Փոխարժեքներ
16 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.12 |
EUR | ⚊ | € 450.36 |
RUB | ⚊ | ₽ 4.6192 |
GBP | ⚊ | £ 521.31 |
GEL | ⚊ | ₾ 141.63 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախորդ շաբաթ Ազգային ժողովում կայացավ Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրությունը։ Թեկնածուները երեքն էին՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը, դատավոր Լուսինե Աբգարյանը եւ Նելլի Բաղդասարյանը։ ԱԺ քվեարկության արդյունքում հաղթող ճանաչվեց Արմեն Դանիելյանը։
Սակայն այս ընտրությունը ոչ այնքան «հաղթանակի», որքան «հիասթափության» պատմություն է։ Դատական համակարգի ներսում Դանիելյանի հեղինակությունն առանձնապես բարձր չէ։ Ընդհակառակը՝ համակարգում շատերը նրան համարում են ամենացածր վարկանիշ ունեցող դատավորներից մեկը։
«Ժողովուրդ» օրաթերթի՝ դատական համակարգին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ, Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադեւոսյանն իր կոլեգաների ներկայությամբ չի թաքցրել դժգոհությունը։ Թադեւոսյանը, ըստ մեր տեղեկությունների, հայտարարել է, որ լավագույն տարբերակը կլիներ, եթե ԱԺ-ում հաղթեր ոչ թե քաղաքական շահը, այլ պրոֆեսիոնալիզմը, եւ դատավոր ընտրվեր Լուսինե Աբգարյանը։ Բայց քվեարկությունը ցույց տվեց իրականությունը. իշխող ուժի՝ ՔՊ-ի նախընտրած թեկնածուն դարձավ ընտրության հաղթողը։
Այսպիսով, ստացվում է հետեւյալ պատկերը. մինչ այժմ Վերաքննիչ դատարանն էր համարվում խնդրահարույց, քանի որ այնտեղ դատավոր Արմեն Դանիելյանի ներկայությունը մշտապես կասկածի տակ էր դնում այդ ատյանի անաչառությունը։ Այժմ այդ «խնդրահարույց լինելու» բեռը տեղափոխվեց Վճռաբեկ դատարան։ Դանիելյանի ընտրվելը ոչ միայն համակարգում խորացրեց անվստահությունը, այլեւ հստակ ազդակ տվեց. դատական համակարգում վերջնական խոսք շարունակում է ունենալ քաղաքական որոշումը, ոչ թե մասնագիտական արժանիքները։
Դանիելյանը վաղուց է համարվում ՔՊ-ի «սիրելին»։ Եվ հենց այդ հանգամանքն էլ ամրապնդում է այն համոզմունքը, որ նա բացառապես առաջնորդվելու է քաղաքական հրահանգներով»։