կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-20 13:10
Տնտեսական

Ի՞նչ եղան աշխատանքային օրենսդրության խոստացված բարեփոխումները

Ի՞նչ եղան աշխատանքային օրենսդրության խոստացված բարեփոխումները

Իշխանափոխությունից հետո շրջանառությունից հանվեց ՀՀ աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, որը մշակվել էր իրավակիրառական պրակտիկայի բազմակողմանի վերլուծության հիման վրա: Այս նախագիծը նպատակ ուներ լուծելու աշխատանքային իրավունքների պաշտպանության ոլորտում վեր հանված բազմաթիվ խնդիրներ, ինչպես նաև ապահովելու այս ոլորտում ՀՀ ստանձնած միջազգային մի շարք պարտավորությունների լիարժեք կատարումը: Մշակման փուլում նախագիծը մանրակրկիթ քննարկվել էր նաև Աշխատանքի միջազգային կազմակերպության ներկայացուցիչների հետ, հաշվի էին առնված նաև այդ մասնագետների ներկայացրած առաջարկությունները:

Շրջանառությունից այս նախագիծը հանելու հիմնքում դարձյալ պոպուլիզմն էր. «Նոր իշխանությունն ավելի լավ գիտի աշխատողների խնդիրները և կմշակի նոր նախագիծ՝ այդ խնդիրներն ամբողջական լուծելուն ուղղված:»:

Անցած երկու տարիներն էլ ավելի հիմնավորեցին այս «հիմնավորման» պոպուլիստական լինելը:

Նախ՝ այդպես էլ չկա խոստացված և սպասված նոր նախագիծը: Դրա անհրաժեշտության մասին իշխանությունները խոսում են՝ մեր պարբերաբար հիշեցումներից հետո: Իսկ աշխատանքային իրավունքների պաշտպանության բացահայտված բազում խնդիրները շարունակում են չլուծված մնալ՝ օրվա իշխանությունների բարի ցանկությունից անկախ: Ավելին, տարբեր առիթներով արդեն համոզվել ենք՝ այս ոլորտում քաղաքականության պատասխանատու իշխանավորներից շատերը բավարար չափով ծանոթ չեն իրենց կողմից շրջանառությունից հանված նախագծին և գործող կարգավորումների բնույթին, առավել ևս՝ ոլորտում առկա խնդիրներին:     

Այս ընթացքում շրջանառությունից հանված նախագծից մեկ-երկու մանր կտորներ են ընդունվել՝ Ազգային ժողովի որոշ պատգամավորների առաջարկությամբ: Իհարկե լավ է, որ իրավակիրառական պրակտիկայում հրատապ անհրաժեշտություն ունեցող և արդեն երկու տարի շրջանառությունից հանված օրենսդրական կարգավորումների գոնե մի փոքր մասը բերվում է օրակարգ:

Սակայն այս լավատեսությունը տեղին է միայն առաջին հայացքից, քանի որ նշված օրենսդրական փոփոխությունների հիմնական մասը, կարգավորման որևէ խնդիր չլուծելով, առաջացրել է նոր խնդիրներ: Այս դրվագային փոփոխությունների վերաբերյալ ժամանակին ներկայացրել ենք մեր մասնագիտական գնահատականները: Օրինակ՝ որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրի կարգավորումներին վերաբերող, վերջերս կատարված խնդրահարույց փոփոխությունները և այլն: Բնականաբար, այս պարագայում էլ օրակարգային է դառնում «մի՛ վնասիր» հորդորը:

Կարելի է կարծել՝ աշխատանքի ոլորտի քաղաքականության պատասխանատու իշխանավորները անցած երկու տարիներին կա՛մ այդպես էլ լուրջ չեն վերաբերել աշխատանքային հարաբերությունների կարգավորման առկա խնդիրներին, կա՛մ էլ շարունակաբար մտածում են՝ ինչ ձևով հիմնավորեն և հետ բերեն շրջանառությունից իրենց կողմից հանված ամբողջական նախագիծը:

Ի դեպ, աշխատանքային օրենսդրության համակարգային բարեփոխումներին նվիրված առաջարկների ամբողջական փաթեթ ևս ներկայացրել ենք հանրային քննարկման 2019 թվականի հուլիսին (էլեկտրոնային տարբերակը հասու է՝ այս հղումով):

Այս ընթացքում պարբերաբար բարձրաձայնել ու հետագայում ևս շարունակելու ենք բարձրաձայնել աշխատողների իրավունքների պաշտպանությանը վերաբերող, առարկայական մի շարք հիմնախնդիրներ, որոնք այդպես էլ մնում են չլուծված:

Ի դեպ, այս հիմնախնդիրների գործնական դրսևորումներով պայմանավորված՝ աշխատողների իրավունքների խախտումների վերաբերյալ բազմաթիվ դեպքեր արձանագրում ենք նաև Հրայր Մարուխեան հիմնադրամի աջակցությամբ, 2017 թվականի դեկտեմբերից գործող աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակի գործունեության արդյունքում: 

Թադևոս Ավետիսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի