կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-25 17:37
Սպորտ

Սիմոն Մարտիրոսյանը դարձավ օլիմպիական չեմպիոն

Սիմոն Մարտիրոսյանը դարձավ օլիմպիական չեմպիոն

Ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը լրագրողների հետ զրույցում այսօր հայտնել է, որ Սիմոն Մարտիրոսյանի Ռիո-2016-ի օլիմպիական արծաթը կփոխարինվի ոսկով: Ալավերդյանը նշել է, որ այսօր պաշտոնական գրություն է ստացել ՄՕԿ-ից, որտեղ նշված է եղել, որ այդպիսի գործընթաց է ընթանում. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է Armsport.am-ը:

Մինչև 105 կգ քաշային կարգում Ռիո-2016-ի ոսկե մեդալակիր, ուզբեկ Ռուսլան Նուրուդինովի դոպինգ-թեստը դրական արդյունք է ցույց տվել:

Ըստ Փաշիկ Ալավերդյանի, Սիմոն Մարտիրոսյանը պաշտոնապես Ռիոյի 2016 թվականի օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր կարող է ճանաչվել արդեն 2020 թվականի հունվարին:

Մարզական արբիտրաժային դատարանի հակադոպինգային բաժինը (CAS ADD) Ուզբեկստանի ներկայացուցչին այս տարվա մայիսին մեղավոր է ճանաչել Լոնդոնի 2012 թվականի Օլիմպիական խաղերում դոպինգ օգտագործելու մեջ:

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) 2018 թվականի դեկտեմբերին հայտնել էր Նուրուդինովին մրցումներից հեռացնելու մասին՝ ՄՕԿ-ի կողմից մարզիկի դոպինգ-թեստի վերաստուգումից հետո:

Այս տարվա ապրիլին միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) Նուրուդինովի գործը փոխանցել էր CAS, որտեղ նրա գործի քննման արդյունքում որոշում կայացվեց այն մասին, որ մարզիկը խախտել է հակադոպինգային կանոններն ու լոնդոնյան խաղերում նրա արդյունքները չեղյալ համարվեցին: Գործը փոխանցվեց IWF՝ հետագա ուսումնասիրման համար: Լոնդոնի Օլիմպիական խաղերում Նուրուդինովը 4-րդ տեղն էր զբաղեցրել:

Հիշեցնենք՝ Սիմոն Մարտիրոսյանը Ռիոյի օլիմպիական խաղերի ժամանակ ընդամենը 19 տարեկան էր:

Այսպիսով՝ Սիմոն Մարտիրոսյանը դարձավ անկախ Հայաստանի երրորդ օլիմպիական չեմպիոնը՝ ըմբշամարտիկներ Արմեն Նազարյանից և Արթուր Ալեքսանյանից հետո: