Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
«ՀՀ լեզվական քաղաքականության պետական մարմինը ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ և «Լեզվի մասին» ՀՀ օրենքով: Այս փաստաթղթերն ուղղված են հայերենի պահպանմանն ու զորացմանը: Թվում էր թե մեր լեզվի համար իրավական տեսակետից ավելի նպաստավոր պատմական շրջան քան այսօր է, երբեք չի եղել, սակայն վերջին տարիներին առաջ եկած քաղաքական-տնտեսական, մշակութային հոգեբանական նոր իրողություններն ու իրավիճակը բացասաբար են ազդել լեզվի վրա, էլ չեմ խոսում հայերենի և հայագիտության, ինչպես նաև նախկին Լեզվի պետական տեսչության նկատմամբ հետևողականորեն իրականացվող հալածանքների մասին», - ըստ Yerkir.am-ի հայտարարեց լեզվաբան Մարինե Հովյանը՝ «Պետականություն և արժեհամակարգ. մարտահրավերներ և անելիքներ» խորագրով խորհրդաժողովի ժամանակ՝ անդրադարձ կատարելով, թե ինչու մեր երկրում չի իրականացվում պետական լեզվական քաղաքականություն, ինչու չկա պետական ծրագիր, և ինչու մեր երկրում միասնական լեզվական քաղաքականություն իրականացնող օրենքով ստեղծված մարմնի գործունեությունը մտել է փակուղի:
Ըստ լեզվաբանի՝ մինչ ոլորտի պատասխանատուները փորձում էին փրկել Լեզվի պետական տեսչությունը, մինչ հիմնավորումներ և փաստարկներ էին ապահովում ապացուցելու 1993 թ. հիմնված Լեզվի պետական տեսչության արդարացիությունը՝ նոր մարտահրավերներ կախվեցին հայերենի գլխին:
«Լեզվի պետական տեսչությունը միակ տեսչությունն էր մեր հանրապետությունում որ ստեղծվել էր պետական լեզվական քաղաքականություն իրականացնելու նպատակով ՀԽՍՀ գերագույն խորհրդի որոշմամբ, որն ի դեպ ուժը կորցրած չի ճանաչվել և մինչ օրս գործում է: Այդ որոշմամբ լեզվի պետական տեսչությունը պարտավորություն ուներ իրականացնելու պետական լմիասնական եզվական քաղաքականություն, սակայն պետական ծրագիրը հաջողվեց մշակել 2002 թ., երբ Կառավարությանն առընթեր գործող 50-ից ավելի աշխատակիցներ ունեցող կառույցը հրաժեշտ էր տվել լեզվաքաղաքական լուրջ խնդիրներ լուծող երբեմնի կարգավիճակին՝ դառնալով ԿԳՆ առանձնացված ստորաբաժանում, օժտված զուտ տեսչական սահմանափակ գործառույթներով և սահմանափակ աշխատակազմով», - նշեց Մարինե Հովյանը:
Լեզվաբանը փաստում է, որ 2002 թ. ընդունված առաջին և վերջին պետական ծրագրի ժամկետը ավարտվեց 2005 թ.:
«Ցավոք այս հայեցակարգային փաստաթղթի հանձնառությունների մեծ մասը մնաց թղթի վրա, այդ թվում կարևորներից մեկը գրական հայերենի կանոնակարգման խնդիրը: Հայերենի բարձրագույն խորհրդի փաստացի չգործելու հետևանքով ամեն տեսակի աղբ ներթափանցեց ու բնակության երկարաժամկետ իրավունքով հաստատվեց մեր լեզվում: 2005 թ. հետո լեզվաքաղաքական պետական ծրագիր մշակելու և իրականացնելու մեր բոլոր փորձերը հաջողություն չեն ունեցել, ավելին լեզվաքաղաքականություն իրականացնող մարմնի գործունեությունը օրեցօր մղվում էր փակուղի», - մանրամասնեց Մ. Հովյանը:
Լեզվաբանը հիշում է՝ ենթաօրենսդրական ակտեր ընդունելու անհրաժեշտություն էր առաջացել, և 2011թ. ԱԺ ՀՅԴ խմբակցության հետ համագործակցելով հայերենի օգտին մի շարք փոփոխություններ արվեցին լեզվի մասին, գովազդի մասին ՀՀ մի շարք օրենքներում և վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում: Այդ ժամանակ արդեն երկրում սկսվել էին տեսչական բարեփոխումները, որոնք բնականաբար առնչվում էին լեզվի պետական տեսչությանը ևս: Երկրում գործող 18 տեսչությունները կամ միավորվեցին, կամ լուծարվեցին:
«Լուծարման վտանգը դանուբյան սրի նման կախվեց նաև Լեզվի պետական տեսչության վրա: 2017թ. մայիսի 25-ին Կառավարության նիստի օրակարգից հրաշքով հանվեց Լեզվի տեսչության լուծարման հարցը: Մենք փորձում էինք պահպանել տեսչությունը սակայն արդեն պարզ էր, որ տեսչական բարեփոխումներ իրականացնող խումբը Լեզվի պետական տեսչությունը չէր տեսնում ՀՀ-ում ստեղծվող 6 տեսչական մարմինների շարքում: Պետք էր ուղիներ փնտրել ինչ-որ ձևով, ինչ - որ կարգավիճակով պահել այն: Խնդիր ունեինք վերականգնել Լեզվի պետական տեսչության երբեմնի տեսչական քաղաքական գործառույթները, նպատակ էր դրվել լեզվաքաղաքական և վերահսկողական գործառույթները զուգակցելով ստեղծել լեզվի մի հզոր պաշտպան, որը կստանձներ երկրում իրականացվող միասնական պետական լեզվական քաղաքականություն: Առանց ջանքերի չէր, որ ստեղծվեց Լեզվի կոմիտեն, հատկապես, որ այն կարողացան օրենքով դարձնել Լեզվի պետական տեսչության իրավահաջորդը: Կոմիտեի ղեկավարի և տեղակալի պաշտոնները քաղաքացիական ծառայության պաշտոններից վերածելով հայեցողական պաշտոնների՝ անսահմանափակ հնարավորություն ընձեռեցին նախարարին նոր նշանակումների հարցում», - պատմեց Մ. Հովյանը:
Նա ավելացրեց նաև, որ Կոմիտեի Լեզվի տեսչության կողմից մշակած կանոնադրությունից անհետացան գործառույթներ, սրբագրվեցին նպատակներն ու խնդիրները, մշակվեց նոր կանոնադրություն, որը հարմարեցվեց վարվելիք նոր լեզվական քաղաքականությանը: Օրենսդրական դաշտի կատարելագործումը, գրական հայերենի կանոնակարգումը, համացանցում հայերենի լայնածավալ ներկայացման ապահովումը, հայերենի հանրային ուսուցման հարցերը, հրապարակային դրվածքների լեզվական ձևավորման խնդիրները, օտար լեզուների ուսուցման համակարգը մղվեցին երկրորդ պլան:
«Հիմա էլ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծում հայերենի և հայոց պատմության պարտադիր ուսուցումն է փոխարինվում կամընտրության սկզբունքով: Բերվող հիմնավորումն այն է, որ հին է «Լեզվի մասին» օրենքը: Չնսեմացնելով գիտխորհրդների դերը պնդում եմ, որ այստեղ պետությունն անելիք ունի: Լեզվական հարաբերությունների կարգավորումը պետության մենաշնորհն է», - նշեց լեզվաբանն՝ ավելացնելով, որ ՀՀ Սահմանադրության 48,124 և 165-րդ հոդվածները նախատեսում են հայերենին տիրապետելու պարտավորությունը, ավելին 15-րդ հոդվածը հռչակում է հայոց լեզուն և մշակութային ժառանգությունը պետության հոգածության և պաշտպանության ներքո:
«Այսպե՞ս է պետությունը հոգում հայոց լեզվի և մշակութային ժառանգության մասին», - եզրափակեց խոսքը լեզվաբանը:
Ավելի վաղ Yerkir.am-ը հայտնել էր, որ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամներ Լիլիթ Գալստյանի ու Արծվիկ Մինասյանի պատասխանատվության ներքո ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը կազմակերպել է «Պետականություն և արժեհամակարգ. մարտահրավերներ և անելիքներ» խորագրով խորհրդաժողովը՝ բուհական և ակադեմիական շրջանակների, ստեղծագործական միությունների ներկայացուցիչների, առանձին մտավորականների և քաղաքագետների մասնակցությամբ:
Մարինե Հովյանի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութով: