կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-11-27 15:33
Իրավական

Դատարանը մերժեց Դավիթ Սանասարյանի փաստաբանի միջնորդությունը

Դատարանը մերժեց Դավիթ Սանասարյանի փաստաբանի միջնորդությունը

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում կայացավ  ՊՎԾ պետի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Սանասարյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը:

Քանի որ Դավիթ Սանասարյանի և մյուսների գործը քննվել էր ԱԱԾ-ում, հաշվի առնելով այս հանգամանքը, Դավիթ Սանասարյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը նախորդ դատական նիստին միջնորդությամբ էր հանդես եկել գործի վարույթը կասեցնելու և ՀՀ ՍԴ դիմելու վերաբերյալ՝ պատճառաբանությամբ, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտը հակասահմանադրական մարմին է: Միջնորդության մեջ նշվել էր, որ Ազգային անվտանգության մարմինների մասին օրենքի 4.2 հոդվածը, ինչպես նաև ՀՀ վարչապետի որոշումը՝ Ազգային անվտանգության կառուցվածքը հաստատելու մասին, հակասում են Սահմանադրությանը:

Դատարանը գործի քննությունը հետաձգել էր, որպեսզի մեղադրող կողմը և դատարանը հնարավորություն ունենան ծանոթանալու միջնորդությանը:

Այսօր դատական նիստում մեղադրող դատախազը փաստաբանի միջնորդությունը որակեց «անհիմն»՝ վկայակոչելով մի շարք օրենքների դրույթներ, ըստ որոնց՝ ամրագրված են Ազգային անվտանգության մարմինների՝ որպես քննչական մարմին հանդես գալու, քրեական գործով նախաքննություն իրականացնելու իրավունքները: Դատախազը հղում կատարեց նաև Քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածին, որով սահմանված է, որ քննիչ է նաև Ազգային անվտանգության մարմինների պաշտոնատար անձը:

«Քննչական մարմինը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված դեպքերում կազմակերպում և իրականացնում է նախաքննություն, իսկ քննչական մարմնի ղեկավարը՝ լիազորված մարմնի ղեկավարը, նշանակվում է ՀՀ վարչապետի համաձայնությամբ» , - հավելեց մեղադրող կողմը:

Փաստաբան Ինեսա Պետրոսյանը համամիտ չէր դատախազի վկայակոչած փաստերին և մատնանշեց, որ միջնորդության մեջ նշվել էր, որ «Ազգային անվտանգության մասին» ՀՀ օրենքով սահմանված չէ ԱԱԾ քննչական մարմնի կարգավիճակը և կազմավորման կարգը: «Միջնորդության մեջ նշվել էր նաև, որ ՀՀ վարչապետի որոշմամբ սահմանվել է ԱԱԾ նոր կանոնադրություն և կառուցվածք, համաձայն որի՝ կազմավորվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտը: Կառուցվածքն ու կարգավիճակը պետք է նշված լիներ, իսկ տվյալ դեպքում նշված չէ, հետևաբար՝ պնդում ենք մեր միջնորդությունը գործի վարույթը կասեցնելու և ՀՀ ՍԴ դիմելու վերաբերյալ»,- ասաց նա:

Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու:

Որոշումը հրապարակվեց ժամը 15:30-ին: Դատարանը որոշեց միջնորդությունը մերժել:

 

Հիշեցնենք, որ ներկայումս ՊՎԾ պետի լիազորությունները կասեցված Դավիթ Սանասարյանը մեղադրվում է այն բանի համար, որ հանդիսանալով  ՀՀ պետական վերահսկողության ծառայության ղեկավար՝ խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաեւ չի կատարել իր ծառայողական պարտականությունները:

 

 Նարա Մարտիրոսյան