|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ գործարար Ռուբեն Վարդանյանը տեղափոխվել է Բաքվի Ումբակի բանտ։ Տեղեկությունը NEWS.am-ին հայտնել է «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» ղեկավար, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը՝ նշելով, որ այդ մասին տեղեկություն ունի Վարդանյանի ընտանիքից։
Ըստ Սահակյանի՝ Վարդանյանը Ազգային անվտանգության ծառայության ենթակայության տակ գտնվող քննչական մեկուսարանից տեղափոխվել է Արդարադատության նախարարության ենթակայության քրեակատարողական հիմնարկ։ Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ այդ նույն հաստատություն են տեղափոխվել նաև այլ հայ գերիներ։
ArmLur.am-ը, ստանալով այս տեղեկությունը, փորձեց հասկանալ՝ ինչ բանտային հաստատություն է Ումբակը և ինչ պայմաններ են այնտեղ։
Ադրբեջանական պաշտոնական աղբյուրների համաձայն՝ Ումբակի բանտային համալիրը նորակառույց է և շահագործման է հանձնվել 2023 թվականին։ Այն ներկայացվում է որպես միջազգային չափանիշներին համապատասխանող, խառը ռեժիմով բանտային հաստատություն, որը բաղկացած է երկու հատվածից՝ պատժի կրման հիմնարկից և նախաքննական մեկուսարանից։ Հիմնարկում պահվում են ծանր և այլ հանցագործությունների համար ազատազրկված դատապարտյալներ, իսկ մեկուսարանում՝ մեղադրյալներ։
Նույն աղբյուրների համաձայն՝ համալիրի ընդհանուր տարողունակությունը կազմում է շուրջ 1300 մարդ, կառուցված են 19 տարբեր ռեժիմով խցային կորպուսներ։ Պաշտոնական հաղորդագրություններով ընդգծվում է նաև, որ համալիրում ապահովված են պայմաններ քննիչների և փաստաբանների աշխատանքի համար, առկա են տեսազանգերի և տեսակոնֆերանսների միջոցով դատական նիստերին մասնակցելու հնարավորություններ։
Սակայն, ինչպես ընդգծում է Սիրանուշ Սահակյանը, նոր հաստատությունում հայ գերիների պահման պայմանների վերաբերյալ որևէ հավաստի տեղեկատվություն չկա։ Նրա խոսքով՝ բացակայում է թափանցիկությունը, ընտանիքի անդամներին նախապես չի տեղեկացվել տեղափոխման մասին, իսկ միջազգային կառույցների մոնիթորինգը փաստացի չի իրականացվում։
Սահակյանը նաև նշում է, որ ներկայումս տեղեկություններ չեն հրապարակվում գերիների առողջական վիճակի, բժշկական օգնության հասանելիության և ընդհանուր կենսապայմանների վերաբերյալ։ Նրա գնահատմամբ՝ ստեղծված տեղեկատվական վակուումը ինքնին լուրջ մտահոգության առիթ է։
Միաժամանակ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին մինչև օգոստոսի 31-ը տրամադրել գերիների դատավճիռները։ Իրավապաշտպանի խոսքով՝ անգամ այդ փաստաթղթերի չտրամադրումը չի կարող փակել միջազգային դատական ատյաններ դիմելու հնարավորությունը։