կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-06 23:16
Աշխարհ

Ոչ մի գիտնական չի կարող պնդել, որ Հայոց ցեղասպանություն տեղի չի ունեցել

Ոչ մի գիտնական չի կարող պնդել, որ Հայոց ցեղասպանություն տեղի չի ունեցել

Ամերիկայի հայկական համագումարի Հարավային Կալիֆոռնիայի Տարածաշրջանային խորհուրդը (Southern California Regional Council - SCRC) Փասադենայի համալսարանի ակումբում դոկտոր Ռոնալդ Սունիի եւ դոկտոր Նորման Նայմարկի մասնակցությամբ անցկացրեց յուրահատուկ մի գրքի ներկայացում:

Դոկտոր Նայմարկը եւ դոկտոր Սունին հակիրճ ներկայացրեցին եւ նկարագրեցին իրենց` վերջերս հրատարակված գիրքը՝ «Ցեղասպանության հարցը. հայերը եւ թուրքերը Օսմանյան կայսրության վերջին տարիներին»: Երկու մասնագետները պատմեցին, թե ինչպես է այս նախագիծը ծնվել հայ եւ թուրք գիտական աշխատանքային խմբից (Workshop on Armenian and Turkish Scholarship -WATS): Գիրքը, որը խմբագրել է Ֆաթմա Մյուջ Գոցեկը, ներառում է ավելի քան մեկ տասնյակ մասնագետների ուսումնասիրություններ:

Իր ելույթում դոկտոր Նայմարկը նշեց, որ Հայոց ցեղասպանության գիտական ուսումնասիրությունը վերջին երեք տասնամյակների ընթացքում խիստ զարգացել է: Գրքի ներածության մեջ Նայմարկն ասում է. «Այս բոլոր ուսումնասիրությունները կարդալուց հետո, որոնք այս դաշտում  «գլուխգործոցներ» են, ոչ մի գիտնական չի կարող պնդել, որ Հայոց ցեղասպանություն տեղի չի ունեցել»: Նայմարկը նշեց, որ գրքի նպատակն է ուսումնասիրել Հայոց ցեղասպանության սկզբնական պատճառներն ու գործոնները:

Դոկտոր Սունին պատմեց WATS-ում ունեցած իր սկզբնական փորձի եւ դժվարությունների մասին: Ինչպես նա ասում է գրքում. «Չնայած, որ կան բազմաթիվ թուրքեր, ովքեր ժխտում են Ցեղասպանության եղելությունը, կան նաեւ բազում թուրք մտավորականներ եւ գիտնականներ, ովքեր ամենաբարդ քաղաքական պայմաններում փորձում են վերանայել իրենց պատմությունը, նույնիսկ օսմանների կողմից հայերի մասայական կոտորածները»: WATS-ի մասին խոսելիս դոկտոր Սունին ներկայացրեց գրքի ենթատեքստը, ինչպես նաեւ կիսվեց իր տպավորությամբ երկամսյա այցից Թուրքիա, որ ավելի ու ավելի մարդիկ են սկսում ընդունել Ցեղասպանության ողբերգության փաստը:

Ռոնալդ Սունին ներկայումս Սոցիալ եւ քաղաքական պատմության դասախոս է Չարլզ Տիլի համալսարանում, ինչպես նաեւ Միչիգանի համալսարանի Էյզենբերգ ուսումնասիրական ինստիտուտի ղեկավար,  քաղաքագիտության ու պատմության պատվավոր դասախոս Չիկագոյի համալսարանում: Դոկտոր Սունին Միչիգանի համալսարանի Ալեքս Մանուկյանի անվան ժամանակակից հայերենի ամբիոնի առաջին ղեկավարն էր:

Նորման Նայմարկը Ստենֆորդի համալսարանի Ռոբերտ եւ Ֆլորենս ՄաքԴաուելների անվան Արեւելյան Եվրոպայի պատմության ամբիոնի ղեկավարն է: Նա նաեւ Հուվեր համալսարանի եւ Միջազգային հետազոտությունների համալսարանի ավագ գիտաշխատող է: Եղել է Ստենֆորդի համալսարանի ռուսերենի եւ Արեւելյան Եվրոպական ուսումնասիրությունների ղեկավարը, ինչպես նաեւ Ստենֆորդի պատմագիտության ֆակուլտետի դեկան: Ստենֆորդից առաջ նա պատմության դասախոս էր Բոստոնի համալսարանում եւ Հարվարդի ռուսական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող:

«Իմ եւ Նորմանի անունից կցանկանայի երախտագիտություն արտահայտել Ամերիկայի հայկական համագումարի Հարավային Կալիֆոռնիայի տարածաշրջանային խորհրդին այս միջոցառումը կազմակերպելու համար: Մենք կընդլայնենք մեր ջանքերը մարդկության դեմ կատարված այս պատմական հանցանքը լուսաբանելու ուղությամբ եւ հույս ունենք, որ մեր գիրքը մի օր կթարգմանվի թուրքերեն»,- նշեց դոկտոր Ռոնալդ Սունին: