Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատն այսօր՝ նոյեմբերի 19-ին, վավերացրել է ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագիրը. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՏԱՍՍ-ը:
Փաստաթուղթը պետք է վավերացվի Ճապոնիայի խորհրդարանի վերին պալատում՝ այնտեղ համապատասխան բանավեճերի անցկացումից հետո:
Հիշեցնենք, որ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերին Նյու Յորքում նոր առևտրային համաձայնագիր էին կնքել, որը գարնանից անցկացվող բանակցությունների արդյունքն է: Կողմերը նաև պարտավորվել են հասնել ազատ առևտրի մասին համընդգրկուն համաձայնագրի ստորագրմանը:
Սեպտեմբերի վերջին կնքված համաձայնագրի համաձայն՝ Ճապոնիան պարտավորվում է 2033 թվականին ամերիկյան տավարի մսի սակագինը 38.5 տոկոսից նվազեցնել մինչև 9 տոկոս, ինչպես նաև հաջորդ տարվա ապրիլից գինին՝ 15 տոկոսից մինչև 7.1 տոկոս: ԱՄՆ-ից ներմուծման քաղաքականության վերանայումը կառնչվի նաև այլ արտադրանքի, այդ թվում՝ ցորենին, գարուն, ընկույզին, եգիպտացորենին:
Իր հերթին Վաշինգտոնը չի բարձրացնի ճապոնական ավտոմեքենաների և պահեստամասերի ներմուծման մաքսատուրքերը, ինչից ամենաշատը վախենում էին ճապոնական ավտոարտադրողները, որոնց համար ԱՄՆ շուկան կարևորներից է: Միացյալ Նահանգներում ընդհանուր սակագների նվազեցում կամ չեղարկում կկատարեն 42 կետով, այդ թվում՝ գյուղատնտեսական արտադրանքը, սոյայի սոուսը, մաստակը, հեծանիվները, գոլորշու տուրբինները և երաժշտական գործիքները: