կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-22 11:36
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աշխարհի ամենահզոր երկրի Սենատը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. ԱՄՆ սենատորներ

Ամերիկայի Միացյալ Նահանգների դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը Սենատում իր ելույթի ժամանակ կոչ է արել գործընկերներին՝ հետևել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամների օրինակին և արագացված կարգով քվեարկությամբ ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 150 բանաձևը. Yerkir.am-ին հայտնում են ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից:

«Այս բանաձևը հստակեցնում է մի փաստ, որը տարիներ շարունակ ԱՄՆ-ի բազմաթիվ վարչակազմեր փորձել են աղավաղել: Այդ վարչակազմերը՝ թե՛ հանրապետական և թե՛ դեմոկրատ, գլուխներն ավազի մեջ են թաքցրել, ի հեճուկս այն բանի, որ հենց Միացյալ Նահանգների դիվանագետներն են սարսափելի իրողությանն ականատես եղել»,- շեշտել է Մենենդեսը:

1915-1916 թվականներին պետքարտուղարությանն ուղղված իրենց պաշտոնական հաղորդագրություններում Թուրքիայում աշխատող ամերիկացի դիվանագետները նկարագրել են «Թուրքիայի իշխանությունների կողմից ամիսներ առաջ պլանավորված և մանրամասն իրականացված՝ հայերի ծրագրված բնաջնջումը», թուրք իշխանությունների կողմից հայերի նկատմամբ իրականացված բարբարոսությունները և կանխամտածված ջարդերը:

Ելույթում սենատորը մեջբերել է նաև 1913-1916 թվականներին Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի խոսքերը, որը, տեսած վայրագություններից տպավորված, գրել էր. «Համոզված եմ, որ մարդկության ամբողջ պատմությունը չի տեսել նման սարսափելի դրվագ: Անցյալի լայնածավալ սպանություններն ու հետապնդումները  հայ ազգի՝ 1915 թվականի տառապանքների համեմատությամբ թվում են գրեթե աննշան»:

Մենենդեսի համոզմամբ՝ ԱՄՆ պաշտոնյաների՝ Հայոց ցեղասպանության փաստացի ապացույցները Միացյալ Նահանգների դիվանագիտության պատմության առավել հպարտ պահերից են: «Աշխարհում 27 երկիր ճանաչել է Հայոց ցեղասպանությունը. դրանցից 11-ը ՆԱՏՕ-ի անդամ երկրներ են, և ոչ մեկի հարաբերությունները Թուրքիայի հետ չեն խզվել այդ պատճառով»,- պարզաբանել է նա:

Հաջակցություն Մենենդեսի նախաձեռնության՝ հանրապետական սենատոր Թեդ Քրուզը հիշեցրել է՝  «ցեղասպանություն» եզրույթը մշակելու ընթացքում Ռաֆայել Լեմկինը օգտագործել է հենց Օսմանյան կայսրության կողմից հայերի բնաջնջման օրինակը:

«Որպես Ամերիկա՝ մենք երբեք չպետք է լռենք՝ ի պատասխան վայրագություններին: Շուրջ 100 տարի առաջ աշխարհը լռում էր, երբ հայերը տառապում էին և համակարգված կերպով կոտորվում: Մեր բարոյական պարտքն է ճանաչել այն, ինչ պատահել է 1.5 մլն անմեղ հոգիների հետ: Ճիշտ արարքը դա է»,- վստահեցրել է սենատորը:

Ի տարբերություն Ներկայացուցիչների պալատի, որտեղ հարցը քվեարկության է դնում նախագահողը, Կոնգրեսի վերին պալատում 100 սենատորներից յուրաքանչյուրը կարող է կասեցնել հարցը քվեարկության դնելու նախաձեռնությունը: Այդ իրավունքից օգտվեց Ջորջիա նահանգը ներկայացնող սենատոր Դեյվիդ Փերդյուն, որի համոզմամբ՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քվեարկությունը Սենատում կարող է բարդացնել ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում առկա վիճահարույց այլ խնդիրների կարգավորումը:

Ի պատասխան Փերդյուի՝ Ռոբերտ Մենենդեսն ասել է, որ քաջ գիտակցում է՝ օրենսդիրի աշխատանքը բանակցություններ և պայմանավորվածություններ է նախատեսում: Հետևաբար, սենատորը պաշտոնապես հայտարարեց, երբ բանաձևի դեմ հանդես եկող սենատորներին անհրաժեշտ լինի իր ձայնն այս կամ այն օրինագծի օգտին, ապա ինքը պահանջ է ներկայացնելու՝ ի պատասխան փոխել դիրքորոշումը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հարցում:

«Ես շարունակելու եմ այս հարցը բարձրացնել Սենատում: Իմ կարծիքով՝ հայկական արմատներ ունեցող ամերիկացիները, աշխարհը և պատմությունը պետք է իմանան ու գիտակցեն, թե ով է կանգնած Ցեղասպանության ճանաչման կողքին և ով՝ ոչ: Ես չեմ նահանջելու, քանի որ դա է պահանջում  պատմությունը»,- եզրափակել է նա:

Հավելենք, որ նախաձեռնությանը միացել է նաև հանրապետական սենատոր Թեդ Քրուզը: 

«Եթե սենատոր Փերդյուն և իր մի շարք գործընկերներ ցանկանում են դեմ քվեարկել թիվ 150 բանաձևին, ապա նրանք պետք է չխանգարեն Սենատի իրենց գործընկերների ճնշող մեծամասնությանը՝ քվեարկել այս երկկուսակցական բանաձևի օգտին»,- ասել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն ու հավելել. «Մենք շնորհակալություն ենք հայտնում սենատորներ Մենենդեսին և Քրուզին ՝ Հայոց ցեղասպանության մասին բանաձևը քվեարկության դնելու՝ նրանց կողմից ճնշման համար: Մենք կանգնած ենք նրանց կողքին, որպեսզի հաղթահարենք Անկարայի վետոն»: