կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-11 13:19
Քաղաքական

Այդ ինչպե՞ս եղավ, որ մի քանի հեռուստաընկերությունների շահը որոշեցին ներկայացնել որպես բոլոր հեռուստաընկերությունների շահ

Այդ ինչպե՞ս եղավ, որ մի քանի հեռուստաընկերությունների շահը որոշեցին ներկայացնել որպես բոլոր հեռուստաընկերությունների շահ

Այսօր ԱԺ նիստում, երբ քննարկվում էր «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» և «Գովազդի մասին» ՀՀ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին հարցը, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը համոզմունք հայտնեց, որ ԱԺ-ն պետք է հետևողական լինի իր իսկ կողմից ընդունված օրենքների կատարման հարցում: Մասնավորապես՝ ցանկացած օրենք ենթակա է ազդեցության գնահատման, որի պատասխանատուն կառավարությունն է կամ նրա կողմից լիազորված մարմինը:

 

Հիշեցնենք, որ օրինագիծը հեղինակած մի խումբ պատգամավորներ առաջարկում են զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով թույլատրել թունդ ալկոհոլային խմիչնքների գովազդը` ժամը 22:00-ից մինչև 06:00-ն:

 

Արծվիկ Մինասյանը նշեց, որ այս օրենքի քննարկման փուլում բացակայում է օրենքի ազդեցության գնահատականը: Ավելին` կառավարության նիստերից մեկում արվել է փորձ՝ տալ ազդեցության գնահատական, որը բացասական էր և ցույց էր տալիս, թե որքան բացասական հետևանքներ կունենա այս օրենքը:

 

«Հարգելի' ԱԺ նախագահ, այս օրինագծի քննարկումը ներկա պահին թերի է, որովհետև բացակայում է ազդեցության գնահատականը»,- ասաց պատգամավորը:

 

Հանրային քաղաքականության փոփոխության առումով պատգամավորը նշեց, որ 2002թ. այդ օրենքում սահմանափակումներ արվեցին, որը համարվեց առաջադեմ քայլ, և Հանրապետական կուսակցությունը նույն ոգևորությամբ պաշտպանում էր սահմանափակումները՝ ի շահ հանրային առողջության: Այդ ժամանակ նույնպիսի ոգևորությամբ Հանրապետական կուսակցությունը ներկայացնում էր նաև բոլոր հեռուստաընկերությունների միասնական կարծիքը, որոնք պատրաստ էին վնաս կրել:

 

«Այսինքն` այն ժամանակ հեռուստաընկերությունները միասնական կարծիք են հայտնել: Այդ ինչպե՞ս եղավ, որ մեր որոշ գործընկերներ մի քանի հեռուստաընկերությունների շահը որոշեցին ներկայացնել որպես բոլոր հեռուստաընկերությունների շահ: Քննարկե՞լ եք: Հանրային քննարկում անցե՞լ է այս օրենքը: Իհարկե` ոչ»,- ասաց Արծվիկ Մինասյանը: Նա նաև նշեց, որ այս օրենքի հիմնական շահառուներն են ներկրող-իրացնողը և հեռուստատեսություն-գովազդողը: Ըստ պատգամավորի` օրենքի հեղինակները չեն կարողանում ապացուցել հանրային շահը:

 

Արծվիկ Մինասյանի խոսքով՝ հեռուստաընկերությունների ֆինանսավորման տարբեր սխեմաներ կան, և պարտադիր չէ վատ ազդեցության գնահատական ստացած օրենք ընդունել` որոշ հեռուստաընկերությունների ֆինանսական խնդիրները լուծելու համար: «Այս նախագիծը հակասում է ոչ միայն հանրային շահին, այլ նաև տեղական արտադրողի շահին: Մի քանի անձանց շահերի համար նման նախագիծ ե՞ն ընդունում, բայց այդտեղ հանրության շահ չկա, եթե ցույց տաք հանրային շահ, ես ներողություն կխնդրեմ»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ ինքը դեմ է քվեարկելու այդ օրինագծին: