կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-11-26 20:16
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դրա նպատակը չեմ հասկանում․ Մհեր Նավոյանը՝ ադրբեջանցի ու հայ լրագրողների փոխայցերի մասին

Այդպիսի փորձ արվեց 90-ականներին՝ այստեղից գնացին, Ադրբեջանից եկան․․․դրա նպատակը չեմ հասկանում․ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի Ժողովրդական երաժշտության բաժնի ղեկավար, «Գեղարդ» երգեցիկ խմբի գեղարվեստական ղեկավար Մհեր Նավոյանը։

«Չեմ կարծում, որ ես հասարակության մեջ միակ մարդն եմ, որ դրա նպատակը չեմ հասկանում։ Երևի թե բարի նպատակով է արվում, որպեսզի հանրություններին նախապատրաստեն խաղաղության և այլն։ Բայց ես չեմ կարծում, որ եթե 3 լրագրող եկան այստեղ, 3 լրագրող գնացին այնտեղ, վաղը գալու են 10-ը, մյուս օրը՝ 15-ը և այդպես խաղաղություն է նախապատրաստվելու։ Նրանք գնացին այնտեղ, կգրեն այն, ինչի փափագը կունենա իրենց հասարակությունը, մերոնք կգան այստեղ, մի քիչ ավելի ազատ կերպով, բայց, այդուհանդերձ, հաստատ ադրբեջանական տեսակետ չեն պաշտպանի»,-պարզաբանեց նա։

Ինքնութենական տեսանկյունից մեկնաբանելով ադրբեջանցի լրագրողների՝ Արցախում լուսանկարվելու և իրենցը հռչակելու, իսկ հայ լրագրողների՝ գեղեցիկ Բաքվի ֆոնին լուսանկարվելու հակադրությանը, Նավոյանն ասաց․ «Անկեղծ, չեմ հետևել։ Բայց մենք այսօր փառավոր ծառայություն ենք մատուցում Ադրբեջանին ինքնութենական հարթության մեջ․ նա հակադրվելով մեզ՝ հայերիս, ստեղծում է ինքնություն, կազմավորման փուլում է գտնվում։

Այդ հասարակության ինքնությունը ձևավորվում է՝ հակադրվելով հայկականին։ Հետևապես մենք, որպես հին ձևավորված ամբողջականություն, մի քիչ ավելի հանգիստ ենք, իսկ ինչպես պատմությունն է ապացուցում, նոր ձևավորվող ինքնությունները լինում են շատ ավելի ռեակցիոն, շատ ավելի ծայրահեղ, և, որպես կանոն, ինքնությունները ձևավորվում են արյունով, ծայրահեղ դրսևորումներով, տեռորով, ինչով ասեք»։

Մհեր Նավոյանը օրինակներ բերեց պատմությունից․ «Իմպերիան ազգային պետականության մեկ ուրիշ հակոտնյա է, նրա քայքայմամբ է ձևավորվում ազգային պետականություն։ Եվ ուրեմն, ազգային պետականության ձևավորումը նաև կապված է իմպերիալ ինքնության քայքայման հետ։

Ազգային ինքնության ձևավորման գործընթացը ուղղակիորեն շաղկապված էր իմպերիաների քայքայման հետ՝ գոնե Եվրոպայում։ Տեսե՛ք, ինչ արնահեղություններով է դա ուղղորդվել»։

Նա մատնանշեց պատմական այս օրինաչափությունը՝ բացատրելով, թե ինչու տարօրինակ չէ, որ ադրբեջանական դրսևորումները շատ ավելի սուր են, շատ ավելի ծայրահեղ, ռեակցիոն, քան մերոնցը։  

Ավելի վաղ Yerkir.amտեղեկացրել էր ադրբեջանցի ու հայ լրագրողների փոխայցերի մասին։

Աննա Բալյան

Առավել մանրամասն՝ տեսանյութում․