Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բրիտանահայ հայտնի վիրաբույժ, Առողջապահական համաշխարհային նորարարությունների ինստիտուտի նախագահ, Մեծ Բրիտանիայի առողջապահության նախկին նախարար Արա Դարզին իր մտահոգությունն է հայտնել այն առնչությամբ, որ Մեծ Բրիտանիան չի հետևել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրինակին. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է «The Guardian»-ը:
Պարբերականում հրապարակված իր հոդվածում Արա Դարզին մանրամասնել է, որ ողջունում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը ու մտահոգված է, որ նման գործընթացի բացակայություն կա Բրիտանիայի կառավարության մոտ:
«Որպես Բրիտանիայի խորհրդարանում առաջին հայ, անսահման երջանիկ եմ, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվեարկությամբ ճանաչեց ավելի քան մեկ դար առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը: Բայց ես հիասթափված եմ հանգամանքից, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը հրաժարվում է ճանաչել մոտ 1.5 միլիոն հայերի կոտորածը: Հայոց ցեղասպանության առնչությամբ ընդհանուր լռությունը ժամանակին մեջբերել էր Հիտլերը, երբ նախագծում էր Եվրոպայի հրեական բնակչության բնաջնջումը: Իմ և հայրենակիցներիս համար մեծ ցավի աղբյուր է այն, որ բրիտանական կառավարությունը հաստատակամորեն ժխտում է Ցեղասպանությունը՝ պայմանավորված Թուրքիային՝ ՆԱՏՕ-ի իր գործընկերոջը, նեղացնելու մտավախությունից»,- պարզաբանել է վիրաբույժը՝ միևնույն ժամանակ հիշեցնելով, որ աշխարհի առնվազն 20 երկիր պաշտոնապես կոտորածը ճանաչել է որպես Ցեղասպանություն: Մասնավորապես, այդ թվում են Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ռուսաստանը և Եվրոպական խորհրդարանը: Մի քանիի օր է, ինչ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն է միացել նրանց:
«Իմ մեծ պապը և նրա որդիները մահապատժի են ենթարկվել Օսմանյան կառավարական ուժերի կողմից 1915 թվականին: Նրա աղջիկը, այսինքն, իմ տատիկը, որն այդ ժամանակ դեռահաս էր, կարողացել է փրկվել: Նա իր մոր հետ շաբաթներ շարունակ Էրզրումից (որտեղ ապրել է նրա ընտանիքը) ոտքով հասել է դեպի Մոսուլ: Ես ծնվել եմ Իրաքում, Բաղդադում, որտեղ ապրել ենք որպես փախստականներ»,- վրդովվել է հեղինակը:
Դերզիի կարծիքով՝ ազնիվ չէ, որ Բրիտանիայի կառավարությունը շարունակում է համառորեն մերժել Հայոց ցեղասպանությունը: Նա պնդում է՝ ցեղասպանությունը համընդհանուր հարց է. այն մարդկությունը տեսել է Ռուանդայում, Դարֆուրում, նույնն է նաև այն, ինչ կատարվեց քրիստոնյա բնակչության հետ «Իսլամական պետության» ձեռքով Սիրիայում, Իրաքում:
Եզրափակելով իր հոդվածը՝ վիրաբույժն ընդգծել է. ««ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված բանաձևում նշվում է, որ կառավարությունը չպետք է իրեն ասոցացնի «հայերի կամ այլ ցեղասպանությունների ժխտման հետ»: Մեր խորհրդարանը պետք է անի նույն բանը»:
Հիշեցում
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ հոկտեմբերի 30-ին 405 կողմ և 11 դեմ ձայների հարաբերակցությամբ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևը
Այս բանաձևով պետք է ոգեկոչվի Հայոց ցեղասպանությունը՝ այն պաշտոնապես ճանաչելու և հիշատակելու միջոցով: