կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-14 15:39
Քաղաքական

Ամենադժվարը մարդկանց մտածողությունը փոխելն է. Արմեն Սարգսյան

Ամենադժվարը մարդկանց մտածողությունը փոխելն է. Արմեն Սարգսյան

ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը ծանոթ չէ Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստում տեղի ունեցած երեկվա դեպքերին: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ չի կարող կարծիք հայտնել դեպքերի մասին, քանի որ տեղյակ չէ, երեկ ամբողջ օրը Գյումրիում է եղել:

Հարցին` առհասարակ ինչպե՞ս է վերաբերվում բռնություններին, պատասխանեց. «Ցանկացած բռնություն ինձ համար ընդունելի չէ: Ես իմ էությամբ մեկն եմ, որ ուզում եմ գնալ երկկխոսության, քննարկման: Ցանկացած բռնություն` վերևից ներքև, ներքևից վերև, ընդունելի չէ»: Նա նաև նշեց, որ կծանոթանա այդ միջադեպին, եթե պատմեն իրեն:

Սարգսյանը տեղեկացրեց, որ մոտ օրերս կայանալու է Սերժ Սարգսյանի և իր հանդիպումը: «Հանդիպումը բաց չի լինելու, որ ես հանդիպեմ, ասեմ` ընդունում եմ նախագահի թեկնածու լինելու առաջարկը, որովհետև մեր հարաբերությունները ոչ միայն ընկերական են, այլ նաև դեսպանի և նախագահի հարաբերություններ են»,- ասաց նա:

Պատասխանելով հարցին` ի՞նչ ակնկալիքներ ունեն իրենից մտավորականությունը, հանրությունը, Արմեն Սարգսյանը ասաց, որ ամենադժվարը մարդկանց մտածողությունը փոխելն է: «Հասարակությունը հսկայական ակնկալիքներ ունի` սկսած նրանից, որ հանրության մոտ կա իներցիոն մի մտածողություն, որ նախագահը մեկն է, որ ունի վերևից ներքև ուղղաձիգ իշխանություն, և հակառակը՝ ասում են, որ նախագահի լիազորությունները չկան կամ այնքան քիչ են, որ նախագահը ոչինչ չի կարող անել: Սա ասում են թե' հանրությունը, թե' կուսակցությունները, իսկ սա ամենացավալի իրողությունն է, քանի որ ցանկացած փոփոխություն տեղի է ունենում մտածողության պատճառով: Ամենամեծ դժվարությունը մեր երկրում այն է, որպեսզի մարդիկ հույս ու հավատ ունենան»,- եզրափակեց նա: