարի անցկացնում է զնդանում՝ ենթարկվելով տանջանքների ու ստորացման, այնուհետև՝ սպանվում։

Յակով Ծուրթավելին հավաստում է, որ ինքը եղել է թագուհու խոստովանահայրը, ստեղծագործության մեջ շարադրում է իր զրույցները թագուհու հետ: Երկում տեղեկություններ են պարունակվում երկրի պետական կառուցվածքի, պատմության, կրոնի, հին Վրաստանի ու Հայաստանի բնակիչների առօրյա կյանքի մասին։

«Շուշանիկի վարքն» առաջին անգամ հրատարակվել է 1882 թվականին: Այն թարգմանվել է ռուսերեն, լատիներեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն և հունգարերեն: 1979 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից նշվել է այդ գրական հուշարձանի 1500-ամյակը։

Թուրքերեն թարգմանությունը Թուրքիայում բնակվող վրացի թարգմանիչ, գրող Ֆարնա-Բեկա Չիլաշվիլիինն է: