կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-23 19:54
Հասարակություն

Սոնա Ղազարյանի հետ համաձայն չեմ՝ Վաչագան Սարգսյանի «Այբբենարանում» որևէ վատ բան չկա. Հովիկ Աղազարյան

Սոնա Ղազարյանի հետ համաձայն չեմ՝ Վաչագան Սարգսյանի «Այբբենարանում» որևէ վատ բան չկա. Հովիկ Աղազարյան

«Ըստ երևույթին, Սոնան ճիշտ չի հասկացել գրքի պատկերները, որվհետև, ճիշտ է, մասնագետ չեմ, բայց չեմ կարծում, որ այնտեղ որևէ բացասական բան կար: Ես չեմ կիսում նրա կարծիքը», - Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով իր գործընկեր Սոնա Ղազարյանի կողմից մանկագիր Վաչագան Սարգսյանի գրքին տրված կոպիտ որակավորմանը, ասաց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

Նրա կարծիքով՝ Վաչագասն Սարգսյանի «Այբբենարանում» ոչ մի արտառոց բան չկա, համենայն դեպս ինքն այնտեղ նման բան չի տեսնում.

«Ես մանրամասն ուսումնասիրել եմ Վաչագան Սարգսյանի «Այբբենարանը» , որևէ արտառոց բան չեմ նկատել այնտեղ: Երկու պատկեր կար միայն, որոնք ինձ, եթե կարելի է այդպես ասել, դուր չեկան: Բայց ինձ դուրը չգալը չի նշանակում, որ այդ պատկերները վատն էին կամ անթույլատրելի, ճաշակի հարց է, բացի այդ՝ գուցե ես ինչ-որ բան ճիշտ չեմ ընկալում դրանց մեջ»:

Հովիկ Աղազարյանն ավելի հստակեցրեց իր խոսքն ու ասաց, որ ինքը գրքի մասով որևէ բացասական ասելիք չունի: Նա չի բացառում նաև այն, որ իր գործընկերը ճիշտ չի ընկալել գրքի բովանդակությունը.

«Չեմ ուզում նրա փոխարեն խոսել, բայց գտնում եմ, որ նա կարող էր ավելի նրբանկատորեն ձևակերպել իր ասելիքը, մանավանդ, որ դեպքից ժամեր անց ընդունել էր իր այն սխալը, որ կոպիտ է արտահայտվել», - եզրափակեց Աղազարյանը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 20-ին ԱԺ-ում տեղի ունեցած լսումների ժամանակ իշխանական թևի պատգամավոր Սոնա Ղազարյանը շատ վատ էր արտահայտվել Վաչագան Սարգսյանի հեղինակած «Այբբենարանի» մասին՝ հայտարարելով, որ դրա տեղն աղբամանում է:

Գևորգ Գյուլումյան