Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ավագ և միջին սերունդը լավ է հիշում պրոֆեսոր Պետրոս Բեզիրգանյանին:
Ավագներն իրենց ջահելությունը Yerkir.am-ի հետ զրույցում հիշելիս՝ ակամայից ժպտում են․ ֆիզիկոսներն ու բանասերները նույն շենքում էին դաս անում՝ առաջին և երկրորդ հերթով։ Ու դասերի ավարտին դժվար էր իմանալ՝ ֆիզիկոսները լաբորատորիայում մնացել են գիտական հետազոտություններ անելո՞ւ, թե՞ բանասիրականի աղջիկներին սիրահետելու համար։ Պետրոս Բեզիրգանյանն էլ ամեն օր ի՛ր հետազոտությունն էր անում․ ֆիզիկայի ֆակուլտետի տղաներին «գործի վրա» բռնացնում էր։
Նախորդ դարի 70-80-ականներին, երբ գիտության տարբեր ճյուղեր, այդ թվում՝ ֆիզմաթ ուղղությունը վերելք ու ծաղկում էր ապրում, կենտրոնական Մոսկվան շրջանառում էր նաև Պետրոս Բեզիրգանյանի անունը: Ծնունդով ջավախքցի գիտնականը ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնը ղեկավարել է 1960 թվականից: Նրանից առաջ ամբիոնը 1956-ին ստեղծել և գլխավորել է գիտության մեծ երախտավոր Նորայր Քոչարյանը: Պետրոս Բեզիրգանյանի նախանշած ուղին շարունակել են նրա ուսանողները, որոնք հմուտ ուսուցչի, ծանրակշիռ գիտանականի համբավ են վաստակել նոր սերնդի շրջանում:
Խիստ, պահանջկոտ, աշխատասեր, գիտության նվիրյալ. այսպես են Պետրոս Բեզիրգանյանին հիշում նրա ուսանողները, որոնք կարճ ժամանակ անց դարձել են նրա գործընկերն ու հետևորդը: Ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՍՍՀ բարձրագույն դպրոցի վաստակավոր գործիչ, Հայկական ՍՍՀ պետական մրցանակի դափնեկիր, Հայրենական մեծ պատերազմի մասնակից Պետրոս Բեզիրգանյանը ծնվել է 1916 թվականին: Նրա հարյուրամյակը 2 տարի առաջ նշվել է նաև ԵՊՀ-ում, հայալեզու և անգլալեզու պարբերականներում ու ամսագրերում հոդվածներ, հիշողություններ են գրվել անվանի գիտնականի մասին: Այսօր էլ ֆիզիկոսները պինդ մարմնի պրոբլեմային լաբորատորիայի ստեղծման գործում նրա դերը անգնահատելի են համարում: Պ. Բեզիրգանյանը նաև ռենտգեն հետազոտությունների ոլորտում է մեծ ներդրում ունեցել: Խորհրդային ժամանակներում, երբ ծանրակշիռ գիտնական լինելուց բացի, սեփական երկրի հաջողությունների համար նաև անձնական կապերն էին լուրջ դեր կատարում, Պետրոս Բեզիրգանյանը Հայաստանում լաբորատորիա ստեղծելու և սարքավորումներ ձեռք բերելու նպատակով մեծ ջանքեր է գործադրել և հաջողել: Նրան ճանաչողները գնահատում են ոչ միայն վաստակաշատ գիտնականի դերը, այլև գիտության ղեկավարի, ադմինիստրատորի հմտությունները: Ղեկավարի ջիղը, որով օժտված է եղել Պետրոս Բեզիրգարյանը, լավագույնս ծառայել է Հայաստանում ֆիզմաթ գիտությունների գործնական զարգացմանը: Պետրոս Բեզիրգանյանը միութենական և արտասահմանյան մամուլում հրատարակված շուրջ 300 գիտական աշխատանքների, 30-ից ավելի գյուտերի, 2 մենագրությունների, մի շարք դասագրքերի և ուսումնական ձեռնարկների հեղինակ է: Գիտնականը ջանացել է, որ իրենից հետո էլ երիտասարդ ֆիզիկոսները շարունակեն զարգացնել պինդ մարմնի ֆիզիկան, նոր նվաճումներ ունենան: Ջանքերն իզուր չեն եղել. չնայած չնչին աշխատավարձին՝ հայ ֆիզիկոսները շարունակում են բարձր ազդեցության գործակցով միջազգային ամսագրերում գիտական հոդվածներ տպագրել: Գիտական հետազոտությունների հետ կապված վիճակագրություն է անց կացվել, ըստ որի՝ պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնն ու լաբորատորիան, որոնք համատեղ ընդամենը 28 աշխատող ունեն, 2-ից բարձր ազդեցության գործակից ունեցող միջազգային ամսագրերում յուրաքանչյուր 2 շաբաթը մեկ գիտական մեկ հոդված են տպագրում: Գիտական նման արդյունավետության հիմքերը խորն են և բխում են Վիկտոր Համբարձումյանի, Արտեմ Ալիխանյանի, Նորայր Քոչարյանի, Պետրոս Բեզիրգանյանի և գիտության մյուս երախտավորների ամրագրած ավանդույթներից:
Պետրոս Բեզիրգանյանի մասին՝ նրա ուսանողների հիշողությունները՝ տեսանյութում․