Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայ իրականության մեջ պապենական օջախի սրբադասումն ունի բավական հին արմատներ: Այսօր էլ գրեթե բոլոր ավանդապաշտ հայկական գերդաստաններն իրենց պապենական տանն ունեն սրբադասված անկյուն, որը զարդարված է քրիստոնեական սրբապատկերներով և տվյալ ընտանիքի յուրովի աղոթատեղին է: Նման տներին մենք` հայերս, սովորաբար անվանում ենք ՄԵԾ ՏՈՒՆ: Անգամ, երբ այդ տանն այլևս մարդ չի ապրում, միևնույն է, սրբադասված անկյունը պահպանվում է, գերդաստանի անդամները պարբերաբար այցելում են այնտեղ, մոմավառություն կատարում: Տաղավար տոներին մատաղի (կենդանիների զոհաբերման) ծիսակարգը հենց այս մատուռներում է կատարվել: Անկախ տվյալ պահին մատուռի կարգավիճակից՝ մատուռի դուռը միշտ բաց է լինում և այստեղ պահպանվում է բացառիկ մաքրություն:
Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի Ասատրյան գերդաստանի մեծ տան արևմտյան պատն է, այն եղել է նաև թոնրատուն, որի երդիկը նույնպես նշմարվում է: Գերդաստանի անդամները այն ևս սրբադասել են և անվանում են Ճառ: Անվան ստուգաբանությունը թերևս այս պահին անհայտ է, բայց այն փոխանցվել է սերնդեսերունդ:
Մատուռի մուտքի դուռն է պահպանված՝ իր հնաոճ տեսքով:
3-րդ նկարում դարձյալ երևում է ծխեցված գերաններով ծածկը: Հենց այդ ծխեցման շնորհիվ է, որ դրանք մի քանի տասնամյակից ավելի պահպանվել են, հատկապես վերջին 20 տարիներին այստեղ խոնավության չափաբաժինը շատ ավելի մեծ է եղել: Այստեղ երևում է նաև թոնրատան երդիկը՝ ներսի մասից:
Նկար 5
Նկար 6
Չորրորդից յոթերորդ նկարներում մենք տեսնում են քրիստոնեական սրբապատկերներով զարդարված անկյուննները, հիմնականում՝ Հիսուս Քրիստոսի և Սուրբ Տիրամոր պատկերներով: Սրանք հիմնականում նվիրաբերվել են գերդաստանի անդամների, մատուռ այցելած ուխտավորների, որոշ դեպքերում նաև դրսում ապրող գյուղացիների կողմից: Հատկանշական է, որ 5-րդ նկարում սրբապատկերները փակցված են ծածկը պահող գերանի վրա, դրա նպատակը ծածկը պահող սյանը աստվածային օրհնություն և զորություն փոխանցելն է, որպեսզի այն շուտ չփլվի:
6-րդ նկարում տեսնում ենք փոքրիկ ճամպրուկը, դրանից կա գրեթե բոլոր հայկական հնամենի մատուռներում, դրա մեջ պահվում են մատուռին նվիրաբերված թանկարժեք իրերը ինչպես նաև մատուռին պատկանող սուրբ գիրքը: Հատկանշական է, որ այս մատուռն ունեցել է սուրբ գիրք, որը կոչվում էր ՆԱՐԵԿ: Գյուղի տարեցների վկայությամբ՝ այն բուժիչ զորություն է ունեցել, և նույն տարեցների վկայությամբ՝ բավականին մեծ արժեք ունեցող գիրքը խորհրդային տարիներին արտասովոր կերպով անհետացել է: Քանի որ խորհրդային պետությունը աթեիստական երկիր էր, ուստի իրավապահ մարմինները պատշաճ չեն զբաղվել այս հարցով: Գերդաստանի անդամներին այլ բան չէր մնում անելու, քան իրենց սեփական միջոցներով որոնել անհետացած սուրբ գիրքը: Ըստ տան անդամներից Ջանիբեկ Ասատրյանի վկայության՝ դեռևս 80-ականների վերջում այս տան սեփականատեր հանդիսացող նույն գերդաստանի անդամ Երվանդ Մկրտչյանն այն գտել է Երևանում, գրքի վերադարձի դիմաց խոստացել դրա քաշին համապատասխան գումար տրամադրել, բայց տվյալ պահին գրքի սեփականատերերը հրաժարվել են այն վաճառել:
Նկար 7 Նկար 8
Մատուռում պահպանվել է հին թոնիրը և նրա ակը, որը կրակը թեժացնելու միջոց է:
Այս մատուռում բավականին հետաքրքիր հին կենցաղային իրեր են պահպանվել:
Նկար 9
Ահա սա կոչվում է ԵՐԿԱՆՔ, այն պատրաստված է սպիտակ որձաքարից (բազալտ) և բավականին լավ հղկված է, և ամենակարևորը, որ այն ամբողջովին ձեռքի աշխատանքի արդյունք է: Այն դեռևս նախորդ դարում նախատեսված էր հացահատիկը մշակելու և մանրացնելու համար: Ապարանի Վարդենիս գյուղում անգամ 90-ականներին այն լայն կիրառություն ուներ:
Երկու տարբեր չափերի հասնող կավե կճուճները: Աջ կողմի կճուճի բարձրությունը մոտ երկու մետր է; Դրանք հիմնականում նախատեսված են եղել ձմռանը պանիր, բանջարեղենի թթու, տարատեսակ մրգերից ստացված ոգելից խմիչքներ պահելու համար:
Հայ իրականության մեջ վաղուց մոռացված մի կենցաղային իր, որը ժողովրդական լեզվով անվանում են ԿԱԽԿԱԼ: Այն նախատեսված էր դույլերով ջուր տեղափոխելու համար՝ չճկվող փայտի երկու ծայրերին ամրացված մետաղյա կեռիկներից կախված՝ բավականին մեծ չափեր ունեցող դույլեր (յուրաքանչյուրը 15-20 լիտր տարողությամբ), որոնցով Վարդենիս գյուղի առավել հայտնի երկու աղբյուրներից` Յոթվերքից և Լուսաղբյուրից, բավականին սառնորակ խմելու ջուրը հասցնում էին գյուղի տները: Հատկանշական է, որ այս գործը հիմնականում կատարում էին կանայք:
Մհեր Համբարձումյան
Արագածոտնի Վարդենիս գյուղի դպրոցի պատմության ուսուցիչ