Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ն արդեն տեղեկացրել է, որ հայ բանասիրության և պատմության ֆակուլտետների դասախոսները, հաջակցություն ուսանողների, մեկօրյա նախազգուշացնող գործադուլ են հայտարարել, որի պատճառը ԿԳՄՍ նախարարության որոշումն էր բուհերում հայագիտական առարկաները ոչ պարտադիր դարձնելու վերաբերյալ:
«Եթե պաշտոնական անձը որևէ հայտարարություն է տարածում, ուրեմն դա արդեն պաշտոնական կարծիք է: Եթե նախարարը հայտարարում է, որ ինքը մնալու է պաշտոնին՝ անկախ ամեն ինչից, և վարչապետն էլ հայտարարում է, որ դա ոչ թե նախարարի, այլ կառավարության կարծիքն է, նշանակում է, որ սա արդեն մշակված գիծ է, և թող մեզ չհրամցնեն, թե դա դեռ քննարկման ենթակա նախագիծ է. նման բան չի կարող լինել: Որոշումն արդեն կայացված է և հրամցվելու է մեզ»,- ըստ Yerkir.am-ի ասաց ԵՊՀ դասախոս, դոցենտ, բանասեր Սերժ Սրապիոնյանը՝ հավելելով, որ սա ուսանողների ինքնաբուխ շարժում է, որոնք հասկացել են՝ վտանգվում է իրենց ազգային ինքնությունը, և այս արտահայտության վերաբերյալ պաշտոնյան թող հեգնանքով չխոսի:
Սրապիոնյանը հիշեցրեց հայ մեծանուն բանաստեղծ Դանիել Վարուժանի խոսքերը, երբ դեռ «ո՛չ թավշյա, ո՛չ երկաթյա, ո՛չ էլ արյունոտ հեղափոխություն» չէինք տեսել: ««Քիչ մը շովին մտածողութիւնը չի խանգարեր մեր ազգին»: Այնպես որ՝ Վարուժանի միտքը ես չեմ համեմատի այսօրվա գործող որևէ գործչի մտքի հետ: Եթե մենք ասում ենք, մի՛ կպեք մեր ազգային դիմագծին, երբ հայտարարում ենք, որ մեր լեզուն, մեր գրականությունը, պատմությունը մեր ազգային հիշողությունն են, որի շնորհիվ պատմության քառուղիներում խորդուբորդ բազմաթիվ մղոններ ենք անցել, եկել-հասել ենք 21-րդ դար, մի՛ կպեք և խախտեք հիմքերը, հակառակ դեպքում՝ մենք կանենք անկանխատեսելի քայլեր, և սա արդեն որպես զգուշացում եմ ասում: Մենք կազմակերպված կանենք այնպիսի քայլեր, որ ուզածդ քաղաքական գործիչը 7 օր ուշքի չի գա»,-հայտարարեց Սրապիոնյանը:
Ըստ դասախոսի՝ որևէ քաղաքական գործիչ չի կարող որևէ դասախոսի, որը մտավորական է և գիտնական, թողնի լուսանցքում, իսկ այդ «աղքատավարձը» նրանք ստանում են 30 տարի շարունակ: «Մենք աղքատ, բայց հպարտ ապրելու սովոր ենք: 1.5 միլիոնները թող տանեն՝ իրենց բնակարանները վերանորոգեն, զրահապատ մեքենաներով շրջեն, քեֆեր քաշեն: Ես չեմ դնում աշխատավարձի խնդիր, ես խնդրում և պահանջում եմ չկպնել իմ ազգային դիմագծին, մտածողությանը և սրբություններին. եթե կպնեն, անկանխատեսելի քայլեր կձեռնարկենք»,- խոսքը եզրափակեց Սերժ Սրապիոնյանը:
Հիշեցնենք՝ արդեն 7 օր է, ինչ տեղի է ունենում համաուսանողական բողոքի ակցիա: Ուսանողները հայտարարել են, որ պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, քանի որ նա անհամատեղելի է զբաղեցրած պաշտոնի հետ: