Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Զինծառայողների հիմնարար իրավունքների եւ ազատությունների խախտման խնդիրները վերջին մի քանի տարվա ընթացքում հնարավոր է եղել կրճատել ու հաստատուն քայլերով շարժվել առաջՙ ասել է ՊԲ սոցիալ-իրավական աշխատանքների գծով հրամանատարի օգնական Գեղամ Հարությունյանը Ստեփանակերտի ‹‹Գրիգոր Նարեկացի›› համալսարանում կազմակերպված ‹‹Մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները ԱՀ-ում›› թեմայով գիտաժողովին:
Ըստ նրա՝ զինված ուժերում զինծառայողների հիմնարար իրավունքների եւ ազատությունների խախտման, արատավոր երեւույթների դեմ պայքարում իրենց հաջողությունները պատշաճ կերպով չեն ներկայացվում հասարակությանը:
‹‹Մենք պետք է ունենանք կազմ ու պատրաստ պահեստազոր, որը հնարավոր է պարտադիր զինվորական ծառայության վրա հիմնված զինված ուժերի համակարգ ունենալու պարագայում››,- հավելել է նա:
Գիտաժողովին ներկա են եղել ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, ԱՀ գլխավոր դատախազի տեղակալ, իրավաբանական գիտությունների թեկնածու Սեւակ Հակոբյանը, ԱՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Նորա Միրզոյանը, ՊԲ սոցիալ-իրավական աշխատանքների գծով հրամանատարի օգնական Գեղամ Հարությունյանը, պետական եւ զինվորական այրեր, համալսարանի դասախոսներ, ուսանողներ եւ հյուրեր:
Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը նշել է, մարդու իրավունքների եւ պարտականությունների ներդաշնակությունն ու համաչափությունը կարգավորվում են պետական եւ իրավական համակարգերի միջոցով: Նրա խոսքով՝ ՄԻՊ-ն իր յուրահատուկ դերն ունի պետություն-քաղաքացի հարաբերությունների զարգացման հարցում: Ըստ նրա՝ մարդու իրավունքների պաշտպանը զբաղվում է բողոքներիկամ ահազանգների հիման վրա կոնկրետ գործերի ուսումնասիրության ու քննարկման, մշտադիտարկման մեխանիզմի, օրենսդրության բարելավման ուղղությամբ կատարվող աշխատանքների ու լիազորությունների ուղղություններով:
‹‹Ազգային ժողովում հանդես եմ եկել խոշտանգումների դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի վավերացման առաջարկությամբ՝ այն համարելով մեր ներպետական իրավունքի կարեւոր մաս: Ավելի շատ կարեւորում եմ ներքին ուղղությամբ կատարվող աշխատանքները, քանի որ սահմանադրությամբ մարդու իրավունքների պաշտպանի առաջնային մանդատը հենց ներքին ուղղությամբ կատարվող աշխատանքն է՝ պետություն-քաղաքացի եւ պետություն-անձ հարաբերությունների շրջանակներում: Պետությունը չպետք է հատի սահմանադրությամբ տրված սահմանները››,- հավելել է նա:
ՀՀ ԱԳՆ ՅՈԻՆԵՍԿՕ-ի եւ բազմակողմ կրթամշակութային համագործակցության բաժնի երկրորդ քարտուղար Արթուր Հակոբյանն ուղիղ կապ է հաստատել միջոցառման մասնակիցների հետ: Նա անդրադարձել է կրթական իրավունքի եւ միջազգային համագործակցության միջոցով այդ իրավունքի իրացման հարցերին եւ հավելել, որ ՀՀ կառավարության ծրագրի արտաքին քաղաքական մասով առաջնահերթություն է տրվում միջազագային գիտակրթական կապերի զարգացմանը: