կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-19 13:05
Սպորտ

Կանենք ամեն ինչ, որ հայ երկրպագուները վերադառնան մարզադաշտ. Հենրիխ Մխիթարյան

 Կանենք ամեն ինչ, որ հայ երկրպագուները վերադառնան մարզադաշտ. Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել ռուսական «Sport-express»-ին:

 -Այս մրցաշրջանում դառնում եք «Բորուսիա»-ի առաջատարը: Զգո՞ւմ եք:

 -Խաղադաշտում ես ներդնում եմ իմ ողջ ուժը: Թիմակիցներս ինձ օգնում են գոլեր խփել, իսկ ես` նրանց: Արդյունքում` օգնում ենք միմյանց` հաղթանակի հասնելու համար:

 -Զգացվում է, որ Տուխելի գլխավորությամբ ավելի լավ եք զգում Ձեզ:

-Այո, հիմա կարելի է ասել` ինձ մոտ ամեն ինչ ստացվում է: Շնորհակալ եմ Տուխելին և իմ թիմակիցներին: Կարծում եմ` նաև մեծ դեր ուներ այն հանգամանքը, որ ես մրցաշրջանի սկզբում լավ խաղեր անցկացրեցի:

 -Ձեզ համար, հավանաբար, շատ ցավալի է, որ Հայաստանի հավաքականը չի մասնակցելու Եվրո-2016-ին:

 -Մեր երազանքն է հանդես գալ Եվրոպայի կամ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում: Չեմ կարող ասել, որ հիմա շատ հիասթափված եմ, քանի որ այս մրցափուլում մենք ընդամենը 2 միավոր վաստակեցինք, իսկ մի քանի տարի առաջ մենք ռեալ հնարավորություն ունեինք դուրս գալու եզրափակիչ փուլ, բայց չստացվեց: Շատ ուրախ կլինեմ, եթե հաջողության հասնեմ հավաքականի հետ:

 -Ալբանիայի հետ խաղում մարզադաշտում մոտ 5000 երկրպագու կար:   «Մայնց»-ի հետ խաղում չէի՞ք մտածում ֆուտբոլային տոնի մասին:

 -Գերմանիայում ցանկացած հանդիպում տոն է, իսկ երևանյան խաղում հասկանալի պատճառներով բավական քիչ հանդիսականներ կային: Պարտվել էինք, և մարդիկ հիասթափված էին, սակայն ուզում եմ ասել նրանց, որ կանենք ամեն ինչ, որ նրանք վերադառնան մարզադաշտ:

 Բորուսիա»-ն  հաջորդ հանդիպումն անցկացնելու է  ադրբեջանական  «Գաբալա»-ի հետ: Մամուլում լուրեր են շրջանառվում, որ հնարավոր է խնդիրներ լինեն` ադրբեջանական վիզա ստանալու հետ կապված:

 - Չգիտեմ: Անձնագիրս ինձ մոտ չէ: Ավելի լավ է հարցնել ղեկավարությանը: Ամեն դեպքում` ես պատրաստվում եմ հանդիպմանը: