Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի «Լուսակն» հրատարակչատան կողմից լույս է ընծայվել Մոտկան գավառի հայերից Ֆերման Թորոսլարի «Աքսոր․ Ապստամբութեան բովէն անցած մութքեցի հայ ընտանիք մը» հուշագրության արևմտահայերեն թարգմանությունը։ Հուշագրությունը թուրքերենից արևմտահայերեն է թարգմանել սփյուռքահայ մտավորական Մարի Մերտխանեան-Եարալեանը (հայերեն հրատարակության խմբագիր՝ բանասիրական գիտությունների դոկտոր Հայկազուն Ալվրցյան, առաջաբանի հեղինակ՝ պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյան)։
Այդ մասին հաղորդում է Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն գիտահետազոտական հիմնադրամի պաշտոնական կայքէջ Akunq.net-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ սույն հուշագրության թուրքերեն հրատարակումն իրականացվել էր Կ․Պոլսում գործող «Արաս» հայկական հրատարակչության կողմից, 2013 թ․։ Գրքում ներկայացված է Արևմտյան Հայաստանում 1930-ական թվականներին թուրքական իշխանությունների իրականացրած ռազմական գործողության շրջանակներում Մոտկանից Թուրքիայի այլ շրջաններ աքսորված Թորոսյան ընտանիքի պատմությունը: Ի դեպ, սույն հուշագրությունն այնքան մեծ արձագանք է ստացել Թուրքիայում, որ «Արաս»-ը գրքի թուրքերեն բնագիրը վերահրատարակել է 5 անգամ և ներկայում պատրաստվում է այն տպագրել 6-րդ անգամ։
«Աքսոր․ Ապստամբութեան բովէն անցած մութքեցի հայ ընտանիք մը» հուշագրության մեջ ներկայացվում է, թե ինչպես է հեղինակի ընտանիքը, որի ազգականների մեծ մասը կոտորվել էր Ցեղասպանության ժամանակ, 1930-ականն թվականներին «Վերաբնակեցման մասին» օրենքի (İskân Kanunu) շրջանակներում աքսորվում Թուրքիայի արևմտյան նահանգներ: Երկար տարիներ դժվարին պայմաններում ապրել հարկադրված Թորոսյան ընտանիքը թեև փորձում է ինչ-որ կերպ նախնիների հողը վերադառնալ, սակայն աքսորի հրամանն անշրջելի էր…
Ստորև ներկայացնում ենք գրքի հայերեն թարգմանության առաջաբանը․
Հայերիս, հատկապես՝ ոչ մասնագիտական շրջանակների մոտ, թերևս, ձևավորվել է թյուր կարծիք, համաձայն որի՝ թուրք ազգի արհեստական «կերտման» գործընթացն ավարտվել է երիտթուրքերի իշխանության տարիներին։ Մինչդեռ, փաստ է, որ Թուրքիայի բնակչության արհեստական կառուցման քաղաքականությունը, որն ուղեկցվել է բռնի թուրքացման և իսլամացման գործընթացներով, անընդմեջ շարունակվել է նաև Թուրքիայի Հանրապետության ամբողջ պատմության ընթացքում։
Այսպես, հանրապետության ժամանակաշրջանի տարբեր տարիներին ընդունված հարկադիր վերաբնակեցման մասին օրենքները, 1930-ական թվականներին սկսված «Հայրենակի՛ց, թուրքերեն խոսի՛ր» արշավը, 1937-38 թթ․ Դերսիմի կոտորածը, 1942-44 թթ․ Ունեցվածքի հարկի մասին օրենքի գործադրումը, 1955 թ․ սեպտեմբերի 6-7-ի պոգրոմները, 1964 թ․ ստամբուլաբնակ հույների արտաքսումը և այլ բռնություններ այդ քաղաքականության դրսևորման օրինակներից են։
Ի տարբերություն այս քաջածանոթ դեպքերի՝ մեզանում համեմատաբար քիչ է հայտնի 1934 թ․ հունիսի 14-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կողմից ընդունված և 2510 համարը կրող «Վերաբնակեցման մասին» օրենքը, որը տվյալ ժամանակաշրջանի Թուրքիայի ներքին գործերի նախարար Շյուքրյու Քայայի կարծիքով՝ պետք է կառուցեր «մեկ լեզվով խոսող, նույն կերպ մտածող, միանման զգացումներ տածող» բնակչությամբ մի երկիր։
Սույն օրենքի համաձայն, Թուրքիան բաժանվում էր 4 շրջանների․
1․ Շրջաններ, որտեղ առկա է թուրքական մշակույթին պատկանող հոծ բնակչություն։
2․ Վայրեր, որոնք հնարավոր է դարձնել թուրքական մշակույթի կրող։
3․ Շրջաններ, որտեղ կարելի է ազատ կերպով բնակեցնել թուրքական մշակույթին պատկանող գաղթականների։
4․ Վայրեր, որոնց դատարկումը պարտադիր է առողջապահական, նյութական, մշակութային, քաղաքական, ռազմական, կարգապահական նկատառումներով, այսինքն՝ շրջաններ, որտեղ բնակեցումն արգելված է»[1]։
Ի դեպ, հայության մնացորդացին Արևմտյան Հայաստանի շրջաններից դեպի Ստամբուլ սկսել էին աքսորել 1934 թ․ դեռ սկզբներից[2]։ Սակայն հիշյալ օրենքի հրապարակումը հնարավորություն ընձեռեց թուրքական իշխանություններին ավելի հետևողական քաղաքականություն վարել այս հարցում։ Թեև օրենքի հիմնական թիրախը քրդերն էին, սակայն այն, բնականաբար, չշրջանցեց նաև հայերին և այլ փոքրամասնությունների։ Վերաբնակեցման քաղաքականության իրական նպատակն ուծացումն էր, այսինքն՝ քեմալական իշխանությունները շարունակում էին երիտթուրքերի կիսատ թողած գործը՝ բռնի իսլամացման և թուրքացման, նաև ճնշումների ու կոտորածների միջոցով բնակչության միատարրացումը և ձուլումը թուրք ազգի հետ։
«Ըստ օրենքի՝ բնակչությունը բաժանվեց 3 հիմնական հատվածի․
1․ Թուրքական մշակույթի կրողներ և թուրքերեն խոսողներ,
2․ Թուրքական մշակույթին ենթակա եղողներ, բայց թուրքերեն չխոսողներ (քրդերը),
3․ Թուրքական մշակույթին ենթակա չեղողներ և թուրքերեն չխոսողներ (արաբներ, ոչ մահմեդական փոքրամասնություններ, անարխիստներ, լրտեսներ, քոչվոր գնչուներ և այլն)»[3]։
Ինչպես արձանագրում է տվյալ թեման խորազնին ուսումնասիրած թուրք գիտնական Նևզաթ Օնարանը․ «Վերաբնակեցման օրենքը կյանքի կոչվեց նախ Սասունում, այնուհետև` պետության Բրոնզե ձեռքը հարվածեց Դերսիմին (բառախաղ է. թուրքերեն tunç el նշանակում է բրոնզե ձեռք, Դերսիմը 1937-38 թթ. այստեղ տեղի ունեցած կոտորածներից հետո պաշտոնապես վերանվանվեց Թունջելիի-Մ․Ա․)․․․»[4]։
Ի դեպ, Թուրքիայի Հանրապետության առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքն անձամբ էր հետևում արևմտահայության աքսորի գործընթացին։ Այդ առումով հետաքրքիր փաստ է հետևյալ փաստաթուղթը, որն ապացուցում է, որ Մուստաֆա Քեմալի համար առանձնահատուկ նշանակություն ուներ հատկապես հայերի, որպես «անվստահելի տարրի», արտաքսումը։ Այսպես, 1937 թ․ նոյեմբերի 2-ին հրապարակվել է Աթաթյուրքի ստորագրությունը կրող մի հրաման, որով հրահանգվում էր Թուրքիայի մի շրջանից մյուսն աքսորել իբրև թե լրտեսությամբ զբաղված 2 իսլամացված հայերի․ «Քանի որ պարզվել է, որ ծագմամբ հայ ազգից սերող և կրոնափոխության անվան տակ Գազիանթեփի (Այնթափ-Մ․Ա․) Նիզիփ գավառում բնակություն հաստատած «Գյավուր» մականվամբ հայտնի Հասիչելի Սադըքը և էրզրումցի (կարնեցի-Մ․Ա․) Էյուբը (իսկական անունը Հակոբ է), հաճախակի մեր սահմանն անցնելով, իրեր ու զենք են փախցրել և, Սիրիայում ֆրանսիական ու դաշնակցական հետախուզական կազմակերպությունների հետ շփումներ ունենալով, լրտեսություն արել մեր դեմ, որոշվել է Սադըքին իր կնոջ` Այշեի և որդու` Ջենգիզի հետ մեկտեղ տեղափոխել և վերաբնակեցնել Ամասիա նահանգում, իսկ Էյուբին իր կնոջ` Բահիեի հետ միասին` Նիղդեում: Թուրքիայի Հանրապետության նախագահ` Ք. Աթաթուրք։ 02.11.1937 թ.»[5]:
Այս ամբողջ գործընթացին զոհ գնացած ամեն ընտանիք, յուրաքանչյուր անհատ ունեցել է իր մասնավոր պատմությունը՝ լի ողբերգականությամբ, ցավով և հայրենի երկրի հանդեպ կարոտով։ Փաստացիորեն, հայության մնացորդացը վերապրել է ծննդավայրից աքսորվելու տառապանքը, որը, բնականաբար, չէր կարող չարտացոլվել նաև արևմտահայության հուշագրություններում։
Արդ, 2013 թ․ Կոստանդնուպոլսում գործող «Արաս» հայկական հրատարակչությունը լույս ընծայեց Ֆերման Թորոսլարի հեղինակած հուշագրությունը, որի ամբողջական վերնագիրն էր՝ «Աքսոր․ Ապստամբութեան բովէն անցած մութքեցի հայ ընտանիք մը»։
Հուշագրության մեջ հեղինակը ներկայացնում է, թե ինչպես է իր ընտանիքը, «Վերաբնակեցման մասին» օրենքի շրջանակներում, աքսորվում Թուրքիայի արևմտյան նահանգներ` տվյալ շրջանում ապրող հարյուրհազարավոր մարդկանց հետ մեկտեղ: Երկար տարիներ դժվարին պայմաններում ապրել հարկադրված Թորոսյան ընտանիքը թեև առիթ է որոնում ինչ-որ կերպ նախնիների հողը վերադառնալու համար, սակայն աքսորի հրամանն անշրջելի էր։
Ընդհանրապես նման թեմաներով գրքերի շարքում ամենածանրը, թերևս, հուշագրությունների ընթերցումն է, քանի որ վկայագիրը ոչ միայն հեղինակ, այլ նաև գործող անձ լինելով, հարկադրում է ընթերցողին ապրումակցել իրեն, վերապրել այն անասելի տառապանքը, որը մեկ արտահայտությամբ կարելի է բնորոշել որպես հայկական ցավ…
Այդ առումով, խիստ կարևոր է այս գրքի հայերեն թարգմանությունն ու հրապարակումը, հատկապես, մեր օրերում, երբ որոշ շրջանակներ սկսել են խոսել «թուրք-հայկական բարեկամությունից»։ Սույն հուշագրությունը մեկ անգամ ևս հիշեցնում է, որ հայը չի կարող բարեկամանալ թուրքի հետ, և որ այդ «բարեկամության» միակ հետևանքը իսլամացում-թուրքացումն է կամ սեփական ծննդավայրից հեռացումը։
Շնորհակալություն հեղինակին և հայերեն թարգմանությունն իրականացրած Մարի Մերտխանեան-Եարալեանին՝ այս հայրենանվեր աշխատանքի համար։
[1] Gülçiçek Günel Tekin, Beyaz Soykırım. Türkiye’nin Asimilasyon ve Dilkırım Politikaları, Belge Yayınları, 2. baskı, İstanbul, 2009, s. 277.
[2] Թուրքիայի Հանրապետության պատմություն (բուհական դասագիրք), Երևան, 2018 թ․, էջ 78։
[3] Ayşe Hür, En uzun yüzyılımız: ‘Asr-ı fişleme’, http://www.radikal.com.tr/yazarlar/ayse_hur/en_uzun_yuzyilimiz_asr_i_fisleme-1163826, Վերջին դիտում՝ 19․11․2021 թ․։
[4] Nevzat Onaran, Cumhuriyet’in Ermeni fişlemesi ilk kez gün ışığında, http://agos.com.tr/haber.php?seo=cumhuriyetin-ermeni-fislemesi-ilk-kez-gun-isiginda&haberid=7427, Վերջին դիտում՝ 22․07․2014 թ․։
[5] https://akunq.net/am/?p=55222, Վերջին դիտում՝ 19․11․2021։
Մելինե Անումյան
Թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու
Akunq.net