կարևոր
7009 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-10 22:50
Հասարակություն

Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվի. դատարանը մերժեց միջնորդությունը

Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվի. դատարանը մերժեց միջնորդությունը

Հակակոռուպցիոն դատարանում՝ նախագահությամբ դատավոր Վահե Դոլմազյանի, այսօր՝ փետրվարի 10-ին, շարունակվել է Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործով դատական նիստը:

Վարդազարյանի պաշտպան Արամ Օրբելյանը միջնորդել է իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել: Միջնորդության հիմքն այն է, որ գործերը քննվում են դատարանում՝ բացառապես մեղադրանքի շրջանակներում, սակայն Վարդազարյանին մեղադրանք է առաջադրվել 2003 թվականին ընդունված ՔՕ 332-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչը, ըստ Օրբելյանի, չկա նոր ՔՕ-ում, դա նշանակում է, որ դատարանում չի կարող քննվել գործ մի հոդվածի վերաբերյալ, որն ուժը կորցրել է։

Դատարանը, սակայն, մերժել է պաշտպանի միջնորդությունը եւ նիստը հետաձգել:

Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդազարյանը մեղադրվում է արդարադատության իրականացմանը խոչընդոտելու մեջ: Ըստ մեղադրանքի, 2019թ. հուլիսի 19-ից զբաղեցնելով Բարձրագույան դատական խորհրդի նախագահի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող՝ բարձրաստիճան պաշտոնատար անձ, Սահմանադրությամբ եւ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով իրեն տրված լիազորությունների հետ չկապված գործողություններ կատարելով, պաշտոնեական դիրքը՝ պաշտոնից բխող հեղինակությունն օգտագործելով միջամտել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Սիմոնյանի կողմից արդարադատության իրականացմանը:

Վարդազարյանի վերաբերյալ հաղորդումը ենթադրյալ դեպքից շուրջ երկու տարի անց ներկայացրել է Անդրանիկ Սիմոնյանը, որը հետո նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալ:

Ըստ Սիմոնյանի հաղորդման՝ Վարդազարյանը «ալավերդցի Վահագն» անունով հայտնի Վահագն Աբգարյանի գործով է իրեն դիմել: Վահագն Աբգարյանը մեղադրվում է Ալավերդու բնակիչ Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու, ինչպես նաեւ՝ սպանության գործով իր օգտին գործողություններ կատարելու համար կաշառք տալու մեջ:

Վարդազարյանի վերաբերյալ գործում առկա է նաեւ ձայնագրություն. վերջինս, ըստ մեղադրանքի, «Signal» հավելվածի միջոցով կապ է հաստատել Անդրանիկ Սիմոնյանի հետ եւ համոզելու, խնդրանքի եղանակով նրանից պահանջել փոխել Աբգարյանի խափանման միջոցը՝ կալանավորումը։

Վարդազարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: