կարևոր
3187 դիտում, 1 օր առաջ - 2026-01-06 16:38
Հասարակություն

Մեր ազգը պետք է գիտակցի, որ Սրբությունների պատասխանատուն հենց ազգն է և չեզոք դիրք գրավելը նույնպես հանդիսանում է չարամիտներին օժանդակություն․ փաստաբան

Մեր ազգը պետք է գիտակցի, որ Սրբությունների պատասխանատուն հենց ազգն է և չեզոք դիրք գրավելը նույնպես հանդիսանում է չարամիտներին օժանդակություն․ փաստաբան

Փաստաբան Արա Զոհրաբյանը գրում է․

«Այսօր՝ հունվարի 6-ին, Արագածոտնի մարզպետարանի և Թալինի համայնքապետարանի աշխատակիցները Ոստիկանության ծառայողների աջակցությամբ խոչընդոտեցին Թալինի Սուրբ Աստվածածին Եկեղեցու քահանա Տեր Հայկին մատուցել Սուրբ և Անմահ Պատարագ՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Հայտնության Տոնի առիթով:

Բոլորի աչքի առջև, իշխանության հովանու ներքո, տեղի է ունեցել հանցագործություն, քանի որ խոչընդոտվել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու գործունեությունը և ծեսի կատարումը:

Ցավալի է, բայց հույժ կարևոր այս Տոնի և ընդհանրապես Սուրբ և Անմահ Պատարագի խորհուրդները շատերը չեն գիտակցում:

Շատերը չեն գիտակցում, որ կարգալույծ եղած նախկին քահանայի կատարած արարողությունը ոչ միայն հոգևոր առումով պատարագ չի կարող կոչվել և անեծք է բերելու դրա մասնակիցների համար, այլ նաև՝

- Եկեղեցու կանոնական իմաստով պղծում է Ս.Խորանը և սրբագործման կարգ կատարելու անհրաժեշտություն է առաջացնում,

- իրավական առումով ՀՀ քրեական օրենսգրքի 209-րդ հոդվածում նկարագրված հանցագործություն է:

Եկեղեցու նկատմամբ այս գործողությունները վերջին հաշվով մեր տանջված ազգի գլխին են փորձանք բերելու: Մեր ազգը պետք է գիտակցի, որ Սրբությունների պատասխանատուն հենց ազգն է և չեզոք դիրք գրավելը նույնպես հանդիսանում է չարամիտներին օժանդակություն:

Բայց այս դառը իրադարձությունների համատեքստում չեմ կարող չարձանագրել այն արժանապատիվ քրիստոնյաների ջանքերը, որոնք համաձայն չեն իշխանության ներկայացրած Եկեղեցու պառակտման և ազգային ինքնության քանդման այս ծրագրի հետ:

Շնորհավորում եմ բոլոր քրիստոնյաներին մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Հայտնության առիթով:

Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ.....»։