Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայկական բնաշխարհին և հավատալիքներին նվիրված ժողովրդական ավանդությունների մեջ ուժեղ են ջրի պաշտամունքի արձագանքները (հղումը՝ այստեղ):
Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղում առ այսօր կան ջրի պաշտամունքի երկու կենտրոններ: Առաջինը Յոթվերք աղբյուրաշարքն է.
Այս հսկայական քարերի տակ կա բավականին սառնորակ աղբյուր, համայնքային ներկայիս իշխանությունների ջանքերով այստեղ կառուցվել է ջրահավաք ավազան, որի միջոցով ջուրը հասցվում է գյուղի բնակիչներին: Եթե նայենք առաջին նկարի վերին մասին, ապա կտեսնենք մատուռի պատերը, որ կառուցված է աղբյուրի հենց վերևում:
Մատուռը գտնվում է Վարդենիս գյուղի հարավային կողմում: Մատուռի տեղում նախկինում եղել է ջրի պաշտամունքի մեհյան, որը քրիստոնեության ընդունումից հետո ևս պահպանվել է (տե՚ս Տիգրան Հայազն «Վարդենիս» Հանրագիտարան, էջ 98, Երևան 2009):
Սա հենց այս աղբյուրի վերևում կառուցված մատուռն է: Այն գյուղում գտնվող երկու տասնյակից ավելի մատուռներից տարբերվում է նրանով, որ մուտքը գտնվում է հարավային կողմում:
Թեև գյուղում կա գործող, բավականին խոշոր և հայտնի եկեղեցի, բայց այս մատուռի հետ կապված ծիսակարգերն ավելի հետաքրքիր և բովանդակալից են:
Վարդավառը նախաքրիստոնեական տոն է, քրիստոնեության ընդունումից հետո ազգային և քրիստոնեական արժեքների միահյուսման արդյունքում հայ ժողովուրդը շարունակեց նշել այդ սրբազան տոնը` ասոցացնելով Քրիստոսի պայծառակերպության տոնի հետ (հղումն՝ այստեղ), իսկ Վարդենիս գյուղում ջրի մեծարման դրսևորումը արտահայտվում է այս կերպ. Վարդավառի տոնին գյուղի յուրաքանաչյուր ընտանիք իր սրբազան պարտքն է համարում բարձրանալ այս մատուռ և մոմ վառել՝ դրանով համարելով, որ մաքրվում է այդ տարվա ընթացքում գործած մեղքերից:
Համբարձման տոնը տարբեր ժամանակներում նշվել է տարբեր կերպ և բնակավայրերին բնորոշ առանձնահատկություններով: Վարդենիս գյուղում Համբարձման տոնին բոլոր օրիորդները, խմբեր կազմած, բարձրանում են Սուրբ Յոթվերք մատուռ, մոմավառություն կազմակերպում, մատուռի հարակից տարածքից հավաքում յոթ գույնի ծաղիկներ և վերջում գլխավոր աղբյուրից վերցնում մեկ թեյնիկ ջուր, դրա մեջ դնում մատուռի տարածքի մի փոքր քարի կտոր և հասցնում տուն՝ դրանով համարելով, որ Սուրբ Յոթվերքի զորությունն ու օրհնությունը փոխանցվում է տվյալ օջախին:
Այս հուշանվերների մեծ մասը մատուռին ընծայված է 18-20 տարեկան երիտասարդ տղաների կողմից, որոնք գտնվում եմ զինծառայության մեջ: Այսինքն՝ ծառայության մեջ գտնվող յուրաքանչյուր երիտասարդ իր սրբազան պարտքն է համարում այս մատուռին հուշանվեր ուղարկել և խաղաղ ծառայության համար ստանալ այս սրբավայրի օրհնությունն ու զորությունը:
Ի դեպ, մատուռին կից կան ևս մի քանի՝ խմելու ջրի աղբյուրներ:
Ահա այդ խմելու ջրի աղբյուրներից մեկի ակը: Բավականին սառնորակ ջուրը բխում է հենց այս քարի տակից: Աղբյուրի շուրջը տեղի բնակիչների անփութության պատճառով ճահիճներ են գոյացել:
Աղբյուրաշարքի ևս մեկ ջրի ակունք. այստեղ էլ աղբյուրի մեջ տարիների ընթացքում մոխրագույն ջրիմուռներ են գոյացել:
Ահա հենց այս քարերի տակից բխում է ևս մեկ սառնորակ աղբյուր:
Ահա այդ աղբյուրի սառնորակ ջրերը, որոնք ևս ջրահավաք ավազանի միջոցով հասցվում են գյուղի բնակիչներին:
Ջրի պաշտամունքի երկրորդ «կենտրոնը» գյուղում Լուսաղբյուր կոչվող վայրն է:
Սա արդեն սուրբ Լուսաղբյուր կոչվող մատուռն է, ինչպես նշվեց գուղի` ջրի պաշտամունքի հետ ասոցացվող վայրերից ևս մեկը: Այն գտնվում է փոքրիկ բլրակի ներքևի փոքրիկ ժայռախորշի մեջ:
Վերևի այս երկու նկարները մատուռի ներսի հատվածն են: Առաջին հայացքից աչքի են զարնվում քրիստոնեական սրբապատկերները:
Սա մատուռի ներսի աջ հատվածն է: Այս քարաբեկորների տակից բխում է բավականին սառնորակ խմելու ջրի աղբյուր:
Մատուռից մի փոքր վերև կա ավելի խոշոր խմելու ջրի աղբյուր, այդ աղբյուրի ջրերը ջրհավաք ավազանի միջոցով ևս հասցվում են գյուղի բնակիչներին և օգտագործվում և' խմելու , և' այգիների ոռոգման նպատակներով:
Հարկ է նշել, որ 19-րդ դարասկզբին, երբ հայ բնակչության բեկորները Պարսկահայաստանից գաղթեցին Ռուսահայաստան, այս գյուղ եկած վերաբնակները հիմնականում հաստատվեցին այս աղբյուրի հարակից տարածքներում: Աղբյուրի հենց կողքին պահպանված են հնագույն ամրոցի մնացորդները, որի քարերի անմշակ և անտաշ լինելը վկայում է դրա հնամենիության մասին (հղումն՝ այստեղ):
Մհեր Համբարձումյան
Արագածոտնի Վարդենիս գյուղի դպրոցի պատմության ուսուցիչ