Փոխարժեքներ
09 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով շարժումը բերելու է համազգային պայքարի՝ Yerkir.am-ի հաղորդմամբ՝ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում հրավիրած մամուլի ասուլիսում՝ պատասխանելով լրագրողների հարցերին։
«ՀՀ իշխանությունը օր առաջ գործողություններ պետք է ձեռնարկի, հակառակ դեպքում՝ ազգային մտածելակերպ ունեցող, սեփական ազգի արժանապատվությունը հարգող մարդիկ իրենց ուղղակի կքշեն»,-ասաց նա։
Հարցին՝ Դաշնակցությո՞ւնը կքշի, Մինասյանը պատասխանեց՝ Դաշնակցությունը ցանկացած պայքարի պատրաստ է։
ՀՅԴ ՀԵՄ նախաձեռնած՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով նստացույցին լրագրողներից մեկը քաղաքական այլ ուժի ներկայացուցչի էր նկատել․ Արծվիկ Մինասյանն ասաց՝ անկախ քաղաքական կողմնորոշումից՝ ազգային արժեքներ կրող անձինք, մտավորականները, ԵՊՀ տարբեր ֆակուլտետների ուսանողները․․․ շատերն են մասնակցում ՀՅԴ ՀԵՄ-ի նախաձեռնած շարժմանը, բայց դա չի նշանակում՝ ով խոսում է ազգայինի մասին, դաշնակցական է։
«Եթե այդ մտածողությունն է, մենք միայն ուրախ կլինենք։ Բայց իմացեք՝ այդ մարդկանց թիվը չափազանց շատ է, որոնք ազգային մտածողությունը կարևորում են, բայց դաշնակցական չեն»,-հավելեց Արծվիկ Մինասյանը։
Նա անթույլատրելի համարեց սեպարատիստական և կուսակցական մոտեցումները՝ ընդգծելով, որ ընդվզողները միայն դաշնակցական երիտասարդները չեն և հստակ է՝ սա հայ ինքնության պաշտպանության հարցն է։
«Եթե Նիկոլ Փաշինյանը պաշտպանում է Արայիկ Հարությունյանի՝ ազգային արժեքները ոտնահարող այս վարքագիծը, նույն գնահատականները իր հասցեին կհնչեցնենք։ Բայց այս պահի դրությամբ մենք ակնկալում ենք գոնե ողջամտություն, որ անձը, որը հայտնի է նաև իր նախորդ գործունեությամբ՝ ապազգային պահվածքը քաջալերելու և նաև ապազգային մերժված ուժին աջակցելու, այդ անձը չի կարող ուղղակի շարունակել իր գործունեությունը որպես Հայաստանը ներկայացնող և այն էլ ոչ ավել, ոչ պակաս՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնում»,-ընգծեց Արծվիկ Մինասյանը։
Նա հիշեցրեց նախարարի՝ ընդհանրապես հայերեն արտահայտվելու ձևը, որը լեզվի ամրապնդման հարցով քաղաքականություն իրականացնող պատասխանատուին վայել չէ և հետևություն արեց, որ նախարարը հակաօրինական ընթացքի մեջ է։
«Եթե լինեին իրավիճակային սխալներ, հնարավոր է՝ երիտասարդները չընդվզեին, բայց սա արժեհամակարգի հարց է, անձը չի կրում ազգային արժեհամակարգ, իր պահվածքով, մոտեցումներով ամբողջովին ապազգային ընթացքի մեջ է, ի՞նչը քննարկենք, եթե այդ մարդու էությունն է այդպիսին»,-ասաց նա։
Արծվիկ Մինասյանը վստահեցրեց,որ ՀՅԴ ԳՄ-ն շարժում սկսելու որոշում չի կայացրել՝ իրենց օգնությունն այն է եղել, որ չեն խանգարել, հակառակ որոշում չեն կայացրել, որովհետև դա կուսակցության արժեհամակարգին համընթաց պայքար է։
Իսկ Արայիկ Հարությունյանը և մյուսները, որոնք սա չեն պատկերացնում, ըստ Արծվիկ Մինասյանի՝ պատճառն այն է, որ չեն հասկանում՝ ինչ բան է գաղափարաբարոյական կենտրոնացումը և կազմակերպական ապակենտրոնությունը․ «Ուղղակի չեն պատկերացնում՝ ո՞նց կարող է կուսակացություն լինել, որը գաղափարաբար միասնական է, կազմակերպական՝ ըստ տվյալ ոլորտի՝ ինքնուրույնություն ունի․ դրանից ելնելով են շփոթմունքի մեջ»։
Նա ընդգծեց՝ Դաշնակցությունը ցանկացած այնպիսի տեղում է, որտեղ կա ազգայինը պաշտպանելու խնդիր՝ լինի ռազմի դաշտում, թե քաղաքացիական կյանքում։
Արծվիկ Մինասյանը խոսել է նաև ՀՅԴ ՀԵՄ ցուցարարների՝ իր իրերը հավաքելու համար տարած դատարկ արկղերը քրեական գործերով լցնելու մասին։
Ավելի վաղ Yerkir.am-ը հայտնել էր ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամներ Արծվիկ Մինասյանի, Աշոտ Սիմոնյանի և Տարոն Տոնոյանի մամուլի ասուլիսի հիմնական շեշտադրումները։
Աննա Բալյան