կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-15 15:40
Քաղաքական

Մրից ելանք, մրջուրն ընկանք. Արմեն Ռուստամյան

Արցախն արդեն ասել է, թե ինչպես պետք է հարցը լուծել և հարկավոր չէ նոր բաներ մոգոնել՝ ըստ Yerkir.am-ի այսօր՝ «Վերնատուն» հասարակական–քաղաքական ակումբի կազմակերպած համաժողովում, նշեց ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը:

«Ղարաբաղի ժողովուրդն իր Սահմանադրության 175-րդ հոդվածում հստակ սահմանել է, թե ինչպես է պատկերացնում Ղարաբաղյան հարցի կարգավորումը. ստատուս քվոն պետք է պահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ չի ճանաչվել Արցախի Հանրապետությունը և չի վերականգնվել նրա տարածքային ամբողջականությունն ու չեն ճշտվել սահմանները: Արտաքին քաղաքականությունը պետք է սրան հետևի: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ երկիրը ոչ թե ծրագրերով է զարգանում, այլ մեկ մարդու քմահաճույքով: Սա երկար չի կարող տևել: Ահազանգը պետք է հնչեցվի: Սա հո իրենց հոր բոստանը չէ, այլ բոլոր սերունդների նվաճած հայրենիքը: Մրից ելանք, մրջուրն ընկանք. այն ժամանակ ասում էին՝ «պոլի փետ լինի, ՀՀՇ-ից լինի», իսկ հիմա՝ ով քանի կիլոմետր քայլել է, ըստ այդմ պետք է պաշտոն ստանա»,- ասաց նա:

Ըստ Ռուստամյանի՝ նոր իշխանությունն ինքնասիրահարված է. եթե ասես՝ Ղարաբաղի հարցով գործընթացը մտել է փակուղի, կասեն՝  երբեք նման վիճակ չի եղել, որ Ղարաբաղի հարցում նման մեծ ձեռքբերումներ և հաջողություններ գրանցված լինեն, ասես՝ ազգը  պառակտված է, կասեն՝ երբեք ազգն այսքան միասնական չի եղել, ասես՝ անօրինականություններ են կատարվում և դատական համակարգը ձեռքից գնացել է, կասեն՝ ո՞նց, մեր ժամանակների նման ժողովրդավարություն երբևէ եղե՞լ է, մենք ժողովրդի իշխանությունն ենք, ժողովուրդը մեզ տվել է մանդատ և երբեք այսպիսի ծանրակշիռ մանդատ ունեցող իշխանություն չի եղել: Սակայն, ըստ դաշնակցական գործչի, քանի դեռ իշխանությունները դուրս չեն եկել այդ ինքնասիրահարված վիճակից, երկխոսության հնարավորություն անգամ չի լինի:

Ռուստամյանը նշեց, որ երբ որևէ մեկը փորձում է իշխանություններին ասել, որ լուրջ պրոբլեմներ կան, բովանդակությունը թողած՝ ասողին են սկսում քննադատել, ասել՝ սև ես, հակահեղափոխական ես: 

Նա համեմատական անցկացրեց ներկա և Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանությունների միջև։ Որպես ամենամեծ ձեռքբերում համարելով 2018 թ. շարժումը՝ Ռուստամյանը նշեց, որ ժողովուրդը հասկացավ՝ ոտքի կանգնելով կարող է իշխանություն փոխել և իր կամքը պարտադրել և դա չի կարելի կորցնել:

«Մենք տեսել ենք, որ 1991 թ. եկել է Լևոն Տեր-Պետրոսյանը՝ 83 տոկոսով, և  այնքան է ոգևորվել դրանից, որ իր թիվ մեկ հարցը համարել է, որ իր պատմական ձախողումը կլինի, եթե հանկարծ հաջորդ ընտրություններում չհաղթի, քանի որ դա կնշանակի, որ ինքն իջնում է Օլիմպոսից: Եվ ամեն ինչ արեց, որ ստեղծի իշխանության վերարտադրման համակարգ: Վախենամ՝ նույն բանը հիմա էլ լինի: Նրանց խնդիրն էլ է լինելու, որ հանկարծ խայտառակ չլինեն պատմության առաջ, քանի որ իրենց համարում են մեսիաներ, կատարել են մի բան, որ տիեզերքը պետք է գա՝ իրենցից օրինակ վերցնի: Ժողովրդով են եկել իշխանությունները, ժողովրդով էլ պետք է գնան»,- եզրափակեց Արմեն Ռուստամյանը:

Նշենք, որ «Վերնատուն» հասարակական–քաղաքական ակումբը կազմակերպել է համաժողով՝ հանրային–քաղաքական արդիական թեմաներով: Համաժողովում քննարկվում են հետևյալ հարցերը՝

- Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացը մտնում է փակուղի՝ մեծացնելով պատերազմի վտանգը (ի՞նչ անել),- հանրության այս աստիճան պառակտումը ազգային անվտանգության սպառնալիք է (ինչպե՞ս հաղթահարել),

- հանրության այս աստիճան պառակտումը ազգային անվտանգության սպառնալիք է (ինչպե՞ս հաղթահարել),

- դատաիրավական համակարգը, Սահմանադրական դատարանը ենթարկվում են բիրտ ճնշումների, փորձ է արվում օրենսդիր և գործադիր իշխանությունների վրա հաստատված անձնիշխանությունը տարածել նաև իշխանության այս ճյուղի վրա, ինչը հակասում է իրավական-ժողովրդավարական պետության սկզբունքներին (ինչպե՞ս թույլ չտալ):