Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց գրասենյակը վերջերս իրականացրել է հսկայածավալ ուսումնասիրություն աշխատանքի իրավունքի ոլորտում, և այդ ուսումնասիրության արդյունքներն ամփոփ ներկայացվել ու տրամադրվել են լրատվամիջոցներին:
Զեկույցում ՀՅԴ մասնագետները ոլորտի խնդիրներին լուծումներ են առաջարկում` հուսալով, որ քաղաքականության պատասխանատուներն այս անգամ ավելի աչալուրջ կլինեն, ականջալուր կլինեն իրենց բարձրացրած հարցերին, մանրամասն կուսումնասիրեն դրանք: Իրենք էլ, ըստ բանախոսի, անհրաժեշտության դեպքում պատրաստ են մասնագիտական հմտություններով օժանդակել նոր կառավարիչներին:
«Վերջին մեկ տարում քաղաքական փոփոխություններից հետո համոզվում ենք, որ աշխատանքային իրավահավասարությունների ոլորտը, անհրաժեշտ բարեփոխումները, կարելի է ասել, երկրորդ պլան են մղվել: Դա նաև տեսնում ենք կառավարության ծրագրում, դրա ձևակերպումներում բավականաչափ շեշտադրումներ չկան,- նշեց Ավետիսյանը:
Ըստ նրա` աշխատանքային հարաբերությունները հանրության լայն զանգվածներին են վերաբերում ու բավական բարդ են, որովհետև այդտեղ տարբեր շահեր են հատվում` գործատուների, աշխատողների, պետության և այլն: «Սոցիալական պետությունը, որը ՀՀ Սահմանադրությամբ է ապահովված, պետք է կարևոր դերակատարում ունենա այս դաշտում իրավունքների ու պարտականությունների կշռման իմաստով»,- ասաց տնտեսագետը:
Նա հավելեց նաև, որ Հայաստանն անկախացումից ի վեր միջազգային մի շարք պարտավորություններ է ստորագրել, բայց դրանց մեծ մասը, ցավոք, չի իրականացվել, ինչը փաստվում է հեղինակավոր կազմակերպությունների երաշխավորություններում ու զեկույցներում: Դիտողությունները վերաբերում են աշխատավորի հանգստին, աշխատավարձին, աշխատանքային երաշխիքներին և այլն:
«Այս համատեքստում դրական օրինակ է ՀՅԴ «Հրայր Մարուխեան» հիմնադրամի աջակցությամբ 2017 թվականի դեկտեմբերից գործող աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակը: Գրասենյակի անվճար ծառայություններից արդեն իսկ օգտվել է 300-ից ավելի քաղաքացի: Գրասենյակի կողմից տրամադրված խորհրդատվության և մատուցված փաստաբանական ծառայությունների օգնությամբ վերականգնվել են ավելի քան 100 քաղաքացիների աշխատանքային իրավունքները»,- հայտնեց Թադևոս Ավետիսյանը: