Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օսմանցի բարձրաստիճան հոգևորական, գիտաշխատող և հետազոտող՝ Մեհմետ Շերեֆ ուլ-դին Յալթղայան (1879-1947թթ․) հանդիսանում է Օսմանյան Կայսրության և Թուրքիայի Հանրապետության այն բացառիկ կրոնապետերից, ով դավանաբանական ճոխ հետազոտություններից զատ հեղինակն է նաև գիտական բազմաթիվ աշխատությունների և դասագրքերի։ Յալթղայան 1924 թվականից եղել է Թուրքիայի պետական համալսարանների աստվածաբանության, պատմության և գրականության դասախոս։ 1933թ․ Զբաղեցրել է Թուրքիայի «Կրոնական հարցերի գրասենյակ»-ի տնորենի պաշտոնը, մինչև մահ։ Այս կրոնապետն է ղեկավարել Քեմալ Աթաթուրքի հուղարկավորման կրոնական ծիսակատարությունը, 1938թ․։
Յալթղայայի նշանակալի աշխատությունների շարքին է դասվում՝ «Ռեսըմլի խառիթասի ջուղրաֆիայե ումումի» (Քարտեզով պատկերազարդ ընդհանուր աշխարհագրություն) դասգիրքը, որը տպագրվել է «Քիթաբհանեյե ասքերի» (բանակի գրադարան) հրատարակչության կողմից Ստանբուլում, 1914թ․։ Այս դասգրքում առկա է «Ումումե մեմալիքե օսմանիյե» (Ընդհանուր օսմանյան պետություն) քարտեզը, որի աջ մասում երևում է՝ Կովկասը։
Սույն մասում, «Ղուռ» (Կուր) գետի հարավային և «Առաս» (Արաքս) գետի հյուսիսային բաժնում, խոշոր տառատեսակով, նշված է միմիայն «Էռմենիստան»-ը (Հայաստան), ընդորում միջին տառատեսակով նշված է նաև «Ղառե բաղ»-ը (Արցախ) և փոքր տառատեսակով՝ «հուքեմդարիե Իռևան» (կուսակալական Երևան), «Շուշա» (Շուշի), «Ելիզավեթպոլ» (Գանձակ) և «Ջուլֆա» (Ջուղա) քաղաքաների անունը։
Նույն մասում, Կուր գետի հյուսիսային բաժնում, խոշոր տառատեսակով, նշված է «Ղաֆղասիե»-ն (Կովկասը), միջին տառատեսակով՝ «Դաղեստան»-ը և փոքր տառատեսակով՝ «Թիֆլիս», «Բաքու», «Փութ» (Փոթի) և «Բաթում» քաղաքաների անունը։
Այստեղ չկա՛ «Ադրբեջան»-ը։ Իսկ Իրանի տարածքում, Արաքս գետի հարավային բաժնում միայն երևում է՝ «Ազերբիջան»-ը (Ատրպատական)։
Ահա թե օսմանցին ինչպես էր պատկերացնում Հայաստանն ու Արցախը Կովկասում, 1914թ․։ Ահա թե ինչպես կարելի է հիմք ընդունել նման վկայություններն այսօր, եթե իհարկե առկա են համապատասխան գաղափարական համոզումը, քաղաքական կամքն ու դիվանագիտական հմտությունը։
Կարեն Խանլարյան
Իրանի խորհրդարանի նախկին պատգամավոր,
տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր