կարևոր
4174 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-13 14:20
Քաղաքական

Դիմակները վայր են ընկել պարոնա՛յք, այլևս թաքցնել այն իրողությունը, որ գոյություն ունի՝ անհնար է. Արմեն Ռուստամյան

Դիմակները վայր են ընկել պարոնա՛յք, որովհետև այլևս թաքցնել այն իրողությունը, որ գոյություն ունի՝ անհնար է, իսկ իրողությունը որն աշխատելու է մեր դեմ, թե՛ Արցախի անվտանգության, թե՛ Հայաստանի անվտանգության հետևյալն է։ Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների նիստի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

«Առաջին անգամը լինելով մեր նորանկախ պատմության մեջ մենք արձանագրել ենք  պաշտոնական դիրքորոշումների խզում՝ Արցախի և Հայաստանի։ Ստեփանակերտն ու Երևանը տարբեր նպատակներ են դրել։ Ակնհայտ է նաև այն, որ հայկական աշխարհը 2 մասի է բաժանվել, մի մասը Արցախի հետ միասին պայքարում է Արցախի ժողովրդի հետապնդած նպատակների համար, մի մասը այդ պայքարից հրաժարվել է։ Նպատակն Արցախի ժողովուրդը հստակ է արձանագրել ոչ միայն սահմանադրությամբ, այլ նաև վերջերս տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքներով։ Դրանից է ծագել նաև այս իրավիճակի սրումը։ Արցախը հստակ ասել է, որ չի ապրելու Ադրբեջանի կազմում։ Որովհետև եթե որևէ մեկը այստեղ ինչ-որ պատրանք ունի, որ Արցախը կարող է  Ադրբեջանի կազմում գոյատևել՝ արցախահայը գիտի, որ դա դանդաղ մահ է, եթե ոչ շատ արագ վերացում։ Արցախահայությունը դա ակնհայտ հասկացել է»,- ասաց նա։

Վերջին հայտարարությունները, որ հնչեցին զուգահեռաբար թե՛ Բաքվից, թե՛ Երևանից պատգամավորի մոտ տպավորություն է ստեղծվել, որ մենք ըստ էության, պաշտպանում ենք Ադրբեջանի մոտեցումները․ «Մենք էլ ենք ասում, որ չկա հնարավորություն պաշտպանել Արցախը Ադրբեջանից դուրս կարգավիճակում, բազմիցս է դա ասվել։ Ալիևը բացահայտ ասում է, որ Արցախի հարցը այլևս լուծված է, մենք էլ էնք ըստ էության ասում՝ կարգավիճակի իմաստով Արցախի հարցը լուծված է։ Պետք է ընդունենք փաստը, որ դա Ադրբեջանի կազմում պետք է մնա։ Ալիևն ասում է, որ մենք նոր խնդիր ենք բերում օրակարգ։ Քանի որ աշխարհն 2 տարի արդեն ընդունել է պատերազմի արդյունքները, նոր խնդիր ենք բերում միջազգային հանրության մեջ՝ Արևմտյան Ադրբեջանի հարցը։ Մենք դրան ասում ենք՝ պատրաստ ենք զիջել։ Հիմա էլ ենք պատրաստ ստորագրել այն զիջումները որոնք նախատեսված են, բայց ես չգիտեմ դա վերջնական կլինի, թե՝ չէ, սա է ասում Նիկոլ Փաշինյանը։ Այսինքն մարդը էլ ո՞նց խոստովանի, որ ամեն ինչի պատրաստ է, պարզապես թուրքերը՝ ադրբեջանցիների հետ միասին չեն ասում՝ վերջը որն է սրա»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ մենք մեր բոլոր ունեցած անվտանգային գործընկերներին ասում ենք՝ դուք մեղավոր եք, մենք չենք կարող պաշտպանել Արցախի անվտանգությունը, քանի որ Ռուսաստանը մերը չի երաշխավորում, չենք կարող անել զորավարժություն, որովհետև դա սպառնալիք կարող է լինել Ադրբեջանի նկատմամբ․ «Ադրբեջանն ասում է զենք մի գնեք, ձեր անվտանգության երաշխավորը ես եմ։ Փաստորեն մենք հայտնվել ենք մի իրավիճակի մեջ, երբ մեր անվտանգության երաշխավորը դարձել է Ադրբեջանը։ Այս վիճակից պետք է դուրս բերել հայ ժողովրդին։ Ադրբեջանը գալիս է մինչև Երևան, պետք է կանգնեցնել այս պրոցեսը»,- ասաց նա։