Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քրդերն էլ պահանջներ ունեն, և 100 տարի է՝ նրանց պահանջները, դժբախտաբար, անպատասխան են մնում:« Հայերն էլ 120 տարի առաջ պահանջ ունեին, և պատասխանը, դժբախտաբար զուլումն էր, և մենք Ցեղասպանություն ապրեցինք»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը:
Ըստ նրա` քրդերի պահանջն է, որ Թուրքիան ժողովրդավարական երկիր դառնա:
«Հիմա թուրք զինվորները Սիրիայի և Իրաքի սահմաններին են: Այս շաբաթ Թուրքիայի խորհրդարանում ժողով է լինելու, և կառավարությունն իրավունք է տալու, որ զինվորները Իրաքում և Սիրիայում գործողություններ իրականացնեն: Պետք է ճանապարհ գտնենք, որ ազգայնականները կանգ առնեն: Ես շատ մտահոգ եմ. ազգայնականները ուժեղ են և կարող են ավելի ուժեղանալ: Սա «երկրաշարժ» կարող է առաջացնել, ինչպես 1915-ին: Դա շատ մեծ «երկրաշարժ» էր, և մենք Ցեղասպանություն ապրեցինք դրա հետևանքով: Հիմա նույնը քրդերն են ապրում, և սա նույնպիսի ծանր հետեւանքների կարող է հանգեցնել, ինչը արյունոտ կլինի»,-ասաց Փայլանը:
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե արդյո՞ք չի վախենում քննադատել Թուրքիայի իշխանություններին: «Ես վախենում եմ իմ ժողովրդի համար, հատկապես՝ Թուրքիայում հայերի համար: Մենք փոքրամասնություն ենք` կա մոտ 60.000 հայ, որոնց մեծ մասն ապրում է Ստամբուլում: Եվ նմանատիպ մթնոլորտում փոքրամասնությունները վախենում են: Այդ վախի գործոնը միշտ դրված է նրանց սեղանին: Ես գիտեմ` եթե մնում ես լուռ, անգամ` երբ այս ազգային փոթորիկը շարունակվում է, չես կարող մնալ այնտեղ: Եվ դեռ քո նկատմամբ կլինեն հրահրումներ, եթե ասես՝ հայ ես, եթե ունես հայկական եկեղեցիներ, համալսարաններ, դպրոցներ: Անգամ` եթե ընդամենը ասես` հայ ես: Եթե ունես իրավունք, պետք է ձայնդ բարձրացնես և ասես` այն, ինչ անում եք, սխալ է: Ես փորձում եմ դա անել: Ես իսկապես մտահոգ եմ իմ ժողովրդի համար, հատկապես՝ երեխաների: Եվ ոչ միայն հայերի համար, ես մտահոգ եմ նաև այն ժողովուրդների համար, որոնց հետ ապրում եմ, ժողովրդավարների, թուրքերի, բոլորի: Եվ եթե այս փոթորիկը շարունակվի, բոլորն են տուժելու այս ֆաշիստական փոթորկից»,- պատասխանեց Փայլանը: