Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ի զրուցակիցն է դերասան, բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանը:
-Աննա Մայիլյան, Արամ Թալալյան, Դավիթ Ամալյան, Ֆորշ, Գայանե Հովհաննիսյան, Սերգեյ Խաչատրյան, Հայկ Մելիքյան, Արման Հովհաննիսյան, Ալլա Լևոնյան, Արմենչիկ. բոլորն էլ ՀՀ վաստակավոր արտիստներ են: Որքանո՞վ է այս համահարթեցումը ճիշտ:
-Նման հարթեցում ընդհանրապես չպետք է լինի: Ես, ճիշտն ասած, չգիտեմ բոլորին, թե ովքեր են ստացել կոչումները, միայն շնորհավորել եմ թատրոնի իմ ընկերներին: Ինչ վերաբերում է Արմենչիկին, ապա նա մեղավոր չէ, որ կոչում է ստացել, նա ինքն իրեն կոչում չի տվել, չէ՞: Եթե ազնիվ լինենք` պիտի ասենք, որ Արմենչիկը կարողանում է լցնել այնպիսի դահլիճներ, որոնք, իրոք, մեր լավագույն երգիչներն ու արվեստագետները չեն կարողանում: Արմենչիկը ծախում է այն, ինչ ուզում են գնել, և ցավոք, այդ երաժշտության տեսակն ուզողները շատ ավելի են, քան արվեստասեր հասարակությունը: Ուրիշ բան` արժանի՞ էր նա այդ կոչմանը, թե՞ ոչ, բայց դա էլ ոչ ես կարող եմ որոշել, ոչ էլ` դուք: Այնուամենայնիվ, Արմենչիկին հալածելը ես չեմ հասկանում և չեմ ընդունում: Ֆորշի երգերը մեր պատմության մեջ դեռ երկար-երկար տարիներ կմնան, իսկ այն, ինչ երգում է Արմենչիկը, ճիշտն ասած, առանձնապես չեմ լսել, բայց դա օրվա պահանջն է, նրա բիզնեսը: Ճիշտ հասկացեք` մարդիկ ստեղծում են արվեստ, այս մարդը ստեղծում է բիզնես` երգի միջոցով, որն ունի իր գնորդը:
-Արդյո՞ք սա վերաբերմունք չէ և չի նշանակում, որ վերևներից խրախուսվում է այն երաժշտական ժանրը, որն էլ ներկայացնում են, ասենք, Արմենչիկն ու Արման Հովհաննիսյանը:
-Ինձ դժվար է պատասխանել այդ հարցին, որովհետև ես շոու բիզնեսի հետ ընդհանրապես կապ չունեմ: Արման Հովհաննիսյանը, որպես երգիչ, իմ կարծիքով, շատ ավելի բարձր է, քան Արմենչիկը, թեկուզ` իր ձայնային տվյալներով: Դա էլ է արվեստի որոշակի ոլորտ, որն ունի իր հանդիսատեսը, սա անտեսել չի կարելի, չի կարելի ասել` դա մերը չէ, ռեստորանային երաժշտություն է: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ կոչման արժեքը չպետք է խեղաթյուրվի, որովհետև կոչման մեջ ոչ փող կա, ոչ էլ` չգիտեմ ինչ: Կոչումն իրականում արժանին մատուցելն է ու գնահատելը այն արվեստը, որը մարդը ստեղծում է սերունդների համար: Արմենչիկին պետք չէ վիրավորել: Ես, օրինակ, չեմ գնա նրա համերգին, որովհետև դա ինձ չի հետաքրքրում, բայց մյուսը կկոտորվի, ծանոթի միջոցով տոմս կգտնի: Մարդն անում է այն, ինչ անում է:
-Կոչումները չե՞ն սպառել իրենց:
-Չէ, չեն էլ սպառի: Դրանք եկել են Սովետական միությունից, կոպիտ ասած` փողի փոխարեն կոչումներ են տվել: Ջեք Նիկոլսոնը, ով չգիտի` ինչ է նշանակում ԱՄՆ վաստակավոր արտիստ լինելը, բայց գիտի իր արժեքը, որովհետև մի նկարահանման համար ստանում է այն գումարը, որը մենք մի ամբողջ թատրոնով 5 տարվա մեջ կստանանք: Հասկանո՞ւմ եք` ուրիշ խրախուսելու միջոց հիմա չկա: Եթե լինի մի այնպիսի բան, որ յուրաքանչյուրն, իրոք, ստանա այն, ինչին արժանի է, թող կոչումները վերանան: Սա մի ձև է, որին գոնե իմ սերունդը սովորեց, ընդունեց: Չընդուներ, ի՞նչ պետք է աներ` Սովետական միություն էր: Դրանով ապրում ենք այսօր, այսինքն` դա մտել է մեր կյանք, ինչ-որ կերպ գնահատվում է, էլի, քո արածը: Մինչև չլինի համահունչ ու համակշիռ մի բան, որը կփոխարինի այդ երկու տողին` պարգև, ինչ-որ նյութական խրախուսանք: Օրինակ` ԱՄՆ-ում «Օսկարի» մրցանակակիրը չի կարող որոշակի գնից ցածր գումարով նկարահանվել ինչ-որ ֆիլմում: Եթե նման համակարգ մտավ, իհարկե, էլ ո՞ւմ պետք կլինեն այդ երկու տողը: Բայց մարդիկ էլ կան, որոնք ամբողջ կյանքն են նվիրել կինոյին, թատրոնին և ոչինչ չունեն դրա դիմաց:
-Դուք արվեստի վաստակավոր գործիչ եք, Ձեր կյանքում այդ կոչումն ի՞նչ փոխեց:
-Ոչինչ, բացարձակապես ոչինչ: Եթե վաղը ժողովրդական արտիստ համարեն ինձ, էլի ոչինչ չի փոխվի: Սրան գումարած` կոչման մեջ մի բան էլ կա, որը շատ անարդար է` քեզ տալիս են, ու սկսում ես անհարմար զգալ, թե ընկերդ ինչու չունի: Սամվել Սարգսյանի, Ալեքսանդր Խաչատրյանի պես դերասանները կոչումներ չունեն: Կոչում ստանալու գործընթացն էլ` պետք է վազվզես, թղթեր ներկայացնես, երաշխավորագրեր գտնես: Կարծում եմ` պետք է ստեղծվի մի հանձնախումբ, որն էլ թող որոշի` ով ինչի է արժանի: Ես անգամ ինձ համար անսպասելի եմ ստացել կոչումը, քանի որ այն, ինչ պետք էր լրացնել, լրացրել էի, և մոտ 2 տարի ձայն-ձուն չկար, թե հետո ինչո՞ւ որոշեցին տալ, չգիտեմ:
-Ասում եք` կոչումը խրախուսանք է, բայց ձևակա՞ն չէ` ամբողջ տարվա մեջ մեկ անգամ կոչում տալու համար հիշել ստեղծագործող մարդուն:
-Այնքան խոր թեմա եք բացում, որ կարելի է գնալ ու գնալ: Այսօր կինոյի ոլորտի որևէ գործիչ, որ սկսում է ֆիլմ նկարել, նախ կարդում է դասագիրք` «Մուրացկանությունն ու դրա հետևանքները»: Մենք դարձել ենք մեծապատիվ մուրացկաններ, որոնց բոլորը ճանաչում են, ու որոնց անունները հայտնի են: Մարդիկ երկու կոպեկ գտնելու համար, որ իրենց գործն անեն, ընկնում են դռնեդուռ: Ծանր թեմա է, չեմ ուզում էլ շարունակել…
Կարինե Հարությունյան