կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-04 13:20
Աշխարհ

Ադրբեջանական գազը լռեցնում է Եվրոպան. մալթացի լրագրողի սպանության հետքերով

Ադրբեջանական գազը լռեցնում է Եվրոպան. մալթացի լրագրողի սպանության հետքերով

2017 թ. սեպտեմբերի 16-ին Մալթայում մեքենայի մեջ տեղադրված պայթուցիկ սարքի հետևանքով մահացավ մալթացի հետաքննող լրագրող Դաֆնա Գալիցիան: Գալիցիան հայտնի էր մասնավորապես Պանամայի օֆշորային սկանդալների բացահայտմամբ, որի ժամանակ ջրի երես էր հանել Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսքաթի, Ադրբեջանի նախագահի դստեր՝ Լեյլա Ալիևայի և մի քանի այլ պետությունների/գործիչների ներգրավվածությունը օֆշորային սկանդալում: Լրագրողի՝ բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների կողմից գործարկվող փողերի լվացման հետևում, ըստ լրագրողի, կանգնած էին Ադրբեջանը, Մալթան, ԱՄԷ-ն, Ռուսաստանը և այլն: Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի և Մալթայի ղեկավարության միջև միլիարդանոց պայմանագրի հետևում նշմարվում էր ծավալուն կոռուպցիոն սխեմա:

Աղմուկ հանած սպանությունից հետո գործի քննություննը  դանդաղել և լռեցվել էր, ինչն առաջացրել էր միջազգային հանրության դժգոհությունը ոչ միայն Մալթայի ղեկավարության, այլև ԵՄ-ի նկատմամբ:

Նոյեմբեր ամսին հետաքննությունը դարձյալ ակտիվացավ, որին հետևեցին մի շարք ձերբակալություններ: Գալիցիայի ընտանիքի անդամները Եվրոպոլից (ԵՄ միացյալ ոստիկանություն) պահանջեցին միանալ հետաքննությանը: Ձերբակալվածներից թերևս ամենահեղինակավորը մալթական խոշոր բիզնեսմեն (էլեկտրաէներգիայի և կազինոների ոլորտում) Յորգեն Ֆենեկն է, որը փորձել էր փախչել կղզուց: Չնայած այն հանգամանքին, որ Ֆենեկը չի ընդունում իր մեղքը, այնուհանդերձ նշել էր, որ սպանության հետևում կանգնած է Մուսքաթի քաղաքական դաշնակից Քիթ Շեմբրին, որը հրաժարական տվեց դրանից հետո: Ինր վերաբերում է Մուսքաթին, ապա նա հայտարարեց, որ հրաժարական կտա միայն գործի բացահայտումից հետո:

Լրագրողի կյանք խլած հետաքննությունը շարունակեցին Գալիցիայի գործընկերները: 15 երկրի 18 կազմակերպությունների 45 լրագրողներ համախմբվեցին «Դաֆնայի նախագծի» շրջանակում, որն ուղղորդում էր ֆրանսիական «Forbidden Stories» կազմակերպությունը, որը զբաղվում է սպանված, ազատազրկված կամ այլ հանգամանքներով իրենց գործը շարունակել չկարողացող լրագրողների գործը շարունակելով:

Բրիտանական The Guardian պարբերականն այս առիթով հետաքննական հոդված է հրապարակել, որում մանրամասնում էր կոռուպցիոն սխեմայի էությունը: Ըստ պարբերականի՝ 2013 թ. Մալթայի կառվարությունը մրցառք (տենդեր) է հայտարարում, որը շահում է «Electrogas» ընկերությունը, որի բաժնետոմսերի 33.3 տոկոսը պատկանում է SOCAR-ին: 2015 թ. «Electrogas»-ի և SOCAR-ի միջև մեկ միլիարդ եվրոյի պայմանագիր է կնքվում, ըստ որի, բնական գազի մատակարարումը պետք է իրականացներ ադրբեջանական կազմակերպությունը: 2017 թ. հայտնի է դառնում, որ Մալթան գազ է գնում շուկայականից երկու անգամ թանկ գնով:

Այս շղթան գործում է հետևայլ կերպ. 1. SOCAR-ը «SHELL»-ից (աշխարհում առաջատար նավթագազային ընկերությունը) գնում է 113 մլն դոլար, 2. SOCAR-ը այն վաճառում է «Electrogas»-ին 153 մլն դոլարով՝ ստանալով 40 մլն դոլարի շահույթ, 3. «Electrogas»-ը «Enemalta» ընկերությանը այն վաճառում է նույն գնով և այն վերածում են էլեկրաէներգիայի:

Մալթան ավելի բարձր գին է վճարում քան նույն ժամանակահատվածում և պայմաններով պայմանագիր ստորագրած Հունաստանը, Իտալիան և Թուրքիան: Բացի այց հարց է առաջանում թե ինչու Մալթան չի գնում այն անմիջապես SHELL-ից կամ ինչու այդքան մեծ գումարով, այն դեպքում, երբ վերոնշյալ երկրները գազի համար վճարում են կրկնակի էժան: Մալթայի կառավարությունը նշում է, որ պայմանագիրը կնքվելու ժամանակ գազի գները այլ էին, սակայն դարձյալ հարց է առաջանում, թե ինչու են այլ պետությունները վերանայել իրենց պայմանագրերը, իսկ Մալթան ոչ: Բացի այդ, Մալթա գազ է  մատակարարվում հեղուկ տեսքով, ինչը SOCAR-ը երբևիցե չի արել և չունի փորձառություն: Հետևաբար ավելի քան տարօրինակ է SOCAR-ից գազի (առավել ևս հեղուկ) գնման փաստը:

Այսպիսով ոչ մի տեղեկություններ չհրապարակող կառավարությունը ավելի է մեծացնում կասկածներն անօրինականությունների վերաբերյալ, իսկ Ադրբեջանը շարունակում է նավթով և գազով փորձել լռեցնել այս սկանդալային թեման: