Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը դատարանի որոշմամբ եւս 2 ամիս կմնա կալանքի տակ, այնուհետեւ 20 միլիոն ՀՀ դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի՝ լրագրողներին հայտնեց Խաչատրյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։
Նշենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը միջնորդություն էր ներկայացրել Խաչատրյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարացնելու վերաբերյալ, իսկ Խաչատրյանի պաշտպանը միջնորդել էր նրան ազատ արձակել գրավի դիմաց։
«Սա մի քիչ ուշացած, բայց նաեւ արդարության առումով շատ ճիշտ որոշում էր դատարանի կողմից կայացված։ Մենք այնպես չէ, որ խոսում ենք միայն վատի մասին, մենք արձանագրում ենք նաեւ լավը, իրականում, դատարանը համարձակ եւ օրինական որոշում կայացրեց այդ մասով»,- ասաց պաշտպանը։
Մակինյանը շեշտեց, որ Կարեն Խաչատրյանին կալանքի տակ պահելու հիմքեր չկային.
«Կարող ենք արձանագրել, որ Կարեն Խաչատրյանը շուրջ 5 ամիս գտնվում է կալանքի տակ։ Առաջին օրվանից սկսած մենք բոլոր փաստարկները ներկայացրել էինք, եւ հիմնավորում էինք, որ Կարեն Խաչատրյանին կալանքի տակ պահելու անհրաժեշտություն չկա»։
Հիշեցնենք, որ Կարեն Խաչատրյանը զբաղեցրել է ՊԵԿ Ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնը, նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ:
Նույն քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաեւ նրա հորեղբորը՝ ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին: Վերջինիս արդեն մոտ 6 ամիս է, ինչ կալանքի տակ է։ Նա մեղադրվում է 2008-2014թթ. պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման եւ գույքի վատնման գործով։ Նրա փաստաբանները կալանավորումն անօրինական են համարում և խափանման միջոց կալանավորման միջնորդությունն այս պահին քննվում է դատարանում:
Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը բավարար չէ՝ ասաց Ամրամ Մակինյանը։
«Առողջական վիճակը լավ չէր։ Արձանագրենք, որ այս պահին էլ առողջական վիճակը բավարար չէ։ Ամեն անգամ բացասական պրոգրես է ապրում»,- ասաց պաշտպանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին տեղափոխել էին «Ասղտիկ» ԲԿ։ Նրա փաստաբանական խումբը տեղեկացրել էր, որ նախօրեին բժշկական օգնության անհրաժեշտություն է առաջացել, եւ բժիշկներն արձանագրել էին սրտաբանական եւ հրատապ այլ հետազոտությունների ու բուժման անհրաժեշտությունը։ Գագիկ Խաչատրյանը «Երեւան» ՔԿՀ-ից տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ եւ գտնվել է բժիշկների վերահսկողության տակ։ Այսօր Գագիկ Խաչատրյանը տեղափոխվել է ՔԿՀ։