Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
1988 թ. դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի մասին 31 տարի անց էլ դեռ չկան վերջնական պատկերացումներ ու գնահատականներ: Yerkir.am-ը, մասնակի կրճատումներով, ներկայացնում է քաղաքագետ Հրանտ Միքայելյանի հոդվածը, որը լույս է սփռում երկրաշարժի զոհերի թվի թեմայի վրա:
Սպիտակի երկրաշարժի վերաբերյալ մինչ օրս բազմաթիվ միֆեր են շրջանառվում: Ժողովրդական վարկածները հետզհետե մղվում են անցյալ, իսկ պաշտոնական տարբերակն այդպես էլ վստահություն չի ներշնչում հանրությանը: Ի դեպ, ղարաբաղյան շարժման որոշ առաջնորդներ, ժամանակաշրջանում, երբ շրջանառվում էր երկրաշարժի` կազմակերպված լինելու տարբերակը, իրենց պատասխանատվությունն էին զգում դրանում և մեղադրում էին իրենց: Համենյան դեպս, այդ վարկածը որևէ կերպ չի ապացուցվել:
Եվս մեկ` երկրաշարժի հետ կապված քննարկվող հանգամանք` բարձր մահացության հիմնական պատճառը խորհրդային շինարարության ցածր մակարդակն է: Համեմատության համար բերվում է մեկ տարի անց Կալիֆոռնիայում տեղի ունեցած երկրաշարժը, որը խլեց ընդամենը 65 կյանք: Սակայն, մի կողմ թողնելով շինարարության վատ որակը, բացարձակապես անհամեմատելի ուժգնություններով այդ երկրաշարժերից Սպիտակինը վնաս հասցրեց 800 հազար բնակչություն ունեցող տարածքի` մի քանի անգամ ավելի մեծ, քան Կալիֆոռնիայինը:
Երկրաշարժի զոհերի պաշտոնական թիվը կրկնվում է տեքստից տեքստ` 24985` մոտ 25000: Ընդ որում` 1988-ի դեկտեմբերի վերջին իշխանությունների նախնական տվյալներով` զոհերի թիվը 50000 էր: Ամբողջությամբ կամ մասնակի փլուզվել էր 21 քաղաք և 324 գյուղ:
Ավելի ուշ տրված պաշտոնական գնահատականը կանգ առավ 25 հազար թվի վրա. 24542 մարմին է դուրս բերվել փլատակների տակից, 9974-ը` Գյումրիում (բնակչության 4,3 %-ը), 420-ը` Վանաձորում (0.25%-ը), 9733-ը` Սպիտակում (52.5%), 63-ը` Ստեփանավանում (0.3%), 4532-ը` գյուղերում (3.1%):
Հետաքրքիր է` ինչպիսի՞ն էր ողջ մնալու շանսը` կախված փլատակների տակ լինելու օրվանից. առաջին 4 օրը բավականին մեծ էր, սակայն, հինգերորդ օրից սկսած, սկսեց կտրուկ նվազել, իսկ արդեն մեկ, առավել ևս երկու շաբաթ անց փլատակներից ողջ մարդ դուրս բերելու հավանականությունը գործնականում զրո էր: Հարկ է հաշվի առնել, որ փլատակներից ողջ դուրս բերվածներից ոմանք մահացան հիվանդանոցներում` ստացած վնասվածքներից:
Փրկարար գործողությունը գագաթնակետին հասավ 3-4-րդ օրերին, երբ տեխնիկա էր բերվել Հայաստանի այլ շրջաններից և ԽՍՀՄ-ից, սակայն արդեն ուշ էր: Այստեղ շատ տեղին հարց է ծագում` ներկայումս կա՞ն փրկարար գործողության հանձնարարականներ և մանրամասն ծրագիր նմանատիպ տարերային աղետի պարագայում կիրառելու համար:
Բայց վերադառնանք թեմային: Ո՞րն է այդ տվյալների հետ կապված խնդիրը, չէ՞ որ դրանք բավական մանրամասն են տրված:
Նախ` գյուղերում փրկարար գործողություն գործնականում չէր իրականացվում: Գյուղերում 4532 մարմին է դուրս բերվել: Հաշվի առնելով, որ որոշ գյուղեր ամբողջությամբ ավերվել էին, իսկ մի քանի տասնյակը` զգալիորեն, այդ թիվը իրական չի թվում: Փրկարար գործողության բացակայության պայմաններում զոհվածների թվի թերագնահատման ռիսկը շատ մեծ է:
Հավատ չեն ներշնչում նաև Գյումրիին և Վանաձորին վերաբերող թվերը: Օրինակ` Գյումրիի 876 բարձրահարկ շենքերից 457-ը (52%) այնքան էին վնասվել, որ անհրաժեշտ էր քանդել, Սպիտակում` 35-ից 30-ը (86%), Վանաձորում` 927-ից 231-ը (25%):
Այս հանգամանքին ուշադրություն է դարձնում Ա. Նիկոնովը «1988-ի Սպիտակի աղետը` ժամկետներ ու դասեր» հոդվածում: Տեղեկացվում էր, որ Սպիտակի 18-20 հազար բնակիչներից 9-11 հազարը մնացել են փլատակների տակ: Հնարավոր եղավ ողջ դուրս բերել մոտ մի քանի հարյուր մարդու: Լենինականի փլուզված շենքերում բնակվում էր 70 հազար մարդ: Համարել, որ բարձրահարկ կարկասային շենքի փլուզման ժամանակ նույնիսկ օրը ցերեկով զոհվում է բնակիչների մեկ տասներորդը, իրական չէ: Սպիտակի շրջանում ամբողջությամբ ավերվել է 58 գյուղ, 21 հազար բնակելի տուն: Այնպես որ` զոհերի` 30-40 հազար կարգի թիվը չի կարելի չափազանցված համարել:
Արդեն 1990-ականներին անցկացված` երկրաշարժի տվյալների վերլուծությունը, ցույց է տալիս, որ մահանալու հավանականությունը մեծանում էր շենքերի հարկայնության մեծացմանը զուգահեռ. եթե մեկ հարկանի տներում մահացությունը կազմել էր 0.6%, ապա 9 և ավելի հարկ ունեցող շենքերում`26.8%, այսինքն` բանկիչների ավելի քան քառորդը:
Նախապես համարվում էր, որ երկրաշարժը 7 բալանոց է եղել, սակայն US Geological Survey-ը դրա ուժգնությունը հաշվում է 9 բալ` էպիկենտրոնում: Նիկոնովի գնահատականներով` էպիկենտրոնի գոտում եղել են ավերածություններ, որոնք բնորոշ են և 10 բալանոց երկրաշարժի: Վնասված տների ընդհանուր թիվը 74 000 էր` ներառյալ մասնակի փլուզվածները և մասնավոր հատվածը:
2008-ին Հայաստանի ազգային արխիվը հրատարակեց փաստաթղթերի ժողովածու` նվիրված երկրաշարժին: Դրանում 333 փաստաթուղթ է, սակայն չկան զոհերի թվին վերաբերող տեղեկություններ: Միայն վերջում վերացական տեղեկություն կա, որ տասնյակհազարավոր մարդիկ են զոհվել: Դա կարող է նաև պատահականություն լինել, սակայն ազգային վիճակագրությունն էլ է այդ հարցը շրջանցել: Եվ եթե 5 կամ 10 տարին մեկ հրապարակումներ էին լինում երկրաշարժի գոտու վերականգնման վերաբերյալ, ապա զոհերի թվի թեման դրանցում ընդհանրապես չէր շոշափվում: Այսպես` ամբողջ 1988 թվականի ընթացքում մահացածների թիվը 35.6 հազար է:
Այդ թվերն էլ մինչ օրս կիրառվում են պաշտոնական հրապարակումներում: Նույնիսկ այդ թվերով` եթե տարեկան միջին մահացությունը մոտ 20 հազար մարդ է, իսկ երկրաշարժի զոհերի թիվը` 25 հազար, 1988-ին մահացածների թիվը պետք է լիներ 45 հազար, ոչ թե 35:
Բացի այդ` երբ Գյումրիում զոհվել էր 10 հազար մարդ և 58.6 հազար մարդ տարհանվել, այնտեղ պետք է մնար մոտ 164 հազար բնակիչ: Սակայն 1989-ի հունվարին անցկացված մարդահամարը գրանցեց 119 հազար առկա բնակիչ և մշտական ` 176 հազար: Այսինքն` հաշվառման հարցում լուրջ խնդիրներ կային, այդ թվում, կարելի է ենթադրել, զոհվածների պարագայում:
Հայաստանի ազգային արխիվում, սակայն, կան փաստաթղթեր, որոնք անդրադառնում են այդ հարցին: Այսպես` «80-ականների վերջի ժողովրդագրական իրավիճակի և բնակչության աճի միտման վերլուծություն» ծառայողական փաստաթղթում, որը կազմվել է Վիճակագրության, ռեգիստրի և վերլուծությունների պետական գործակալության կողմից, գնահատական է տրված զոհերի թվին: Զոհերի և անհայտ կորածների թիվը 40 հազար է նշված, որը հետագայում մատիտով փոխվել է 38 հազարի` հավանորեն, անհայտ կորածների ցուցակների ճշգրտման արդյունքում: Ըստ նույն փաստաթղթի` Շիրակի և Լոռու շրջանների բնակչությունը 1988-ին եղել է 801 հազար մարդ, իսկ մարդահամարի արդյունքով առկա բնակչությունը 539 հազար էր, մշտականը`665 հազար (մշտականը ներառում էր տարհանվածների մեծ մասին, բայց ոչ` արտագաղթյալներին):
Այսպիսով` զոհվածների թիվը հարկ է համարել 38 հազարը: