Միասին կարող ենք
կարևոր
895 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-28 13:22
Հասարակություն

Փարիզում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման արարողություն. ՀՀ կառավարությանը պատիվ չբերող վարքագիծ

Փարիզում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման արարողություն. ՀՀ կառավարությանը պատիվ չբերող վարքագիծ

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) Ազգային Գրասենյակը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) Ազգային Գրասենյակը իր դժգոհությունն է արտահայտում Ֆրանսիայի հայկական համայնքի մի շարք ներկայացուցչական անձանց՝ Խորհրդի համանախագահներ Արա Թորանյանին և Մուրադ Փափազյանին, Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Տ․ Գրիգոր եպիսկոպոս Խաչատրյանին և Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանին Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բացման արարողությանը մասնակցության հնարավորությունից զրկելու՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման վերաբերյալ:

Նման որոշումը մենք համարում ենք և որակում որպես ցավալի սխալ։

Դեսպանությունը ներկայացնում է հայկական պետությունը և, դրանից անդին, հայ ժողովրդին իր ողջ բազմազանությամբ։ Այն ամբողջ ազգի ընդհանուր տունն է, այն վայրը, որտեղ Հայաստանը ներկայանում է իր ամբողջականությամբ, բազմազանությամբ և արժանապատվությամբ՝ վեր կանգնելով պահի տարակարծություններից և կուսակցական հաշվարկներից։ 

Սահմանափակելով Ֆրանսիայի հայկական համայնքի ճանաչված ներկայացուցիչների մուտքը՝ ՀՀ կառավարությունը հեռանում է ազգի համախմբման իր կոչումից։ Նման վարքագիծը տարակուսանք է առաջացնում։

Զրկել Արա Թորանյանին և Մուրադ Փափազյանին, անձիք, որոնց անունները անքակտելիորեն կապված են Ցեղասպանության հիշողության, ճանաչման և հայ ժողովրդի արժանապատվության պաշտպանությանն ուղղված տասնամյակների պայքարի հետ, նշանակում է սահմանափակ ընկալում ունենալ սփյուռքի իրական դերի հարցում։ ՖՀՀԽ-ը /CCAF/ սովորական միավորում չէ․ այն Ֆրանսիայի հայերի հիմնական ներկայացուցչական կառույցներից մեկն է։ Ժողովրդավարորեն ընտրված ղեկավարներին զրկելը նշանակում է զրկել սփյուռքի կազմակերպված հատվածի զգալի մի մասի։

Զրկել Տ. Գրիգոր եպիսկոպոս Խաչատրյանին նշանակում է խորապես վիրավորել Հայ Առաքելական Եկեղեցուն՝ բազմադարյա մի հաստատության, որն անցել է կոտորածների, ցեղասպանության և ազգի սփռման միջով և մինչ օրս մնում է մեր ժողովրդի կարևոր հոգևոր հենասյուն։ Հիշեցնենք, ի դեպ, որ 1995 թվականից ի վեր հայ առաքելական եկեղեցին ներկայիս շենքն անվճար տրամադրում է ՀՀ Դեսպանությանը։

Զրկել Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանին նշանակում է բացասական ուղերձ հղել Ֆրանսիայի քաղաքական շրջանակներում հայրենի հողից վտարված, գաղթի հարկադրված և ամեն ինչից զրկված 120 000 արցախահայերի իրավունքների պաշտպանությանն ուղղված գործին։ Այն ժամանակ, երբ Արցախի հարցը բաց վերք է մնում համաշխարհային հայկական գիտակցության մեջ, այս քայլը ստանում է առանձնահատուկ ծանր հնչեղություն։ Այն պահանջում է պարզաբանումներ։ 

Պատմությունը կհիշի, որ Փարիզում իր դեսպանության նոր շենքի բացման երեկոյին Հայաստանի կառավարությունը նախընտրել է բացառման տրամաբանությունը՝ համախմբման փոխարեն, ինչը չի կարող չառաջացնել խորը հիասթափություն։ Նման կերպ չէ, որ ամրապնդում են Պետությունը։ Մենք հույս ենք հայտնում, որ պարզաբանում կտրվի ներկա իրավիճակին՝ հիմնված երկխոսության ոգու վրա։

Փարիզ, 28-ը ապրիլի 2026թ»։