կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-20 17:02
Աշխարհ

Փոքր քայլ մեծ հակամարտության լուծման ուղղությամբ. Բեռլինի խորհրդաժողովի արդյունքները

Փոքր քայլ մեծ հակամարտության լուծման ուղղությամբ. Բեռլինի խորհրդաժողովի արդյունքները

Երեկ՝ հունվարի 19-ին Բեռլինում կայացավ Լիբիայի հարցով միջազգային խորհրդաժողովը, որի նպատակը 2011 թ. մինչ օրս Լիբիայում շարունակվող հակամարտության խաղաղ կարգավորումն է: Խորհրդաժողովին մասնակցում են հակամարտող երկու կողմերը՝ Լիբիայի ազգային բանակի հրամանատար Հալիֆե Հաֆթարն ու Լիբիայի ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջը, ինչպես նաև հակամարտության լուծմանը լծված պետությունների ղեկավարները՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:

Հյուրընկալող երկրի կանցլեր Անգելա Մերկելի համոզմամբ՝ մասնակից երկրներին հաջողվել է Լիբիայի հակամարտության լուծման ուղղությամբ համաձայնություն ձեռք բերել: Խորհրդաժողովում համաձայնություն է ձեռք բերվել զենքերի մատակարարման վրա էմբարգո սահմանելու, դրա իրականացման ուղղությամբ վերահսկողության սահմանման և բացառապես քաղաքական ճանապարհով խնդրի լուծման ուղղությամբ:

«Բեռլինի խորհրդաժողովը ներդրում կունենա Լիբիայի հակամարտության լուծման մեջ: Մեզ հաջողվել է նոր զարկ հաղորդել Լիբիայում քաղաքական գործընթացին, որը խաղաղություն կբերի Լիբիային և նրա ժողովրդին», - ըստ Yerkir.am-ի՝  հայտարարել է Անգելա Մերկելը:

Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Հայկո Մաասն էլ նշում է, որ խորհրդաժողովը հասել է նպատակին և «մնացել է միայն պտտել կողպեքի մեջ դրված բանալին»:

«Բեռլինում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը բավական բարդ է լինելու, եթե ոչ անհնարին, որովհետև նախ և առաջ շարունակվում են ներլիբիական առանցքային կողմերի միջև հակամարտությունը, և երկրորդ՝ միջնորդ դերակատարների նման մեծ թվաքանակը, նրանց շահերի բախումը թույլ չի տա, որ այս համաժողովում ընդունված բանաձևերն ու ձևակերպումները իրականություն դառնան», - այս մասին, Yerkir.am-ի հետ զրույցում նշեց արաբագետ Արմեն Պետրոսյանը:

Հունվարի 13-ին Մոսկվայում Ռուսաստանի և Թուրքիայի նախաձեռնությամբ տեղի էր ունեցել Հաֆթարի և Սարաջի միջև հանդիպումը, որն անցել էր ապարդյուն, ինչից հետո Հաֆթարը լքել էր բանակցությունների սեղանն՝ առանց սպառազինությունը կրճատելուն ուղղված հուշագիրը ստորագրելու:

2019 թ. դեկտեմբերին Թուրքիան հայտարարել էր Լիբիայի զորք ուղարկելու մասին: Դեկտեմբերի վերջին, ըստ բրիտանական The Guardian պարբերականի, Թուրքիան Սիրիայում Թուրքիայի աջակցությունը վայելող իսլամիստական խմբավորումներից 2000 զինյալ էր ուղարկել Լիբիա՝ Թուրքիայի կողմից որպես օրինական ճանաչված կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջին աջակցելու համար, որոնք պետք է հսկեին Տրիպոլիի արևելքը: Բացի այդ այս տարվա սկզբին Էրդողանը հայտնել էր թուրքական բանակի՝ Լիբիա գործուղման որոշման մասին:

Հետևաբար բանակցությունների արդյունքում ձեռք բերված այն կետը, ըստ որի, միջնորդ պետությունները չպետք է աջակցություն ցուցաբերեն հակամարտող կողմերին, չէր կարող Թուրքիայի «սրտով լինել»: Գերմանական DPA գործակալության տվյալներով Էրդողանը վաղաժամ է լքել խորհրդակցությունները, սակայն Էրդողանի խորհրդական Իբրահիմ Քալընը հայտարարել էր, որ Էրդողանը պարզապես չի ցանկացել մասնակցել ընթրիքին:

Արմեն Պետրոսյանը նշում է, որ նմանատիպ վեհաժողովի նպատակներից մեկը նաև լիբիական հակամարտության առանցքային դերակատարների՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջամտության սահմանափակումն էր. «Ինչպես Սիրիայում, այնպես էլ Լիբիայում հիմնական գործընթացները փորձելու են ուղորդել Ռուսաստանն ու Թուրքիան: Բեռլինից հետո գուցե տեսնենք այս երկու երկրների միջամտության թուլացում: Չի կարելի բացառել, որ Մոսկվան ու Անկարան կգնան ավելի առարկայական, երկկողմ ձևաչափով նոր հարթակի ձևավորմանը, ինչպես օրինակ Սիրիայի հարցով «Աստանայի ձևաչափի» դեպքում»:

Արաբագետ Արմեն Պետրոսյանը նաև բացառեց, որ Թուրքիան հետ կկանգնի լիբիական կառավարությանը ցուցաբերած աջակցությունից: «Թուրքիան հստակ նպատակներ ունի և՛ Լիբիայի տարածքում՝ հաշվի առնելով այդ երկրի կարևորությունը, և՛ միջերկրածովյան ջրերում Թուրքիայի էներգետիկ շահագրգռվածության հետ կապված», - եզրափակեց Պետրոսյանը:

 

Արգամ Եղիազարյան