կարևոր
2578 դիտում, 11 ամիս առաջ - 2023-10-20 18:27
Քաղաքական

Սուրեն Մանուկյանի կալանքը երկարացվեց եւս երեք ամսով

Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Իջեւան քաղաքի նստավայրում տեղի ունեցած դատական նիստի ավարտին դատավոր Սերժ Ռուշանյանը որոշեց ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանին ևս 3 ամիս թողնել անազատության մեջ։ Դատարանն այդպիսով չի բավարարել փաստաբանների ներկայացրած՝ խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունը:

Սուրեն Մանուկյանն այս որոշմանն արձագանքեց սուր կերպով՝ հայտարարելով. «Թքե՛մ ձեր վրա էլ, ձեր արդարադատության վրա էլ: Տարիներ հետո սրա պատասխանը կստանաք: Սրիկաներով, հանցագործներով հավաքվել՝ որոշում եք, որ ես հանցագործ ե՞մ»: 

Հիշեցնենք, որ դեռևս 2022 թ. օգոստոսի 11-ից քրեական գործ էր հարուցվել և քրեական հետապնդում էր սկսվել ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր Սուրեն Մանուկյանի նկատմամբ: Վերջինս մեղադրվում է խմբի կազմում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հորը առևանգելու և նրա որդիներից առանձնապես խոշոր չափերի գումար շորթելու մեջ։ Քրեական գործով Սուրեն Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, և 2022 թ. օգոստոսի 11-ից սկսած նա ազատազարկված է։

Հայտնենք նաեւ, որ Սուրեն Մանուկյանն իրեն առաջադրված մեղադրանքը համարում է շինծու, այն չի ընդունում և իրեն մեղավոր չի ճանաչում։ Փաստաբան Սերգեյ Ոսկանյանը բազմիցս հայտնել է, որ քրեական գործի նյութերում չկա որևէ ողջամիտ ապացույց, որը թույլ կտա հետևություն անել Ս. Մանուկյանի մեղսակցության մասին։