Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգային կրթությունը ազգայնականություն չի բերում իր հետ, ազգային կրթությունն իր հետ բերում է ազգի պահպանման խնդիրներ՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Սերժ Սրապիոնյանը «Պետականություն և արժեհամակարգ. մարտահրավերներ և անելիքներ» խորագրով խորհրդաժողովի ժամանակ՝ մեկնաբանելով շահարկումները, որոնք «ազգային կրթություն» եզրութաբանության մեջ որոնում են ազգայնականություն։
Գրականագետի զեկույցը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Դպրոցներում հայերենի դասավանդման վիճակը բարելավելու փոխարեն, մենք կտրում ենք բուհի իրավունքներն՝ այն սովորեցնելու իմաստով, և ասում ենք` բուհին տալիս ենք ինքնավարություն: Այս արտահայտությունն անում են պատկան մարմինները և անում են սա փարիսեցիաբար, որովհետև դա բուհական ինքնավարությանն առհասարակ չի վերաբերում. եթե բուհին լայն ինքնավարություն ենք ուզում տալ, ուրեմն կամընտրական պետք է լինի տնտեսագիտության ֆակուլտետում «Տնտեսագիտություն» առարկան, ֆիզիկայի ֆակուլտետում՝ «Ֆիզիկա» առարկան, թատերական ինստիտուտում՝ «Դերասանական արվեստ» առարկան, և այդպես շարունակ, որպեսզի ինքը՝ այդ ամենագետ ուսանողը, որոշի իրեն հաճո՞ է նստել այդ դասին, թե՞ չնստել: Այստեղ այնքան սուբյեկտիվ պահեր կան. մենք չենք ասում՝ բոլոր դասախոսները կատարյալ են, կարող է դասախոսը դուր չգալ այդ ուսանողին, և նա կամընտրական չգնա հայերեն սովորելու, դպրոցից էլ հետը հայերեն չի բերել...
Ոչ մեկը չի կարող վստահաբար ասել, որ ցանկացած տնտեսագետ հենց ավարտեց՝ տնտեսագետ է աշխատելու, ֆիզիկոսը ֆիզիկոս է դառնալու: Ժուռնալիստը կարող է դառնալ վարչապետ, դուք այդ օրինակն ունեք, ֆիզիկոսն էլ կարող է դառնալ վարչապետ, և եթե նա չգիտի հայ մշակույթ, հայոց լեզուն, լեզվաբանորեն չի կարող արտահայտել իր մտքերը, կստացվի այն, ինչ եղավ այս իշխանությունների օրոք:
Ինձ համար շատ տխուր էր, որ Հայաստանի կառավարության նիստեր անցկացնելու աշխատակարգի մի մասը գրված էր հայերեն տառերով, մի մասը լատինատառ էր: Ես հակված եմ կարծելու, որ այն աշխատակազմի ղեկավարը, որը կազմել է այդպիսի օրակարգ՝ լատինատառ, հայերեն տառերը ճանաչում է օրումեջ, բաղաձայնների մի մասը գիտի, մի մասը չգիտի, դրա համար լատինատառ է գրել:
Ազգային կրթություն ասելով՝ ես նկատի ունեմ այն, որ մենք երբեք չպետք է ստորադասենք հայ կրթական ավանդները ուզածդ եվրոպական և ամերիկյան կրթական ավանդներին:
Նույն՝ այս ազգային, ավանդական կրթություն ստացածները եղանակ են ստեղծել իրենց ոլորտներում նաև արտասահմանում, որի տնտեսագիտական դասագրքերը համեմված են իրավական խոր գիտելիքներով, և նա շատ լավ գիտի հայերենը՝ նախ և առաջ:
Ես կարծում եմ, որ Մաշտոցից սկսած մինչև հիմա մեր ազգային կրթությունը խոհեմաբար վերցրել է իր մեջ՝ ներառել է նաև համաշխարհային կրթական գիտափորձը:
Երբ ԵՊՀ-ն բացվեց, հիմնականում գերմանիկ կրթություն ստացած մարդիկ եկան, որոնք լավ հայագետներ էին։ Պատմաբանասիրական մասնաճյուղով բացվեց ԵՊՀ-ն, և սա նշանակում է, որ մենք ԵՊՀ-ի հիմքում դրեցինք մեր ազգային մտածողությունը:
Իմ խոսքը չի վերաբերում հայերենը ոչ մասնագիտական ֆակուլտետներում պարտադիր, թե՝ կամընտրական լինելուն: Կարող է պարադոքսալ հնչել իմ խոսքը՝ դա այդքան էլ կարևոր չէ, կարևորն այն տողատակն է, որի տակ փորձում են հաստատել այս խնդիրը, որովհետև, եթե մեր ֆիզիկոսը, քիմիկոսը, տնտեսագետը, կենասաբանը փայլուն լատիներենով, անգլերենով, ռուսերենով տիրապետում է իր առարկան, հավատացեք՝ 80 տոկոսով նա իր գիտելիքներն այս երկրին չի ծառայեցնի, որովհետև նրա ներքին հոգեբանությունը, նրա ներքին ինքնագիտակցությունը համամարդկային չէ, գլոբալացված է, և այդ գլոբալացումը նրան քաշելու-տանելու է այն դրական տեղերը, որտեղ շատ ավելի են վճարում, և նա աշխատելու է այդ երկրի համար: Իսկ այսօր հենց այստեղ գտնվում են մարդիկ, որոնք մարդու ինքնասիրությունը վիրավորող աշխատավարձով շարունակում են աշխատել այս երկրի և իրենց ժողովրդի համար:
Անանիա Շիրակացին վատ մաթեմատիկոս չի եղել, 12-13-րդ դարերում Կիլիկիայի սև լեռներում եվրոպաներից մարդիկ գալիս էին կրթություն ստանալու, այստեղ մեր ազգային կրթությունն առաջ էր անցել նույն՝ եվրոպական կրթությունից:
Գլաձորի ու Տաթևի համալսարանների նվաճումների մասին չեմ ասում: Այսօր մենք Տիեզերական վարդապետ ունենք, որն արդյունք է Նարեկյան դպրոցի: Կարելի է շատ թվարկել, և սա երբեք չի նշանակում, որ մենք դեմ ենք եվրոպական կրթական առաջադեմ մեթոդներին։ Ամերիկյան կրթական առաջադեմ մեթոդները պետք է բերել, համաձուլել մեր ազգային կրթությանը, բայց դա ազգայինի հաշվին չպետք է արվի:
Լեզուն հենց մտածողություն է, բայց դա լեզվամտածողություն է, մաթեմատիկան նույնպես մտածողություն է. ես շատ թույլ լեզվաբան եմ, որովհետև թույլ մաթեմատիկա գիտեմ, դուք շատ ուժեղ տնտեսագետ եք, որովհետև շատ լավ հայոց լեզու գիտեք, եթե դուք հայոց լեզուն շատ լավ չիմանայիք՝ ձեր ուզած օտար լեզուն չէիք կարող յուրացնել:
Ազգային կրթություն ասելով՝ ես նկատի ունեմ երեք կարևոր արժեքներ՝ լեզուն, պատմությունը և, ի տարբերություն աշխարհի շատ ժողովրդների պատմությունների՝ մեր եկեղեցու պատմությունը։ Որովհետև չեք կարող ինձ ցույց տալ մի ժողովրդի պատմություն, որի եկեղեցին ունեցած լինի այն պատմաքաղաքական դերն իր ժողովրդի կյանքում, ինչ ունեցել է Հայ Առաքելական սուրբ եկեղեցին: Ես հայոց եկեղեցին համարում եմ մեր կարևոր կռվաններից և հիմքերից մեկը»:
Ավելի վաղ Yerkir.am-ը հայտնել էր, որ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամներ Լիլիթ Գալստյանի ու Արծվիկ Մինասյանի պատասխանատվության ներքո ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը կազմակերպել է «Պետականություն և արժեհամակարգ. մարտահրավերներ և անելիքներ» խորագրով խորհրդաժողովը՝ բուհական և ակադեմիական շրջանակների, ստեղծագործական միությունների ներկայացուցիչների, առանձին մտավորականների և քաղաքագետների մասնակցությամբ:
Սերժ Սրապիոնյանի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութով: