կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-13 11:39
Տարածաշրջան

Թուրքիան արձագանքում է ԱՄՆ Սենատի բանաձևին

Թուրքիան արձագանքում է ԱՄՆ Սենատի բանաձևին

Երեկ՝ դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Սենատը ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող 150-րդ բանաձևը: Ընդունումից անմիջապես հետո թուրք պաշտոնյաներն ու ԶԼՄ-ները հանդես եկան քննադատող և դատապարտող հայտարությամբ:

Թուրք պաշտոնյաներից առաջինը արձագանքել է ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն. «Սենատի որոշումը ոչ այլ ինչ է, քան քաղաքական շաու: Այն իրավական առումով պարտադիր չէ և չունի որևէ վավերականություն: Նրանք, ովքեր ցանկանում են խեղաթյուրել պատմությունը քաղաքական նկատառումներով, չունենք կամք՝ առերեսվելու ճշմարտությանը». – հայտարարել է թուրք նախարարը:

Թուրքիայի ԱԳՆ-ն նույնպես հայտարարություն է տարածել, որում նշում է, որ այս որոշումը պատմագիտական և իրավական հենք չունի: «Սա պատմությունը քաղաքականացնելու ամոթալի օրինակներից է: Սակայն պատմությունը քաղաքական նպատակով օգտագործողները երբեք չեն հասնի իրենց նպատակին: Այս որոշումը ուղղված է թուրք-ամերիկյան հարաբերությունները վնասելուն»:

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության հարցերով դեպարտամենտի ղեկավար Ֆահրեթին Ալթունը հայտարարել է, որ բանաձևը վնաս է հասցնում հայ-թուրքական կապերին և այն որակել «անպատասխանատու և իռացիոնալ». «Մենք արձանագրել ենք, որ պատմությունը պետք է լինի ոչ թե ազգերին բաժանող, այլ միավորող երևույթ»:

Թուրքիայի նախագահի մամլո խոսնակ Իբրահիմ Քալընն էլ նշում է, որ ԱՄՆ Սենատի որոշումը խեղաթյուրում է պատմությունը և հանդիսանում է գործիք՝ փոքր քաղաքական հաշիվների համար և ոչ մի կերպ չի ազդելու քաղաքական, ռազմական և տնտեսական ոլորտում Թուրքիայի օրինական և վճռական դիրքորոշման վրա: