կարևոր
1120 դիտում, 1 օր առաջ - 2026-01-06 15:57
Հասարակություն

Ռուբեն Վարդանյանի՝ Սուրբ Ծննդյան շնորհավորանքը Բաքվի բանտից

Արցախի նախկին պետնախարար, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանը տարեվերջին հեռախոսազրույց է ունեցել ընտանիքի հետ՝ շնորհավորելով հայ ժողովրդի Ամանորն ու Սուրբ ծնունդը։

Նա շնորհակալություն է հայտնել մարդկանց աջակցության, բարի մաղթանքների, ուղարկված բազմաթիվ նամակների համար, նշել, որ զգում է այդ ջերմությունն ու շատ գնահատում այդ ամենը։ Անդրադառնալով տոներին՝ Վարդանյանը նշել է, որ տոնը մարդն ինքն իր ներսում պետք է ունենա։

«Հիշում եմ՝ ինչպես էինք մեր ընտանիքում Նոր տարուց առաջ ինքներս ներկայացումներ բեմադրում։ Հիշում եմ՝ մի անգամ Վերոնիկայի հետ Ռիո դե Ժանեյրոյում կառնավալի էինք մասնակցում, երբ դու հանդիսատես ես, դա ոչինչ է, դու պետք է ինքդ կառնավալի մասնակից լինես»,- պատմել է Վարդանյանը։

Նրա խոսքով՝ ինչքան մեծանում ես, այնքան ավելի սովորական ես սկսում վերաբերվել Նոր տարվան, այդ ամենն առօրեական է դառնում։ Մաղթել է, որ մարդիկ պահպանեն երեխայի պես տոնին սպասելու ու տոնը զգալու այդ սովորությունը։

«Որքան կարողանում ես ուրախանալ ինքդ քո ներսում, այդ ուրախությունը փոխանցել մյուսներին, այնքան այդ ամենն ուժ է տալիս առօրյա խնդիրները կարգավորելու համար։ Ես կարդացել եմ, որ անգամ հին ժամանակներում տարվա ընթացքում 360 օր պետք է ապրեիր սահմանված կանոններով և 5 օր թույլատրվում էր օգտագործել ուրախության և խուլիգանության համար»,- ասել է Վարդանյանը։

Խորհուրդ է տվել՝ երբ ժամանակ է լինում, դիտել մանկական ֆիլմեր, մուլտֆիլմեր, հեքիաթներ կարդալ, պահպանել այն արժեքները, որոնք այս կյանքում ծառայում են որպես հենարան։

«Ինձ մոտ ամեն ինչ լավ է։ Մի կաթիլ անգամ չեմ կասկածում, որ այն, ինչ տեղի է ունենում, կանցնի, և ամեն ինչ լավ կլինի։ Եվ աշխարհում, միևնույնն է, կիշխեն բարությունն ու լույսը»,- եզրափակել է Ռուբեն Վարդանյանը։