կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-20 19:47
Աշխարհ

Ճանապարհ դեպի մեծ ահաբեկչություն. ինչպես է ԻՊ-ը թունավորում մարդկանց մտքերն ու սրտերը

Ճանապարհ դեպի մեծ ահաբեկչություն. ինչպես է ԻՊ-ը թունավորում մարդկանց մտքերն ու սրտերը

Ջիհադական խմբավորումների մեծ մասի թույլ տեղը կապն է: Նրանց հնարավոր է լինում հայտնաբերել նամակագրության, հեռախոսային հաղորդագրությունների, սոցցանցերում շփումների միջոցով. դրանք գրանցում են հատուկ ծառայությունները, հետո, կարծես թելից քաշելով, «քանդում»՝ բացահայտում ամբողջ ցանցը և ոչնչացնում: Մինչդեռ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ընդհատակյա բջիջների ձևաչափը ենթադրում է դրանց անդամների միջև նվազագույն շփում կամ ընդհանրապես դրա բացակայությունը:  Yerkir.am-ը ներկայացնում է Ժամանակակից Աֆղանստանի ուսումասիրման կենտրոնի փորձագետ Անդրեյ Սերենկոյի զրույցը  «Ռեգնում» գործակալության հետ, որում նա պատմում է, թե ինչպես են ահաբեկիչները անդամներ հավաքագրում, նաև՝ ներկայացնում աշխարհում ահաբեկչության զարգացման հեռանկարները:

Ըստ նրա՝ ջիհադական հանրությունը շատ խայտաբղետ է, կան տարբեր խմբավորումներ, շարժումներ, սակայն ԻՊ-ի ի հայտ գալուց հետո բեկում է տեղի ունեցել. հետքը, որ թողել են այդ արմատական ուղղության կողմնակիցները ջիհադականության դիսկուրսում՝ քաղաքական, մեթոդաբանական, քարոզչական, տեխնոլոգիական, էսթետիկական և այլն, այս պահի դրությամբ ամենաուժեղն է: Ազդեցության տակ է ամբողջ ջիհադական հանրությունը, և դրա վառ ապացույցը ահաբեկչական խմբավորումների՝ հորիզոնական ինտեգրված ցանցային կառույցների ի հայտ գալն է: Դա, ըստ փորձագետի, ենթադրում է կոշտ հիերարխիայի բացակայություն, դրանց միջոցով կապ է հաստատվում տարբեր ջամաաթների կամ «քնած» բջիջների հետ, և նման սխեմա կիրառելիս շատ դժվար է դրանք հայտնաբերել:

Եվ այսպես՝  անդամների միջև նվազագույն կապը կամ դրա բացակայությունը ԻՊ-ի առաջին առանձնահատուկ գիծն է:

Երկրորդ տարբերությունն այլ խմբավորումներից, ըստ Սերենկոյի,  «ինքնավար»  ահաբեկիչներն են: Նրանք գործում են միայնակ, հիմնականում երբեք չեն եղել հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում, ոչ մեկի հետ երբևէ կապ չեն պահպանել: Նրանց միակ կապը ԻՊ-ի հետ զգացմունքային է. համացանցում դիտում են խմբավորման քարոզչական նյութերը և տոգորվում ահաբեկչական գաղափարախոսությամբ:  Դա եզակի երևույթ է, մինչ ԻՊ-ը նման բան չկար: Փաստորեն, հավաքագրող, որպես սուբյեկտ, գոյություն չունի, ֆիզիկական շփում հավաքագրողի ու նրա նպատակի միջև, ինչպես նախկինում էր, երբ մոտենում էին մարդուն ու զրուցում նրա հետ, արդեն չկա:

«Օրինակ՝ ԻՊ-ը տարածում է տեսահոլովակներ՝ ահաբեկչական գործողություն իրականացնելու կոչով: Հարց է ծագում՝ ինչպե՞ս դա ընկալել՝ որպես Կենտրոնի հրամա՞ն, թե՞ որպես ահաբեկչական կազմակերպության քարոզչական տեսահոլովակ: Նախկինում դա քարոզչական տեսահոլովակ էր, որում ջիհադական խմբավորումն իրեն գովազդում էր: Սակայն, ԻՊ-ի ի հայտ գալով, նման տեսահոլովակ-ուղերձներն արդեն ոչ միայն գովազդի, այլև հրամանի գործառույթ են իրականացնում, կամ հրահանգներ են, որոնք փոխարինում են հրամանին: Օրինակ՝ բանտերում անհավատների վրա հարձակվելու, շքամուտքերում անցորդներին սպանելու կամ ջիհադի մեկնելու կոչ»,- ասում է Սերենկոն:

Ըստ փորձագետի՝ «ինքնահավաքագրումը» քիչ ուսումնասիրված հոգեբանական երևույթ է: Ահաբեկչական գաղափարախոսությամբ տարվելով՝ մարդը հասնում է ինչ-որ մակարդակի, որ գնում է սպանելու, և պարտադիր չէ հրազեն կամ պայթուցիկ ձեռք բերելը, հանցագործության գործիք կարող է լինել սովորական դանակը կամ պտուտակահանը, այսինքն՝ այն, ինչ ձեռքի տակ կընկնի: Ընդ որում՝ միայնակ ահաբեկիչների վտանգավորությունն այն է, որ հանցագործության պատրաստվելու կամ հոգեբանորեն հասունանալու փուլն անտեսանելի է:

Նաև՝ «ինքնավար» ահաբեկիչը երբեմն սկսում է գործընկերներ հավաքագրել, բայց այդպիսիների գործունեությունը երկար չի տևում՝ ուժային կառույցները հստակ վերահսկում են ֆիզիկական իրականությունը:

Ի դեպ, ըստ Սերենկոյի, «Ալ Քաիդա»-ն ու «Թալիբան»-ն էլ են ԻՊ-ից շատ բան ընդօրինակում: Օրինակ՝ ԻՊ-ը «սնդուսափայլ» («գլամուրային») ահաբեկչության հիմքն է դրել: Մինչ ԻՊ-ը տեսահոլովակները «տնական» տեսանյութեր էին, իսկ ԻՊ-ինն արդեն ջիհադական Հոլիվուդ է: Եթե մինչ այդ ջիհադականները ներկայանում էին որպես մրոտ, գջլոտ, անլվա մորուքավոր մարդիկ, որոնք ինչ-որ տեղ են վազում, գոռգոռում, իրենց պահում վայրենիների պես, ապա հիմա շատերը, օրինակ՝ «Թալիբանը», արդեն ձևավորել են օրինակելի ջոկատներ, նրանք տեսանյութերում հատուկ հագուկապով են, իրենց հավասարակշռված են պահում, տեսանյութերում հնչում է համապատասխան երաժշտություն և այլն:

«Խորապես համոզված եմ, որ ԻՊ-ը պարզապես ահաբեկչական շարժում չէ, այլ ենթամշակույթ: Դրա ազդեցությունը դեռ երկար կզգացվի՝ մինչև մեկ այլ՝ ավելի վառ ու գայթակղիչ ջիհադական ենթամշակույթի ի հայտ գալը»,- նշում Սերենկոն:

Նրա կարծիքով՝ թեև Սիրիայում ու Իրաքում ԻՊ-ը գործնականում վերացել է, սակայն դեռևս կան գործունակ խմբեր, որոնք իրենց խալիֆայության կողմնակից են համարում՝ տարբեր տվյալներով՝ 20-25 հազար մարդ: «Դա զգալի թիվ է, համարյա ընդհատակյա բանակ, որն առաջին իսկ հնարավորության դեպքում կարող է վերածնվել: Եվ ինչ-որ բան ինձ հուշում է, որ երկար սպասելու հարկ չի լինի՝ 2-3 տարի կամ ավելի շուտ»,- ասում է փորձագետը:

Թե ի՞նչ ձևաչափով կլինի վերածնունդը, նա դեռ դժվարանում է ասել՝ կարող է լինել հին բրենդը, կարող է ձևափոխվել: Ըստ Սերենկոյի՝ հնարավոր է, որ այդ ժամանակ ԻՊ-ը դաշնակիցներ ձեռք բերի քրդերի շրջանում. նրանք իրենց խաբված ու ոչնչացված են զգում: Ի դեպ, նման սցենար ԻՊ-ի ղեկավարները հաշվարկել էին դեռևս մեկ տարի առաջ՝ կոչ էին ուղղել քրդերին՝ միավորել ջանքերը խալիֆայության վերածնման համար: Այն ժամանակ էլ հենց ասել էին, որ քրդերը սպասելիքներ չունենան՝ օգտագործեցին ահաբեկիչների դեմ պայքարում ու դեն շպրտեցին:

«Ստացվում է, որ նախ ոչնչացրին ահաբեկիչներին, այդ թվում՝ քրդերի ձեռքով, հետո էլ հենց նրանց անվանեցին ահաբեկիչներ: Սակայն վատն այն է, որ ահաբեկիչներն իրականում ոչնչացված չեն: Նրանք ընդհատակում են, բայց ոչ երկար ժամանակով»,- եզրափակում է Անդրեյ Սերենկոն: