Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ապրիլի 24-ը՝ որպես Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության օր, պայմանական ամսաթիվ է, քանի որ թուրքերը հայերին սկսել էին կոտորել նախքան 1915-ի ապրիլի 24-ը. Երևան-Մոսկվա տեսակամրջի ժամանակ ասաց Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, ՌԳԱ Ե.Մ.Պրիմակովի անվան համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ազգային հետազոտական ինստիտուտի վերլուծաբան Վիկտոր Նադեին-Ռաևսկին:
Ըստ նրա՝ հայերի ոչնչացումը նախապատրաստված ծրագիր էր` իրականացվում էր հայերի արտաքսում, հայ տղամարդկանց մոբիլիզացնում էին, այնուհետև` զինաթափում, սպանում, իհարկե, հայերը փորձում էին պաշտպանվել, որտեղ դա հնարավոր էր, և, այո, երբեմն` շատ հաջող:
Վերլուծաբանը նշեց, որ 100 տարի անց Թուրքիան չի ցանկանում ընդունել իր կատարած հանցանքը, երբ դրա ընդունումն անգամ ԵՄ-ին անդամակցելու նախապայմաններից է եղել, մինչդեռ Գերմանիան ընդունեց Հոլոքոստի փաստը, որից հետո ունեցանք բոլորովին այլ Գերմանիա:
«Որպեսզի Թուրքիայի հասարակության միջնադարյան գիտակցությունը փոխվի և համապատասխանի ժամանակակից աշխարհընկալմանը, պետք է սկսել անցյալի գնահատումից, առանց որի հնարավոր չէ նորմալ ապագա կառուցել յուրաքանչյուր ազգի դեպքում: Այո, դժվար է ընդունել սեփական հանցանքները, նախնիների հանցանքը, բայց այդ ճանապարհով գնաց Գերմանիան՝ դատապարտելով Հոլոքոստը: Եվ այս դատապարտումը փոխեց գերմանացի ժողովրդի գիտակցումը, բարձրացրեց գիտակցական մակարդակը, սա բոլորովին այլ Գերմանիա է: Նման ինքնագիտակցում Թուրքիայում տեղի չունեցավ: 2000-ականներին թուրք մտավորականության կողմից մի փաստաթուղթ շրջանառվեց՝ «Հայեր, ներեք մեզ», որը տասնյակհազարավոր ստորագրություն հավաքեց, ինչը հաստատում էր, որ այս երկրում ևս գիտակցական փոփոխություն է տեղի ունենում, բայց անցավ մի քանի ամիս, և նոր փաստաթուղթ հայտնվեց՝ հակահայկական, որն առավել շատ ստորագրություն հավաքեց՝ մոտ կես միլիոն: Սա խոսում է այն մասին, որ Թուրքիան դեռևս պատրաստ չէ ընդունել անցյալում կատարած հանցանքները, վերաիմաստավորել իր պատմությունը, ունենալ նոր քաղաքացիական հասարակություն»,- շեշտեց Վիկտոր Նադեին-Ռաևսկին:
Նա հիշեցրեց, որ 2014-ին Էրդողանը հայերին «ներողություն» հասցեագրեց, բայց ինչ արեց դրանից հետո և ինչ է անում: «Գուցե այն արձագանքը, որը նա սպասում էր հայկական կողմից, չեղավ, որովհետև նա չարտաբերեց «ցեղասպանություն» բառը, ինչը համարվեց իբր իր ազգի նկատմամբ վիրավորանք: Բայց խնդիրը սա չէ: Թուրքիայի իշխանությունների դիրքորոշումը ոչ միայն չի փոխվել այս հարցում, այլև խստացել է»,- նշեց վերլուծաբանը:
Ըստ նրա` հայերը և Հայկական հարցը խանգարում են, այսպես ասած, միասնական թյուրքական աշխարհի գաղափարի կյանքի կոչմանը: «Հայկական երկու պետությունները՝ Հայաստանը, Արցախը, խանգարող հանգամանք են, և այսպիսով` աշխարհաքաղաքական իրավիճակը մնացել է նույնը: Հակահայկական տրամադրությունները, որոնք միշտ թուրքական հասարակության մեջ սերմանվում էին՝ սկսած դպրոցական նստարանից, մնացել են, ըստ էության, նույնը»,- ասաց վերլուծաբանը՝ խոստովանելով, որ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման ժամանակաշրջանում մի փոքր լավատեսություն ուներ, որը չարդարացավ:
Ըստ նրա՝ Թուրքիային վախեցնում է հնարավոր փոխհատուցման փաստը:
Հայկական հարցը տեղափոխելով ռուս-թուրքական հարաբերությունների հարթություն` Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրենը վստահեցրեց, որ ՌԴ նախագահ Պուտինի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում Հայաստան այցը և Ծիծեռնակաբերդում ծաղկեպսակի զետեղումը խնդիրներ առաջացրեցին ռուս-թուրքական հարաբերություններում, քանի որ այս փաստը Թուրքիան ցավոտ ընդունեց:
«Սկսեցին խնդիրներ «Թուրքական հոսքի» հետ կապված. առաջին անգամ դրանք հենց այդ ժամանակ ի հայտ եկան: Այսինքն՝ Թուրքիան պատրաստ էր անգամ տնտեսական շահերը հարվածի տակ դնել. նախատեսված էր «Թուրքական հոսքի» 4 գիծ, մնաց 2-ը»,- ընդգծեց վերլուծաբանը՝ նշելով, որ ՌԴ-ի համար անընդունելի է, որ Թուրքիան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, թեև ռուս հասարակությունն այս պատմությանն այնքան էլ ծանոթ չէ:
Հարցին՝ եթե ԱՄՆ-ն ճանաչի Հայոց ցեղասպանությունը, սա կստիպի Թուրքիային և մի շարք այլ երկրների ճանաչել այն, որքանո՞վ է սա իրատեսական, ռուս վերլուծաբանը պատասխանեց, որ եթե նման բան լինի, դա ոչ մի ազդեցություն չի ունենա Թուրքիայի դիրքորոշման վրա: Նա հիշեցրեց, որ վերջին շրջանում թուրք-ամերիկյան հարաբերությունները բավականին լարված են, ինչին նպաստել են Թուրքիայի դեմ պատժամիջոցները, թուրքական ապրանքների արտահանման բարձր տուրքերը, Ս-400 ռուսական համալիրների գնումը, մի շարք ծրագրերը կանգնեցնելու փորձերը և այլն։
«Մարդկության դեմ իրականացված հանցագործությունը չճանաչելը սխալ է։ Սակայն եթե անգամ ամերիկացիները ճանաչեն ու իսկապես կիրառեն «ցեղասպանություն» բառը, դժվար թե դա ազդի Թուրքիայի դիրքորոշման վրա։ Ընդհակառակը` մենք վրդովմունքի, հակաամերիկյան տրամադրության ալիքի ականատես կլինենք, հատկապես, որ ԱՄՆ–ը քիչ պատճառներ չի տվել՝ ԱՄՆ դեսպանատան տեղափոխումը Թել Ավիվից Երուսաղեմ, Գոլանի բարձունքների հետ կապված իրադարձությունը (ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 26–ին Գոլանի բարձունքներն Իսրայելի անբաժան մաս ճանաչելու մասին փաստաթուղթ է ստորագրել.- խմբ.)»,-ընդգծեց Վիկտոր Նադեին-Ռաևսկին՝ հորդորելով սպասել Թրամփի ելույթին: