կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-02 21:15
Քաղաքական

Հայրենիքում այսօր սկզբնավորվել է Դաշնակցության պայքարի նորօրյա փուլը. ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցչի ելույթը` Կանադայում

Հայրենիքում այսօր սկզբնավորվել է Դաշնակցության պայքարի նորօրյա փուլը. ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցչի ելույթը` Կանադայում

Հայրենիքում այսօր սկզբնավորվել է Դաշնակցության պայքարի նորօրյա փուլը՝ ժամանակն է, որ հայ ժողովուրդը համախմբվի Դաշնակցության շուրջը. Yerkir.am-ի հաղորդմամբ՝ հայտարարել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Կանադայի Մոնրեալ քաղաքում՝ «Ավետիս Ահարոնյան» սրահում տեղի ունեցած՝ ՀՅ Դաշնակցության 129-րդ տարեդարձի տոնակատարության ժամանակ:

Ներկայացնում ենք Իշխան Սաղաթելյանի ելույթն՝ ամբողջությամբ.   

«Ինձ համար մեծ պատիվ է այսօր Սփյուռքի ամենակազմակերպված, ամենահայեցի, ամենաուժեղ համայնքներից մեկում խոսք ասել Հայ Յեղափոխական Դաշնակցության օրվա տոնակատարության առիթով:

Սիրելի՛ հայրենակիցներ

Ավանդույթի համաձայն՝ յուրաքանչյուր տարվա ավարտին ՀՅԴ տոնին նվիրված միջոցառումներ են տեղի ունենում ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի բազմաթիվ երկրներում:

Դաշնակցության օրվան նվիրված տոնախմբությունները  միմյանց շնորհավորելու, հպարտանալու, ձեռքբերումներն արժևորելու  հրաշալի առիթ է, բայց, միևնույն ժամանակ, մեր ժողովրդին հաշվետվություն տալու, բացթողումներն ու ձախողումներն անաչառ վերլուծելու,  դրանք շտկելու և լուծումներ գտնելու  հերթական փուլ: Ուստի ես կուզենայի այս հանդիպմանը երկար կանգ առնել ավելի շատ ոչ թե Դաշնակցության պատմության փառավոր էջերի, անցած ուղու արժևորման վրա, այլ խոսել Դաշնակցության տեղի, դերի և անելիքների մասին հայոց  նոր և նորագույն պատմափուլերում:

Սիրելի՛ հայրենակիցներ, Արևմտյան Հայաստանում հայ ժողովրդի հայրենազրկումից, իսկ Խորհրդային Հայաստանում բոլշևիկյան մենիշխանական վարչակարգի հաստատումից հետո Դաշնակցությունը շուրջ 70 տարի գործեց Սփյուռքում, և նրա կուռ կազմակերպական միավորները, նրա նվիրյալները, ստեղծելով կրթամշակութային, մարմնակրթական և բազմաթիվ այլ կազմակերպություններ, միություններ ու ակումբներ, ամեն մի հայից կերտեցին մի Հայաստան, յուրաքանչյուր նոր սերնդին փոխանցեցին ազատ, անկախ և միացյալ Հայաստանի տեսլականը և այն ոգեղեն ուժը, որը պիտի մի օր դառնար անկախություն, արցախյան գոյապայքար:

Արդեն 28 տարի է, ինչ  մեր պատմական հայրենիքի մի հատվածում վեր հառնած հայոց պետականությունը վավերական իրականություն է:

1920-ին ընդհատված մեր անկախության երթը նորոգվեց 1991-ին՝ անսպառ հպարտության և միաժամանակ պատասխանատվությունների, հանձնառությունների, պայքարի և արարումի նոր հանգրվան դառնալով յուրաքանչյուր հայի համար՝ լինի Հայաստանում, թե՝ Սփյուռքում։

Աշխարհաքաղաքական ու ներքին բազմաթիվ մարտահրավերներով խիտ՝ անցնող 28 տարիներին, բնականաբար, ունեցել ենք խոշոր, ես կասեի՝ պատմական ձեռքբերումներ: Անշուշտ, ազատագրված Արցախն  այդ շարքում առաջիններից է։ Արցախի Հանրապետության գոյության փաստը՝ պետականության իր բոլոր ինստիտուտներով, մի իրողություն է, համահայկական նվաճում, որի հետ ամբողջ աշխարհն, ուզի թե չուզի, վաղ թե ուշ պետք է հաշվի նստի:

Այդ հաղթանակը գին ունի. Արցախը նվաճել ենք համազգային աննահանջ նվիրումի և մեր ժողովրդի հերոսների արյան ու սխրանքների գնով։ Այդ հաղթանակի հետագա ամրագրումն ու միջազգային ճանաչումը շարունակում է մնալ մեր համազգային օրակարգի առաջնահերթությունը, որն ամեն բանից առավել համազգային միասնականություն է պահանջում։

Քիչ չեն մեր հպարտությունը սնող նաև այլ ձեռքբերումները։ Անցնող 28 տարիների ընթացքում ստեղծվել և ամրապնդվել են մեր անկախ պետականության ինստիտուտները։ Կամավորական ջոկատների հենքի վրա ձևավորվել և կայացել է հայոց հաղթանակած բանակը, որն այսօր մեր գոյության ու անվտանգության թիվ մեկ երաշխավորներից է։ Անցնող շրջանում  ձեռքբերումներ ենք ունեցել տնտեսության մի քանի ճյուղերում։  Քիչ չեն նաև մեր ստեղծագործ ժողովրդի անհատական հաղթանակները գիտության, սպորտի և մշակույթի ոլորտներում։

Սիրելի՛ հայրենակիցներ, վերջին 20 տարիների ընթացքում  Դաշնակցությունը ժամանակ առ ժամանակ մաս է կազմել իշխանությանը, որի ընթացքում կազմակերպության ներկայացուցիչների կողմից՝ կրթական, քաղաքաշինական, սոցիալական, գյուղատնտեսության և բազմաթիվ այլ ոլորտներում իրականացվել են բազում ծրագրեր, ընդ որում՝ համակարգային և հիմնարար նշանակության ծրագրեր: Այս տասնամյակներին նաև Դաշնակցության համակարգային աշխատանքների շնորհիվ էր, որ բարեփոխվեց Սահմանադրությունը և անցում կատարվեց կառավարման խորհրդարանական համակարգին, ձևավորվեց երկքաղաքացիության ինստիտուտը, որը վերջապես սկիզբ դրեց սփյուռքահայության՝ Հայրենիքում իրավահավասար պայմաններ, հավասար իրավունքներ և արտություններ ունենալու անչափ կարևոր գործընթացին: Կազմավորվեց Սփյուռքի նախարարությունը, որի գործունեությունը դրվեց ինստիտուցիոնալ հիմքերի վրա. այն, ցավոք, այլևս չկա:

Անշուշտ, անցնող տարիները զերծ չէին նաև վայրիվերումներից: Ունեցել ենք նաև վտանգավոր զարգացումներ, որոնց պարագայում, օրինաչափորեն, Դաշնակցությունն իր սկզբունքային կեցվածքով փորձել է կանխել այդպիսիք: Շատերը մոռացել են միգուցե, բայց մենք լավ ենք հիշում ինչպես հայ-թուրքական հաշտեցման տխրահռչակ հանձնաժողովի գործունեությունը, այնպես էլ նույնքան տխրահռչակ հայ-թուրքական արձանագրությունները, որոնց հետկանչման համար Դաշնակցությունը գործի դրեց իր համահայկական ներուժը, դուրս եկավ Սփյուռքը, և Դաշնակցության 6-ամյա հետևողական պայքարի արդյունքում նշյալ արձանագրությունները նետվեցին պատմության աղբանոցը:

129-ամյա հեռավորությունից Դաշնակցությունն այսօր էլ՝ Հայաստանի և Արցախի Հանրապետություններում ու աշխարհի մի քանի տասնյակ երկրներում ունեցած իր կազմակերպական միավորներով և ուղեկից միություններով, Հայ դատի, հայոց պահանջատիրության, Արցախի հիմնահարցի, ջավախահայության իրավունքների խնդիրը համաշխարհային բեմի վրա պահող և առաջ տանող կազմակերպություն է:

Ինչպես խոսքիս սկզբում ասացի՝  տոնական այս  օրը միայն միմյանց  շնորհավորելու և ձեռքբերումների մասին խոսելու  համար չէ, պետք է խոսենք նաև մեր  չարածների և սխալների, նաև շարունակվող սխալների մասին:

Անցնող 28 տարիներին, անշուշտ, մեր պետությունն անցել է բարդ ու դժվարին ուղի։ Դիմագրավել ենք մարտահրավերներ, որոնց մի մասը եղել են օբյեկտիվ, սակայն ունեցել ենք նաև բացթողումներ ու սխալներ, որոնք կարող էին չլինել, եթե դրսևորվեր բավարար քաղաքական կամք, եթե կարողանայինք համազգային շահը վեր դասել խմբային կամ անձնական շահից:

Անցնող  տարիների ընթացքում մենք չենք կարողացել ստեղծել համերաշխ հասարակություն, զարգացած տնտեսություն, արդար պետական և արդյունավետ կառավարման համակարգեր, և ամենակարևորը՝ չենք կարողացել մեզ ներսից խժռող թշնամանքը, ատելությունն ու չարությունը վերացնել և համախմբել հայ ժողովրդին՝ ստեղծելով ազգային  պետություն:

Հենց այս էր նաև պատճառը, որ հազարավոր մեր հայրենակիցներ 2018-ի ապրիլին դուրս եկան փողոց։ Հանրային պահանջը հստակ էր և այլընտրանք չունեցող: ՀՀ քաղաքացին դժգոհեց և մերժեց մեր երկրում գոյություն ունեցող աղքատությունը, գործազրկությունը, ցածր աշխատավարձը, անարդարությունը, բարեփոխումների դանդաղ ընթացքը, հասարակության բևեռացումը։

Եվ այս բոլոր հարցերը լուծելու սպասումով ձևավորեց նոր իշխանություն՝ ավելի բարեկեցիկ, ավելի արդար, ավելի պաշտպանված, ավելի համերաշխ, ավելի անվտանգ, հզոր և համախմբված պետություն ունենալու ակնկալիքով։

ՀՅԴ-ն, չնայած իր բազմաթիվ մտահոգություններին, ընդունեց վարչապետի հրավերը և մաս կազմեց նոր կառավարությանը: Այդ որոշումը պայմանավորված էր համաժողովրդական շարժումն արդյունավորելու, երկիրն առանց ցնցումների զարգացման նոր փուլ տեղափոխելու անկեղծ մղումով։

ՀՅԴ-ն` իբրև համահայկական կառույց, պատրաստակամություն հայտնեց իր ամբողջ ներուժը և հնարավորությունները ներդնելու` երկրի առջև կանգնած մարտահրավերները լուծելու համար: Այդպիսով՝ մենք ամեն ինչ արեցինք, որպեսզի  հաջողենք և մեր բոլոր հնարավորությունները դրեցինք, որպեսզի երկիրը գնա զարգացման ճիշտ ընթացքով և հունով:

Բայց Հայաստանի իշխանություններն ընտրեցին այլ ճանապարհ. հասարակությանը բաժանեցին սևերի-սպիտակների, հեղափոխականների-հակահեղափոխականների: Արդյունքում՝ որոշեցին երկրի ղեկը ստանձնել և առաջ տանել միայնակ:

Մեկուկես  տարի անց պետք է հստակ փաստենք, որ մեր հասարակության ակնկալիքները և սպասումները չեն արդարացել, իսկ իշխանության խոստումները մնացել են օդում կախված։ ՀՀ նոր իշխանությունները չունեն երկրի զարգացման ծրագիր, տեսլական, պրոֆեսիոնալ թիմ՝ երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու համար։

Սիրելի՛ հայրենակիցներ, մենք սա ուրախությամբ չենք արձանագրում: Արձանագրում ենք ցավով, արձանագրում ենք Հայաստանի առջև ծառացած խնդիրները լուծելու ակնկալիքով և սպասումով:

Ազգային միասնական օրակարգ ձևավորելու, հասարակությանը համախմբելու,  հասարակական համերաշխություն հաստատելու, հայ ժողովրդի համահայկական ներուժը և կարողությունները կազմակերպելու և առաջ տանելու փոխարեն ՀՀ իշխանություններն ապրում, աշխատում, շնչում և արտաշնչում են անցյալով։ Այո', պարզից էլ պարզ է՝ անցյալի մասին խոսելը հեշտ է և հաճախ անպատասխանատու: Դժվար, հանձնառու և պատասխանատու է խոսել ներկայից և ապագայից։

Այս ամենի արդյունքում այսօր անհույս է դառնում խոսելը այդքան բաղձալի առաջընթացի և վերելքների, այդքան երազած տնտեսական հեղափոխության մասին:

Մենք ասում ենք՝ անցյալը ջնջելով, նորը չես կառուցի, անցյալը՝ լավ կամ վատ, բոլորինս է, անցյալի սխալներից պետք է դասեր քաղել՝ այն չկրկնելու համար, պետք է նայել առաջ: Այսօր պետք է գործել ոչ թե հանուն անցյալի իբր մաքրագործման, այլ հանուն ներկայի և ապագայի: Մենք պետք է նաև արժևորենք մեր անցյալի փառավոր էջերը, մեր նորագույն պատմության ձեռքբերումները, որոնք շարժիչ ուժն են մեր հետագա վերելքների համար:

Չկան հին ու նոր Հայաստաններ, կա Հայաստանի առաջին հանրապետություն և նրա իրավահաջորդ ներկա Հանրապետությունը, և ամենակարևորը կա ապագայի Միացյալ Հայաստանը:

Ես այս խոսքերն ասում եմ մեր հազարավոր հայրենակիցների անունից, ասում եմ իբրև հայոց պետականության ծնունդն իրականացրած քաղաքական ուժի՝ Դաշնակցության ներկայացուցիչ, իբրև քաղաքական ուժի ներկայացուցիչ, որը պատասխանատվություն է կրում մեր պետականության թե' անցյալի, թե' ներկայի, թե' ապագայի համար։

Մենք տեսնում ենք մեր երկրի բնականոն զարգացման ընթացքը կասեցնող սպառնալիքները, մենք տեսնում ենք երկրի անվտանգային համակարգին ուղղված մարտահրավերները: Մենք անհանդուրժելի ենք համարում մեր  ազգային արժեքների, ազգային ինստիտուտների, Հայ առաքելական եկեղեցու դեմ սկսված  արշավանքը:

Մենք գիտակցում ենք, որ պետության զարգացման հայեցակարգային ծրագրերի բացակայությունը երկիրը կարող է տանել ցնցումների և անհայտ ուղղությամբ:

Հետևաբար, սիրելի' հայրենակիցներ, վերոնշյալ իրողություններից ելնելով, Հայրենիքում այսօր սկզբնավորվել է Հայ Յեղափոխական Դաշնակցության պայքարի նորօրյա փուլը:

Սիրելի' հայրենակիցներ, ժամանակն է, որ հայ ժողովուրդը համախմբվի Դաշնակցության շուրջը:

Մեր երկրի ներքին կայունությունը, սահմանների անառիկ պաշպանությունը, հայ ժողովրդի միասնականության ամրապնդումը, հասարակական համերաշխության ապահովումը,  իրավական և սոցիալական արդարության հաստատումը Դաշնակցության առաջնային օրակարգն է, և սա է անկախության ու պետականության պահպանման, զարգացմած, հզոր և ազգային պետություն ունենալու գրավականը:

Մենք այլ ճանապարհ չունենք: Այս օրակարգը ձևավորել ենք միասնաբար և իրականություն ենք դարձնելու միասնաբար՝ համայն հայության ջանքերով:

Բավական է կեղծ հեղափոխական լոզունգներով օրակարգ լցնել, մեզ անհրաժեշտ է իրական հեղափոխություն, իսկ Դաշնակցությունն իր էությամբ, իր կոչումով, իր ծրագրով, իր պատմությամբ, իր դավանած նվիրական ու վեհ արժեքներով հենց ինքը՝ հեղափոխությունն է, որ կա:

Սիրելի՛ հայրենակիցներ, վերադառնալով օրվա խորհրդին, անշուշտ, կանադահայոց՝ հայրենիքի շենացման գործում ունեցած մեծագույն ավանդն արժևորելու պարտք ունեմ: Երկրագնդի այս հեռավոր վայրում դուք, տասնյակ հազարներով բնակվելով Կանադայի Տորոնտո, Օտտավա, Մոնրեալ և այլ մեծ ու փոքր քաղաքներում, ոչ միայն պաշտպանել ու զարգացրել եք մեր լեզուն, մեր մշակույթն ու ավանդույթները, այլև շատ դեպքերում վառ օրինակ եք ծառայել անգամ Հայաստանում ապրողներիս համար, թե ինչպես է պետք արժևորել սեփական տեսակի գոյության առանցքային գրավականները՝ լեզուն, ազգային մշակույթն ու ավանդույթները:

Հանձին կանադահայության՝ ես խոնարհվում եմ մի համայնքի առջև, որն անցնող 30 տարիներին  մշտապես կանգնած է եղել իր հայրենիքի կողքին՝ թե' Հայաստանի հեռավոր գյուղերում փոքր ու մեծ սոցիալական ծրագրեր ու ներդրումներ իրականացնելով, թե' միջազգային բեմերում Հայ դատի աշխատանքները պատվով և հետևողականորեն շարունակելու համար:

Ես վստահ եմ, որ կանադահայությունն առաջիկայում ևս ավելի կազմակերպված, ավելի մեծ թափով կանգնելու է հայրենիքի կողքին, հայրենիքի շենացման կողքին, որովհետև մնայունը հայրենիքն է, իսկ բոլոր իշխանությունները՝ անցողիկ:

Դուք կրողն եք մեր պատմության, մեր լեզվի, մեր ավանդույթների, մեր արժեքների, հետևաբար՝ դուք մի մասնիկն եք մեր երկրի, մեր ժողովրդի, մեր այն մեծ երազի, որը կոչվում է Ազատ, Անկախ և Միացյալ Հայաստան:

Կեցցե' Հայաստանի Հանրապետությունը, կեցցե' Արցախը, կեցցե' Սփյուռքը, փա'ռք Դաշնակցությանը»:

Իշխան Սաղաթելյանի ելույթը՝ 41-րդ րոպեից

Yerkir.amտեղեկացրել էր, որ նոյեմբերի 29-ին տասնօրյա ժամկետով Կանադա է այցելել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Նա քաղաքական հանդիպումներն սկսել էր նոյեմբերի 30-ին՝ հանդիպելով  Կանադայի խորհրդարանի անդամներ Ֆայսալ Էլ Խուրիի և Աննի Կուտրակիսի, ինչպես նաև Լավալի քաղաքապետարանի խորհրդի անդամ Արամ Էլակոզի հետ:

Նույն օրը Իշխան Սաղաթելյանը ներկա էր գտնվել Հայ Օգնության Միության (ՀՕՄ) Կանադայի Լավալի «Շուշի» մասնաճյուղի տարեկան տոնավաճառին: