Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Փաստաբանների խորհուրդը խորհուրդը դատապարտել է փաստաբանների կապի միջոցների անվտանգությունը խախտող գործողությունները:
Այս առնչությամբ տարածած հայտարարությունում ասվում է.
«Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդը, 2020 թվականի հունվարի 29-ին քննարկելով փաստաբանների կապի և տեղեկատվական այլ միջոցների անվտանգությունը խախտող դեպքերի վերաբերյալ հարցը, պարզել է, որ՝
2019 թվական նոյեմբերից 2020 թվական հունվար ամիսների ընթացքում 5 (հինգ) փաստաբանի հետ կապված արձանագրվել են հետևյալ դեպքերը՝
1) ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քննվող թիվ 22100419 քրեական գործով իրականացված հեռախոսային խոսակցությունների վերահսկման ընթացքում գաղտնալսվել են նաև մեղադրյալի, դատավարության այլ մասնակցի և նրանց փաստաբան Էդգար Թումասյանի միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունները։ Այնուհետև քննիչի կողմից զննվել են այդ խոսակցությունները, դրանք արտացոլվել են համապատասխան արձանագրության մեջ և կցվել քրեական գործին։ Այս դեպքը փաստաբանը պարզել է 2019թ. դեկտեմբերին:
2) ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Վարդան Կարապետյանի կողմից գաղտնալսվել են փաստաբաններ Աշխեն Դաշյանի և Կարեն Ղազարյանի, ինչպես նաև նրանց վստահորդ Արթուր Աղաջանյանի հեռախոսային խոսակցությունները: 04.11.2019թ. և 06.11.2019թ. քննիչի կողմից կատարվել է զննում և հեռախոսային խոսակցությունների վերծանում: Այդ խոսակցությունները կցվել են քրեական գործին:
3) 2020 թվականի հունվարի 4-ից փաստաբան Հայկ Ալումյանի՝ փաստաբանական գործունեության շրջանակում օգտագործվող էլեկտրոնային փոստը, իրենից անկախ պատճառներով դարձել է անհասանելի: Փաստաբան Հ.Ալումյանի կարծիքով, իր էլեկտրոնային փոստի «կոտրումն» ուղիղ կապ ունի իր վարույթում գտնվող հայտնի քրեական գործի հետ, քանի որ այլ անձանց համար իր էլեկտրոնային փոստը հետաքրքրություն չի կարող ներկայացնել:
4) 2020 թվականի հունվարի 23-ից փաստաբան Արամազդ Կիվիրյանի էլեկտրոնային փոստը դարձել է անհասանելի: Փաստաբան Ա.Կիվիրյանի կարծիքով դա կապված է իր մասնագիտական գործունեության հետ, քանի որ նա ներկայացնում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի շահերը՝ վերջինիս մասին 12.01.2020թ. www.armtimes.com կայքում հրապարակված նյութի մեջ տեղ գտած տեղեկությունները հերքելու հարցով: 23.01.2020թ. հայտարարություն տարածելուց հետո, երբ հրապարակային կարգով տեղեկացրել են, որ ինքն է ներկայացնում Արթուր Վանեցյանի շահերը, իր էլեկտրոնային փոստը դարձել է անհասանելի:
Փաստաբանների պալատի խորհուրդն իր մտահոգությունն է հայտնում վերը նշված դեպքերի կապակցությամբ:
ՀՀ Սահմանադրության 33-րդ և 64-րդ հոդվածների, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Կոնվենցիայի (այսուհետ՝ ՄԻԵԿ) 8-րդ հոդվածի, 1990թ. սեպտեմբերի 7-ին ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և իրավախախտների հետ վարվելու ութերորդ Կոնգրեսի ընդունած «Իրավաբանների դերին վերաբերող հիմնարար սկզբունքների» 22-րդ կետի, «Փաստաբանության մասին» օրենքի 21-րդ և 25-րդ հոդվածների, «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի 14-րդ և 31-րդ հոդվածների պահանջներից ակնհայտ բխում է, որ օրենսդիրը փաստաբանի և վստահորդի հեռախոսային խոսակցությունները գաղտնալսելու ուղղակի արգելք է սահմանել և չի նախատեսել որևէ բացառություն, որը կապված կլինի հեռախոսային խոսակցության բովանդակության հետ։
Նշված նորմերը կոչված են երաշխավորելու փաստաբանների անկախությունը, վստահորդների հետ ցանկացած հարաբերությունների (այդ թվում՝ էլեկտրոնային փոստով հաղորդակցվելու) ու խորհրդատվությունների գաղտնի բնույթը, ինչպես նաև որևէ կերպ փաստաբանի մասնագիտական գործունեությանը միջամտելու անթուլատրելիությունը` իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս:
Գործնականում հեռախոսային խոսակցությունները գաղտնալսվում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կամ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի հիմքով:
«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ արգելվում է անցկացնել նույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ (ներքին դիտում), 11-րդ (նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վերահսկում) և 12-րդ (հեռախոսային խոսակցությունների վերահսկում) կետերով նախատեսված օպերատիվ միջոցառումները, երբ անձը, որի նկատմամբ իրականացվելու է այդ միջոցառումը, հաղորդակցվում է իր փաստաբանի հետ: Անհապաղ ոչնչացման են ենթակա նույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ, 11-րդ և 12-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման ընթացքում օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման նպատակից անկախ պատճառով ստացված փաստաբանական գաղտնիք պարունակող տեղեկությունները:
Ի տարբերություն այս կարգավորման, ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը ոչնչացման հարցին չի անդրադարձել, որպիսի առիթից օգտվելով էլ վարույթն իրականացնող մարմինը փաստաբանական գաղտնիք պարունակող տեղեկություններին ոչ միայն ծանոթանում է, այլ նաև կցում է քրեական գործին, ինչը հետագայում դառնում է հասանելի նաև դատավարության այլ մասնակիցների, այդ թվում՝ պաշտպանության կողմի դատավարական հակառակորդների, համար:
ՄԻԵԿ 8-րդ հոդվածով սահմանված փաստաբան-վստահորդ հարաբերություններում հաղորդակցման գաղտնիության լրացուցիչ պաշտպանությունը, ինչպես նաև այն դրույթները, որոնց վրա այն հիմնված է, թույլ են տալիս Մարդու իրավունքների եվրոպական դատարանին եզրակացնել, որ այդ տեսանկյունից փաստաբանական գաղնիքը, փաստաբանի համար նախատեսելով որոշակի պարտականություններ, վերը նշված հոդվածի համատեքստում ենթակա է հատուկ պաշտպանության (Տե՛ս Միշոն ընդդեմ Ֆրանսիայի (Michaud v. France), 2012թ-ի դեկտեմբերի 6-ի որոշում, §§ 118–19), Պրուտեանուն ընդդեմ Ռումինիայի (Pruteanu v. Romania), 2015թ-ի փետրվարի 3-ի որոշում):
Դուդչենկոն ընդդեմ Ռուսաստանի գործով Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն արձանագրել է ՄԻԵԿ 8-րդ հոդվածի խախտում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետությունը գաղտնալսել է դիմումատուի և իր փաստաբանի խոսակցությունը, իսկ դիմումատուն չի ունեցել դա վիճարկելու և ձայնագրությունը ոչնչացնելու արդյունավետ իրավական միջոց: Դուդչենկոն ընդդեմ Ռուսաստանի գործով ՄԻԵԴ վճիռն ուղղակիորեն լուծում է նաև այն ենթադրյալ իրավական բացի հարցը, եթե վարույթն իրականացնող մարմինը, որպես արդարացում վկայակոչի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի հիման վրա գաղտնալսում կատարելը և ոչնչացման հստակ պարտականություն չունենալը:
ՄԻԵԴ-ը նշել է, որ փաստաբանի և վստահորդի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումը, անխուսափելիորեն հանգեցնում է նրանց՝ վստահության վրա հիմնված հարաբերությունների հիմքը կազմող փաստաբանական գաղտնիքի խախտմանը:
Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի 2000 թվականի հոկտեմբերի 25-ի «Իրավաբանի մասնագիտական գործունեության ազատության մասին» թիվ 21 հանձնարարականի համաձայն՝ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները պետք է ձեռնարկեն բոլոր միջոցները, որպեսզի փաստաբանները կարողանան իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնել առանց խտրականության և առանց խոչընդոտների, ինչպես հանրության, այնպես էլ իշխանությունների կողմից:
Փաստաբանների պալատի խորհուրդը գտնում է, որ վերը նշված դեպքերով պատասխանատվություն է կրում պետությունը և պետք է միջոցներ ձեռնարկի նման խոչընդոտները վերացնելու ուղղությամբ:
Փաստաբանների պալատի խորհուրդը
1. ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է փաստաբանների էլեկտրոնային փոստի հասանելիության և գաղտնիության խախտման, ինչպես նաև քննչական մարմինների կողմից փաստաբանների և վստահորդների միջև հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման գործողությունները:
2. ՊԱՀԱՆՋՈՒՄ Է պետական իրավասու մարմիններից՝
- պատասխանատվության ենթարկել փաստաբանների և վստահորդների միջև հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումը կազմակերպած և քրեական գործի նյութերին կցելու որոշում կայացրած քննիչներին,
- ոչնչացնել այդ նյութերը,
- հանձնարարել բոլոր քննիչներին այսուհետ բացառել նման իրավիճակները: