Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողները կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանից հարցրեցին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին: «Ինչո՞ւ պետք է ՀԷՑ-ի ղեկավարությունը «Լեքսուս» քշի, վատ կառավարի, պարտքեր կուտակի, իսկ հասարակ սպառողը դրա դիմաց վճարի»,- հարցրեցին լրագրողները:
«Ճիշտ եք ասում: Պե՞տք է որևէ մեքենա քշի, թե՞ ոչ: Դա կոչվում են ծախսեր: Արդյո՞ք ենթադրվում է, որ որևէ բաժանմունքի ղեկավար պետք է քշի «Լեքսուս: Պատասխանը հետևյալն է՝ եթե ուզում է քշել «Լեքսուս»` թող քշի, բայց միայն ընկերության շահույթի հաշվին: Իսկ հանձնաժողովը ծախսերը հաշվարկելիս ասում է՝ հաճելի է, որ դուք քշում եք «Լեքսուս», բայց ես կհաշվարկեմ սահմանված կարգով՝ եթե մեքենան արժի 12 հազար դոլար, ապա կհաշվարկվի 12 հազար: Այդ բոլոր քայլերը կատարվում են: Եթե դուք հայտը համադրեք ծախսերի հետ, ապա կտեսնեք իրական տարբերությունը: Դուք կարող եք մարզադաշտ կառուցել, իհարկե, կարող եք, բայց ոչ` սպառողի հաշվին»,- նշեց Դավիթ Հարությունյանը:
Հարցին, թե ինչո՞ւ ՀԷՑ-ում գողության վերաբերյալ կառավարությունը քրեական գործ չի հարուցում, նախարարը պատասխանեց. «Եթե խոսում ենք գողության մասին, յուրաքանչյուր նման կազմակերպություն ունենում է կորուստներ, որոնք հաշվարկվում են: Իսկ եթե խոսքը վերաբերում է ավելի մեծ կորուստներին, ապա դա սեփականատիրոջ գրպանից կատարվող գողություն է, ոչ թե` սպառողի: Եթե դուք մտածում եք սեփականատիրոջ մասին, ապա խնդրեմ` տվեք հաղորդում: Խոսքը վերաբերում է սեփական մի ընկերության, որի գրպանից գողանում են: Առաջին շահագրգիռ անձը պետք է լինի սեփականատերը: Մի բան ակնհայտ է՝ անթույլատրելի է, որ դա արվի սպառողի հաշվին»:
Հարցին, թե արդյո՞ք կառավարությունը շահագրգռված է հետաքննություն անցկացնել, որպեսզի ամեն տարի հոսանքի թանկացման առաջ չկանգնենք, Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ կա հանձնաժողով, որն ուսումնասիրում է գերկորուստները, որոնք երբեք սակագնի վրա չեն արտահայտվում, հանձնաժողովն էլ միշտ պնդել է, որ դա պետք է նվազի սեփականատիրոջ շահույթից: Դավիթ Հարությունյանը նշեց, որ ազգայնացում կարող է լինել, բայց ոչ վատ կառավարման պատճառով:
Հարցին` կթանկանա՞ հոսանքը, թե՞ ոչ, նախարարը պատասխանեց. «Ես պատասխան չունեմ, որովհետև այդ հարցի վերաբերյալ պատասխան պետք է տա ՀԾԿՀ-ն: Ես տեսնում եմ, որ աղավաղված կարծիք կա հասարակության մոտ, որ մեկն ասում է` «Լեքսուս» գնեց, ու մենք ենք վճարում մեր գրպանից, բայց` ոչ, մենք չենք վճարելու մեր գրպանից, դա վճարել է իր գրպանից սեփականատերը, այսինքն՝ իր շահույթի հաշվին: Անգամ եթե գողացված փողերով է այդ «Լեքսուսը» գնվել, դա իրենցից գողացված գումարով է, իր շահույթը մեկը գրպանել է և գնել է «Լեքսուս»՝ կա'մ պաշտոնապես, կա'մ ոչ պաշտոնապես»:
Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող հանրությանը, ապա նախարարն ասաց, որ հանրությունը միշտ իրավունք ունի ներկայացնելու իր դիրքորոշումը, և ադտեղ որևէ զարմանալի բան չկա:
«Պարզ է, որ ինչ-որ ժամանակահատվածում յուրաքանչյուր ծառայության գինն աճում է, այլ խնդիր է, որ անարդար է աճում, սխալ եղանակով, այդ դեպքում ես համաձայն եմ, ու այդ դեպքում ինձ թվում է` բողոքի ալիքը կլինի ավելի մեծ: Բայց ինչ վերաբերում է տարբեր գործոններին, որոնք բնական են, օրինակ՝ սակավաջուր տարի կամ ատոմակայանի անսպասելի երկար չաշխատելը, կարող է աճել»,- ասաց Հարությունյանը:
Ինչ վերաբերում է ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանի՝ նախորդ տարի արած հայտարարությանը, թե էլեկտրաէներգիայի սակագինը չի բարձրանա, Հարությունյանն ասաց, թե չգիտի՝ ինչ է ասել Նազարյանը բառացի, սակայն կարծում է, որ ոչ ոք չի կարող իմանալ՝ հայտ կլինի՞, թե՞ ոչ: Նա շեշտեց, որ նման հայտարարություն Նազարյանը կարող էր անել՝ նկատի ունենալով, որ ստանդարտ իրավիճակում թանկացում չի լինի: