Փոխարժեքներ
11 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.15 |
EUR | ⚊ | € 423.5 |
RUB | ⚊ | ₽ 3.97 |
GBP | ⚊ | £ 506.82 |
GEL | ⚊ | ₾ 142.07 |
Այս քննարկումները կրում են ակադեմիական բնույթ։ Մենք պետք է մտածենք, թե ինչպես հասնենք դրա կիրառելուն։ Այդ առումով կանգնած ենք շատ լուրջ խնդրի առջև, իսկ ժամանակը չի աշխատում մեր օգտին։ Այս մասին «Հայաստանի իրական օրակարգը» խորագրով քննարկման ժամանակ ասաց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։
«Ստատուս քվոն, որը ստեղծվել էր թե՛ երկրի ներսում, թե՛ երկրից դուրս, գոյություն ունի, ուղղակի բացառում է, որ մենք գնանք մի պայմանագրի, որը մեր համար նպաստավոր լինի, այդ պայմանագիրը կործանանարար է լինելու և դա ակնհայտ է։ Մեր ժողովուրդը չի գիտակցում դա։ Եթե գնում էս մի գործընթացով այն պայմաններում, որ ռազմաքաղաքական հավասարակշռությունը խաղտված է՝ ի օգուտ քո թշնամու, բնականաբար լավ բան ակնկալելն անիմաստ է։ Պատմության մեջ նման բան չի եղել, որ լինի անհավասարություն՝ ի վնաս քեզ, ու դու ստանաս քո օգտին բխող որոշում։ Ռազմաքաղաքական հավասարությունը խախտված է Ռուսաստանի կողմով, քանի որ նա զբաղված է Ուկրաինայով։ Մեր ամենակարևոր դաշնակիցը ունի իր խնդիրը՝ ամրապնդելու իր դիրքերը քարտեզի վար։ Այս ամենից օգտվել են Թուրքիան ու Ադրբեջանը և մտել են մեր տարածք»,- ասաց նա։
Պատգամավորի խոսքով՝ պայմանները կործանարար են մեր համար։ Երբ շեշտվում է մինչև տարվավերջ՝ դա ոչինչ չի փոխելու․
«Պետք է աշխատել ռեսուրսի վրա։ Մենք պետք է գտնենք այնպիսի երկրներ, որոնց համար մեր կենսական զիջումները իրենց համար էլ են կենասական զիջումներ։ Ամենաակնհայտ դրսևորումը Իրանն է, ով ասում է, որ պաշտպանելու է իր կարմիր գիծը բոլոր միջոցներով։
Մենք այսօր ունենք մի շատ կարևոր հարց՝ խեղաթյուրված է հանրային ընկալումը։ Մարդկանց թվում է, թե իրենք ժողովրդավարական երկրում են, բայց դա այդպես չէ։ Երկրում տեղի է ունենում պետական զավթման գործընթաց»,- նշեց նա։
ՀՅԴ գործիչը նշում է, որ մարդկանց զգալի մասը այդպես էլ ընկալել է, որ տալ Արցախը՝ պահել Հայաստանը, իսկապես փրկություն է․
«Կենսական զիջումը ենթադրում է ինքնաոչնչացում։ Որը իրենից ենթադրում է կապիտուլյացիա։ Ըստ Նիկոլի՝ մենք չունենք ուրիշ ոչ մի ճանապարհ, դա միակ ճամապարհն է երկիրը փրկելու։ Մեր գործը բացատրելն է, որ դա թյուրիմացություն է։ Արցախից հրաժարվելը նշանակում է Հայաստանին դնել անդառնալի հարվածների տակ, որը բերելու է ագրեսորի ճանաչման, միջազգային գործընթաց է սկսելու որպես ագրեսոր՝ պատժելու մեզ։ Դառնում է, որ Հայաստանը անընդհատ պարտավոր է լինելու տալ, տալ։ Հայաստանը լինելով փոքր երկիր՝ չի կարողանալու դարերով դուրս գա դրա տակից։ Մեր խնդրիը սա է, բացատրել ժողովրդին հետևանքները»,- ասաց նա։
Պատգամավորը կարծում է, որ իրականության մեջ իրավիճակը լրիվ այլ է՝ ասում են խաղաղություն, բայց իրականում՝ նվաստացում է տեղի ունենալու։
«Թե կարող ենք, պետք է մոբիլիզացվել և կանխել այս վիճակը: Եթե չկարողանանք լուծել այս հարցը, ապա կգնանք այն ճանապարհով, որ մեզ անընդհատ պետք է թելադրեն, թե՛ ներսից, թե՛ դրսից։ Իշխանափոխությունը պետք է դառնա փրկության առաջին քայլը։ Ազգը չեն համախմբում հանձնվելու համար, ազգը պետք է համախմբել համազգային նպատակի շուրջ։ Այդ նպատակը այս կենսական զիջումները բացառելու հետ է կապված։ Ժողովուրդը պետք է հասկանա, որ Արցախը տալը փրկություն չէ, որովհետև իրենց ախորժակը բոլորովին այլ ուղղությամբ է։ Թուրք-ադրբեջանական տանդեմը իր ցանկություններին հասնելու է ամեն կերպ, դա Հայաստանի ոչնչացումն է։ Դա իրականացվում է 3 ֆակտորով՝ Արցախը, Սյունիքը և մեր ատոմակայանը։ Բոլոր քննարկումները դրանց շուրջ են։ Աշխարհին միայն դրանք են հետաքրքիր։ Եթե հրաժարվենք այդ 3 ֆակտորներից՝ Հայաստանը կվերանա։ Այս ահազանգը պետք է հնչեցվի երկիրը ճիշտ ընթացքի բերելու պայմանով»։