|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ՀՀ գլխավոր դատախազությունը մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցն անձնական երաշխավորությամբ փոխարինելու վերաբերյալ ՀՀ ԱԺ 45 պատգամավորների ներկայացրած միջնորդությունը: Այս տեղեկությունը Yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Նշենք, որ Քոչարյանի կալանավորման որոշման դեմ ներկայացված բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում կքննվի վաղը: Ներկայացված բողոքին կցված է նաև պատգամավորների երաշխավորության վերաբերյալ փաստաթուղթը:
Ավելի վաղ հայտնել ենք, որ ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցն անձնական երաշխավորությամբ փոխարինելու վերաբերյալ փաստաթղթի տակ ստորագրել է ԱԺ 45 պատգամավոր, այդ թվում` ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ու երկու փոխնախագահները:
Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը 8 ժամ տևած քննությունից հետո բավարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդությունը։
ՀՀ երկրորդ նախագահը կալանավորվեց 2 ամիս ժամկետով և տեղափոխվեց «Երևան-Կենտրոն» ՔԿՀ: Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ այն բանի համար, որ նա, այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Քոչարյանը պնդում է, որ այս ամենը քաղաքական ենթատեքստ ունի: